Տպել
15.05.2014
Քննարկում Ազգային ժողովում
1 / 3

Մայիսի 15-ին Ազգային ժողովում՝ հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբում, տեղի ունեցավ «Հայ-ռուսական թատերական հարաբերությունների խնդիրները եւ զարգացման հեռանկարները» թեմայով քննարկում:  Քննարկմանը մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, թատրոնների ղեկավարներ, ռեժիսորներ, դերասաններ:  Հանդիպման մասնակիցները քննարկեցին հայ-ռուսական մշակութային կապերին, երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր: Այնուհետեւ նրանք անդրադարձան թատրոնի արդիական խնդիրներին:

ԱԺ պատգամավոր Հեղինե Բիշարյանը, ողջունելով թատերական գործիչներին ԱԺ-ում, նշեց, որ  առաջիկայում խորհրդարանին կներկայացվի «Թատրոնի եւ թատերական գործունեության մասին» օրինագիծը եւ հանդիպման նպատակն է քննարկել թատրոնի եւ նրա հետ սերտորեն առնչվող մարդկանց խնդրիներն ու կիսել նրանց մտահոգությունները:

ԱԺ  պատգամավոր Շուշան Պետրոսյանն անդրադարձավ մարզային թատրոնների խնդիրներին եւ մտահոգություն հայտնեց  հատկապես կադրերի պակասի հետ կապված. քիչ են այն դերասաններն ու ռեժիսորները, ովքեր ցանկություն ունեն աշխատելու ՀՀ եւ ԼՂՀ մարզային թատրոններում:

Պատգամավոր Կարինե Աճեմյանի մտահոգությունը կապված էր թատրոնի ադմինիստրատիվ գործունեության հետ, քանի որ նախկինում լինելով թատրոնի տնօրեն՝ հստակ պատկերացնում է, թե որքան մեծ աշխատանք է տարվում թատրոնը ճիշտ ղեկավարելու եւ  ձեռքբերումները պահպանելու համար: Քաջատեղյակ լինելով ոլորտին՝ նա կարեւորեց թատրոնի մասին օրինագծի ընդունումը:

ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը նույնպես կարեւորեց օրինագծի ընդունումը եւ անդրադարձավ երիտասարդ թատերական գործիչների խնդիրներին, որոնք պետության կողմից  աջակցության, խրախուսման կարիք ունեն:

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կարեւորեց օրինագծի ստեղծումը, քանի որ ոլորտը կարգավորելու խնդիրը վաղուց է ծագել:

Կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր Դավիթ Հակոբյանը ներկայացրեց այսօր թատրոնի առջեւ ծառացած խնդիրները: Նրա համոզմամբ՝ սոցիալական խնդիրները խանգարում են ստեղծագործական գործունեությանը:

Ստանիսլավսկու անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը նշեց, որ ժամանակն է՝ ունենալու թատրոնի եւ թատերական գործիչների շահերն ու հետաքրքրությունները պաշտպանող օրինագիծ: Նա խոսեց նաեւ թատրոնների ֆինանսավորման մասին :

Թատերական գործիչները նշեցին, որ խաթարվել է դպրոց-թատրոն կապը,  եւ դա մտահոգիչ է, քանի որ դպրոցականների այցելությունները թատրոն պակասել են, պակասել է պատանի հանդիսատեսը, որին թատրոնը դաստիարակում, կրթում էր:

Զրուցակիցները խոսեցին նաեւ մարզային թատրոնների խնդիրների մասին:

Հեղինե Բիշարյանն առաջարկեց ձեւակերպել բոլոր առաջարկություններն ու դիտարկումները եւ ներկայացնել օրինագծի հեղինակներին:

Հանդիպման մասնակիցներն առաջարկեցին հանդիպել այլ ձեւաչափով եւ քննարկել խնդիրներն ավելի հանգամանալից: