Տպել
27.02.2014
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ
1 / 6

Փետրվարի 27-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ :

Ողջունելով Վրաստանի նախագահին  Ազգային ժողովում ` ՀՀ ԱԺ նախագահը համոզմունք հայտնեց , որ նրա  պաշտոնական այցը Հայաստան  կխորացնի երկու երկրների  միջեւ բազմակողմ համագործակցությունը  եւ կամրապնդի ժողովուրդների բազմադարյան բարեկամությունը: Հովիկ Աբրահամյանի խոսքով`  2013թ. ընթաքցում հայ-վրացական հարաբերություններում արձանագրված ինտենսիվ երկխոսությունը հնարավորություն ընձեռեց որակական նոր մակարդակի բարձրացնել փոխգործակցությունը, ինչն իր հերթին  լայն հնարավորություններ է ստեղծում երկկողմ եւ բազմակողմ  համագործակցության համար: ԱԺ նախագահը կարեւոր համարեց միջխորհրդարանական համագործակցության հետագա  խորացումը` այս համատեքստում բարձր գնահատելով խորհրդարանական դիվանագիտության նշանակությունը երկկողմ  եւ բազմակողմ հարաբերությունների ամրապնդման գործում:

Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` Հովիկ Աբրահամյանը շեշտեց, որ Հայաստանը կարեւորում է Հարավային Կովկասի անվտանգությունը , խաղաղությունը եւ կայուն զարգացումը, իսկ հակամարտությունների կարգավորումը տեսնում է միայն քաղաքական ուղիներով, բանակցությունների արդյունքում:

Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար` Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին  նշեց, որ Վրաստանը կարեւորում է  բարեկամ Հայաստանի հետ տարբեր ուղղություններով համագործակցության զարգացումը եւ խորացումը: «Մենք շահագրգիռ ենք, որ տարածաշրջանում լինի խաղաղություն եւ կայունություն»,- ասաց Վրաստանի նախագահը:  Նրա խոսքով` Վրաստանը  կողմնակից է  բարիդրացիական հարաբերություններ  պահպանել բոլոր հարեւանների հետ` հանուն Հարավային Կովկասի զարգացման: Գիորգի Մարգվելաշվիլին կարեւոր համարեց միջխորհրդարանական կապերի հետագա զարգացումը` գոհունակությամբ փաստելով, որ դրանք լավ հիմքերի վրա են դրված:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս, կարեւորեցին համագործակցությունը միջազգային կառույցներում:

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին գրառում կատարեց ԱԺ պատվավոր հյուրերի գրքում եւ Հովիկ Աբրահամյանի ուղեկցությամբ շրջեց Ազգային ժողովում, եղավ նիստերի դահլիճում: