Տպել
12.05.2014
Չեխ պատգամավորները խորհրդարանում
1 / 2

Մայիսի 12-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը հանդիպեց Չեխիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավորների պալատի միջնորդությունների հարցերով հանձնաժողովի պատվիրակության հետ` Զուզկա Բեբարովա-Ռույբրովայի գլխավորությամբ:

Ողջունելով չեխ գործընկերներին՝ Հովհաննես Սահակյանը համոզմունք հայտնեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ հունվարին Չեխիայի Հանրապետություն կատարած պետական այցը նոր խթան հանդիսացավ հայ-չեխական բարեկամությունն ու համագործակցությունը զարգացնելու եւ խորացնելու առումով: Այս համատեքստում Հովհաննես Սահակյանն անհրաժեշտ համարեց խորհրդարանական փոխգործակցության հետագա զարգացումը երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով: Նա ներկայացրեց իր ղեկավարած հանձնաժողովի գործունեության ոլորտները, նշեց մեր երկրում քաղաքացիների իրավունքների պաշտպանության մեխանիզմներն ու հանրային պաշտպանություն իրականացնող կառույցները, ներկայացրեց տարբեր հարցերի կապակցությամբ հանրաքվեներ անցկացնելու վերաբերյալ ՀՀ օրենսդրությունը:

Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի միջնորդությունների հարցերով հանձնաժողովի նախագահը, ներկայացնելով իր ղեկավարած հանձնաժողովի գործունեությունը, նշեց, որ այն զբաղվում է կանանց եւ երեխաների, կրոնական եւ այլ փոքրամասնությունների, ազատազրկվածների իրավունքների պաշտպանությամբ: Նա նույնպես կարեւորեց միջխորհրդարանական հարաբերությունների խորացումը:

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ՝ Հովհաննես Սահակյանը հույս հայտնեց, որ Չեխիայի խորհրդարանն անմասն չի մնա եւ, որպես ժողովրդավարական երկիր, խնդրի վերաբերյալ իր վերաբերմունքը կարտահայտի:
 

Նույն օրը տեղի ունեցավ Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պատվիրակության եւ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հանդիպումը:

Հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը կարեւորեց խորհրդարանական համագործակցությունը՝ համոզմունք հայտնելով, որ այս հանդիպումը լավագույն հնարավորություն է երկու երկրների խորհրդարանների հանձնաժողովների միջեւ համագործակցություն սկսելու համար: Նա ներկայացրեց հանձնաժողովի կազմը, գործունեության ոլորտները եւ կատարած աշխատանքը:

Հյուրերի խնդրանքով հանձնաժողովի անդամներն անդրադարձան կանանց եւ տղամարդկանց հավասար հնարավորությունների ու հավասար իրավունքների ապահովմանը՝ նշելով, որ օրեցօր մեծանում է կանանց դերը հասարակական-քաղաքական կյանքում. այսօր Ազգային ժողովում 14 կին պատգամավոր կա: Նշվեց, որ Հայաստանում գործում են կանանց խնդիրներով զբաղվող մի շարք հասարակական կազմակերպություններ: Խոսելով արտաքին քաղաքականությունից՝ հանձնաժողովի անդամները կարեւորեցին ԵՄ-ի հետ համագործակցության շարունակականությունը եւ այդ հարցում եվրոպական երկրների աջակցությունը:

Կողմերն անդրադարձան նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի եւս:


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...