Տպել
20.12.2013
Խորհրդարանական լսումներ
1 / 5

Դեկտեմբերի 20-ին ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովը ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Ազգային ժողովին աջակցման ծրագրի հետ համատեղ կազմակերպել էր խորհրդարանական լսումներ՝ ՀՀ-ում «Բժշկական շարունակական մասնագիտական զարգացման» համակարգի ներդրման անհրաժեշտության վերաբերյալ: Լսումներին մասնակցում էին ՀՀ ԱԺ պատգամավորներ, համապատասխան նախարարությունների, հասարակական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, բժշկական մասնագիտական ասոցիացիաների նախագահներ եւ անդամներ: ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ողջունելով ներկաներին, խոսեց ՀՀ-ում բժշկական օգնության եւ սպասարկման բնագավառում բուժանձնակազմի մասնագիտական կրթության եւ շարունակական մասնագիտական զարգացման գործընթացների եւ համակարգի ներդրման անհրաժեշտության մասին: Նա նշեց, որ շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) գործընթացները գտնվում են առողջապահական համակարգի զարգացման հիմքում ու հանդիսանում են առողջապահական որակյալ ծառայությունների մատուցման կարեւոր բաղադրիչ եւ նախապայման: Բժշկական ՇՄԶ գործընթացի նպատակն է բարելավել եւ զարգացնել բուժաշխատողի աշխատանքային կատարողականությունը, գիտելիքների, հմտությունների կիրառումը մասնագիտական ողջ կյանքի ընթացքում:

ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Ազգային ժողովին աջակցման ծրագրի փորձագետ Մուրադ Կիրակոսյանը ներկայացրեց ՇՄԶ մոտեցումները զարգացած երկրներում: Ըստ փորձագետի՝ 1998 թ. Միացյալ Թագավորությունում կիրառության մեջ դրվեց ՇՄԶ եզրույթը, իսկ 2001 թ.-ին Բժշկական մասնագետների եվրոպական միությունը ընդունեց Բազելի դեկլարացիան: Եվ այսօր եվրոպական երկրների թվում ՇՄԶ գործընթացների առումով առաջատար դիրք է գրավում Միացյալ Թագավորությունը, որի օրենսդրությունը սահմանել է պահանջներ ոչ միայն բժիշկների մասնագիտական գիտելիքների եւ հմտությունների, այլեւ նրանց մասնագիտական գործունեության համարյա բոլոր ասպեկտների վերաբերյալ: Մուրադ Կիրակոսյանը մանրամասնորեն ներկայացրեց Եվրոպայում եւ ԱՄն-ում կիրառվող ՇՄԶ միջոցառումների տեսակները եւ դրանց կիրառումը:

ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Արա Տեր-Գրիգորյանը, խոսելով ՇՄԶ համակարգի ներդրման անհրաժեշտության մասին, ներկայացրեց բժշկական շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրերի ստացման կարգը եւ կրեդիտները, որոնք հիմնված են տեսական գիտելիքների զարգացման, գործնական հմտությունների զարգացման եւ ինքնակրթության վրա: Ըստ փորձագետի՝ մասնագետը 5 տարվա ընթացքում կլրացնի կրեդիտների անհրաժեշտ քանակը եւ կստանա հավաստագիր՝ հնարավորություն ստանալով շարունակելու իր մասնագիտական գործունեությունը: Արա Տեր- Գրիգորյանի խոսքով՝ նոր համակարգի ներդրումը կպահանջի փոփոխություններ եւ լրացումներ իրականացնել «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» եւ  մի շարք  ՀՀ  օրենքներում:

ՌԴ ԱՆ կից Շարունակական բժշկական կրթության խորհրդի անդամ, Բժշկական օգնության որակի եւ բժշկական կրթության մասնագիտական միությունների ասոցիացիայի փոխնախագահ Զալիմ Բալկիզովը ներկայացրեց ՇՄԶ մոտեցումները եւ սկզբունքները ՌԴ-ում:  Ըստ զեկուցողի՝ ուսումնասիրելով համակարգը ներդրած երկրների փորձը՝ 2013 թ. դեկտեմբերի մեկից ՌԴ  12 ռեգիոններ, 13 բուհեր եւ 16 բժշկական կազմակերպություններ կներդնեն ՇՄԶ համակարգը՝ կարեւորելով մասնագիտական զարգացման դերը բժշկության ասպարեզում:

Հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը պատասխանեց ոլորտի պատասխանատուներին, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերին:

  
  
 


20.12.2013
Ազգային ժողովը սկսեց արտահերթ նստաշրջանի աշխատանքը
ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 20-ին ՀՀ Ազգային ժողովը գումարեց արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը քվեարկության դրեց արտահերթ նստաշրջանի անցկացման հատուկ ընթացակարգի եւ մի շա...