Տպել
27.03.2014
ԱԺ պատգամավորները հանդիպեցին ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության հետ
1 / 3

Մարտի 27-ին ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը, պատվիրակության անդամները եւ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպեցին ՆԱՏՕ ԽՎ-ի քաղաքական հարցերի հանձնաժողովի նախագահ Ժոզե Լելլոյի գլխավորած պատվիրակության հետ:

Ողջունելով հյուրերին՝ Կորյուն Նահապետյանը բարձր գնահատեց ՆԱՏՕ ԽՎ-ի հետ Ազգային ժողովի արդյունավետ համագործակցությունը ՀՀ զինված ուժերում ժողովրդավարական բարեփոխումների, քաղաքացիական վերահսկողության իրականացման առումով, կարեւորեց միջազգային խաղաղապահ առաքելությանը ՀՀ զինված ուժերի մասնակցությունը եւ հույս հայտնեց, որ Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը շարունակական կլինի:

ՆԱՏՕ ԽՎ-ի քաղաքական հարցերի հանձնաժողովի նախագահ Ժոզե Լելլոն կարեւորեց ՆԱՏՕ-Հայաստան համագործակցությունը, բարձր գնահատեց Հայաստանի ջանքերը ներպետական բարեփոխումների ու տարածաշրջանային անվտանգության գործում: Նրա տեղեկացմամբ՝ իրենց այցը երկրի իրավիճակին ու հնարավորություններին անմիջաբար ծանոթանալու նպատակ ունի, ինչը կամփոփվի մայիսին ՆԱՏՕ ԽՎ-ում ներկայացվելիք զեկույցում: Այդ նպատակով երկրի ղեկավար կազմի, տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների ու փորձագետների հետ բազմաթիվ հանդիպումներ են նախատեսվում: Նրա գնահատմամբ՝ իրենք ընկալումով են մոտենում Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին՝ պայմանավորված աշխարհաքաղաքական իրավիճակով եւ տարածաշրջանային զգայուն խնդիրներով, եւ փորձում աջակցել Հայաստանին:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին միջազգային անվտանգությանը, այդ հարցում ՆԱՏՕ-ի դերակատարությանը, տարածաշրջանային անվտանգության գործում Հայաստանի խաղաղարար ջանքերին եւ պաշտպանության ոլորտի խորհրդարանական օրակարգին առնչվող հարցեր: Այս համատեքստում հայ խորհրդարանականները կարեւորեցին Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը, անդրադարձան տարածաշրջանային անվտանգության եւ Հայաստանի շրջափակման խնդիրներին եւ մտահոգություն հայտնեցին սիրիական հայաբնակ Քեսաբ բնակավայրում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: