Տպել
23.04.2014
Էդուարդ Շարմազանովն ընդունեց Լիտվայի ազգային պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությանը
1 / 1

ԱԺ նախագահի պաշտոնակատար Էդուարդ Շարմազանովը ապրիլի 23-ին ընդունեց Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Յոուզաս Օլեկասի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը եւ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:

Էդուարդ Շարմազանովը գոհունակությամբ արձանագրեց, որ վերջին տարիներին նշանակալից առաջընթաց է արձանագրվել Հայաստան-Լիտվա հարաբերություններում, եւ հույս հայտնեց, որ ամեն ինչ կարվի երկկողմ հարաբերություններն էլ ավելի զարգացնելու համար: Նրա գնահատմամբ երկու պետություններին ու ժողովուրդներին ավելի են մերձեցնում արժեհամակարգային ընդհանրությունները. պատահական չէ, որ Լիտվան առաջինն է ճանաչել Հայաստանի անկախությունը, եւ մերձբալթյան երկրներից միակն է, որ ճանաչել է 1915 թ. Հայոց ցեղասպանությունը: Էդուարդ Շարմազանովը երկկողմ հարաբերությունների զարգացումը պայմանավորեց նաեւ ԵՄ-ին Լիտվայի անդամակցությամբ եւ Հայաստանի եվրաինտեգրման գործում ներդրած նրա ջանքերով: Նա հավաստիացրեց, որ Մաքսային միություն մտնելու Հայաստանի որոշումը աշխարհաքաղաքական իրողություններով ու ազգային շահերով է պայմանավորված, ինչը երբեք խոչընդոտ չի կարող լինել ԵՄ-Հայաստան երկխոսության համար:

Էդուարդ Շարմազանովը կարեւորեց հայ-լիտվական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը, պատգամավորական բարեկամական խմբերի ակտիվ համագործակցությունը: Նա շնորհակալություն հայտնեց Լիտվայի ղեկավարությանը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում ցուցաբերած հավասարակշռված մոտեցման եւ Մինսկի խմբի գործունեությանն աջակցելու համար:

Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ նաեւ Օսմանյան Թուրքիայի իրականացրած Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի միջոցառումներին՝ ասելով. «Մեր ժողովրդի հանդեպ գործած այդ ոճիրը պետք է սթափեցնի համայն մարդկությանը: Բոլորը պետք է ճանաչեն այն՝ նման եղեռնագործություններ թույլ չտալու համար: Ցեղասպանությունը չդատապարտելը գրեթե հավասարազոր է խրախուսելուն»:

Լիտվայի ազգային պաշտպանության նախարար Յոուզաս Օլեկասը խոսեց հայ-լիտվական հարաբերությունների զարգացման հնարավորությունների, հեռանկարների, մասնավորապես ռազմական համագործակցության մասին եւ հավաստիացրեց, որ Լիտվան հասկանում եւ սատարում է Հայաստանի խաղաղության ու կայունության ձգտումը եւ միշտ պատրաստ է աջակցելու Հայաստանի ժողովրդավարացմանն ու եվրաինտեգրմանը:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...