Տպել
27.03.2014
Բաց դաս Ազգային ժողովում
1 / 4

Մարտի 27-ին ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում խորհրդարան էին այցելել Երեւանի Արարատ Ղարիբյանի անվան համար 142 ավագ դպրոցի մի խումբ ուսուցիչներ եւ աշակերտներ:

Բաց դասը վարեց Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, ով աշակերտներին ներկայացրեց խորհրդարանի կառուցվածքը, օրենսդրական եւ ներկայացուցչական գործունեությունը: Նա պատմեց միապալատ եւ երկպալատ խորհրդարանների, համամասնական եւ մեծամասնական ընտրակարգերի, ՀՀ Ազգային ժողովի լիազորությունների, ԱԺ մշտական հանձնաժողովների գործունեության մասին:

Արտակ Դավթյանը սիրով պատասխանեց աշակերտներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին հանրակրթական դպրոցում կրեդիտային համակարգի ներդրմանը, հայոց լեզվի բուհական ընդունելության շտեմարաններին, մասնագիտական քոլեջներին, աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագիտություններին:

Բարձրդասարանցիներին հետաքրքրում էին նաեւ համաշխարհային քաղաքական վերջին զարգացումները, սիրիահայության հետ կապված խնդիրները:

Հանդիպման ավարտին ԱԺ նիստերի դահլիճում աշակերտները լուսանկարվեցին եւ զրուցեցին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ, ով հետաքրքրվեց այցելությունից եւ բաց դասից ստացած նրանց տպավորությամբ:

ԱԺ նախագահը խորհուրդ տվեց երեխաներին պահպանել եւ աշխուժացնել շփումը Ազգային ժողովի հետ՝ նրանց կրկին հրավիրելով խորհրդարան: