Տպել
06.12.2013
Հանդիպումներ Հնդկաստանի խորհրդարանում
1 / 9

Հնդկաստանի Հանրապետություն պաշտոնական այցի երկրորդ օրը՝ դեկտեմբերի 6-ի առավոտյան, տեր եւ տիկին Աբրահամյանները եւ ԱԺ նախագահի գլխավորած պաշտոնական պատվիրակության անդամները այցելեցին Ռաջգաթ, որտեղ ծաղկեպսակ դրեցին Մահաթմա Գանդիի հուշարձանին: Հովիկ Աբրահամյանը գրառում կատարեց պատվավոր հյուրերի գրքում:

Այնուհետեւ ՀՀ ԱԺ պատվիրակությունը մեկնեց Հնդկաստանի Հանրապետության խորհրդարան, որտեղ ԱԺ պաշտոնական պատվիրակությունը հանդիպեց Ժողովրդական պալատի նախագահ Մեյրա Կումարի հետ :

Ողջունելով եւ շնորհակալություն հայտնելով Հովիկ Աբրահամյանին իր հրավերը ընդունելու եւ Հնդկաստան պաշտոնական այց կատարելու համար` տիկին Կումարը համոզմունք հայտնեց, որ ԱԺ նախագահի այցը էլ ավելի կխթանի երկկողմ քաղաքական եւ միջխորհրդարանական կապերի զարգացումը: «Հնդկաստանը բարձր է գնահատում Հայաստանի եւ հայ ժողովրդի հետ դարերի խորքից եկող բարեկամական հարաբերությունները: Վստահ եմ , որ Ձեր այցը կնպաստի ոչ միայն երկու երկրների քաղաքական հարաբերությունների ամրապնդմանը, այլեւ նոր լիցք կհաղորդի առեւտրատնտեսական կապերին, որտեղ չօգտագործված մեծ ներուժ կա»,- ասաց Հնդկաստանի խորհրդարանի նախագահը: Նա անհրաժեշտ համարեց փոխգործակցության զարգացումը բարձր տեխնոլոգիաների, կրթության, գիտության, առողջապահության, զբոսաշրջության եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում: Նա վստահություն հայտնեց, որ հնդկական ձեռնարկությունները եւ հնդիկ գործարարները հետաքրքրված են ներդրումներ կատարելու Հայաստանում: Տիկին Կումարը շնորհակալություն հայտնեց ՄԱԿ-ում եւ միջազգային այլ կառույցներում աջակցության եւ համագործակցության համար:

Շնորհակալություն հայտնելով հրավերի եւ ջերմ ընդունելության համար` Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում Հնդկաստանի հետ հարաբերությունները: Նրա համոզմամբ` միջխորհրդարանական համագործակցությունը, որը գտնվում է բարձր մակարդակի վրա, երկու պետությունների միջեւ հարաբերությունների կարեւոր օղակներից մեկն է: ԱԺ նախագահը կարեւորեց բարեկամական խմբերի գործունեությունը, որը մեծապես կնպաստի երկու երկրների խորհրդարանների հարաբերությունների խորացմանն ու ամրապնդմանը: Հովիկ Աբրահամյանը նույնպես անհրաժեշտ համարեց առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացումը, համագործակցության խորացումը մի շարք ոլորտներում: Տիկին Կումարը հավաստիացրեց պարոն Աբրահամյանին, որ Հնդկաստանի խորհրդարանում առաջիկայում նույնպես կստեղծվի Հայաստանի խորհրդարանի հետ բարեկամության խումբ:

Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձան տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հիմնահարցին, հայ-թուրքական հարաբերություններին: Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ 2015թ. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է, եւ նշեց, որ այդ առիթով ակնկալում է Հնդկաստանի խորհրդարանի գնահատականը: Ժողովրդական պալատի նախագահը նշեց, որ այդ հարցը շատ զգայուն հարց է, սակայն Հնդկաստանի խորհրդարանը միշտ իր վերաբերմունքն արտահայտում է մարդկության դեմ ոճրագործությունների նկատմամբ: Նա վստահեցրեց, որ քաղաքական խորհրդակցություններ եւ քննարկումներ կանցկացնի իր գործընկերների հետ` համոզմունք հայտնելով, որ Հնդկաստանի խորհրդարանը կարձագանքի:

ԱԺ նախագահը տիկին Կումարին պաշտոնական այցով հրավիրեց Հայաստան. հրավերը սիրով ընդունվեց: Հովիկ Աբրահամյանը գրառում կատարեց պատվավոր հյուրերի գրքում:

ԱԺ նախագահը եւ պատվիրակության անդամները շրջայց կատարեցին խորհրդարանի շենքում, այցելեցին խորհրդարանի թանգարան:

Նույն օրը Հնդկաստանի խորհրդարանում ԱԺ նախագահը եւ պատվիրակության անդամները հանդիպում ունեցան Հնդկաստանի խորհրդարանի ընդդիմության ղեկավար տիկին Սուշմա Սվարաջիի հետ: Նշենք, որ Հնդկաստանի խորհրդարանի արարողակարգով պաշտոնական այց կատարած հյուրերը հանդիպում են ունենում ընդդիմադիր քաղաքական ուժերի ղեկավարի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկու խորհրդարանների համագործակցության զարգացմանը վերաբերող եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Տիկին Սվարաջին ներկայացրեց Հնդկաստանի խորհրդարանի կազմը, կառուցվածքը, գործունեությունը, քաղաքական ուժերի հարաբերակցությունը: Նշեց, որ խորհրդարանում գործում է 24 մշտական հանձնաժողով. 16-ը` Ժողովրդական պալատում, 8-ը` Սենատում: Ամենամեծ ընդդիմադիր խմբակցության ղեկավարը դառնում է ընդդիմադիր ուժերի ղեկավար եւ ունի մեծ լիազորություններ:

ԱԺ նախագահը եւ պատվիրակության անդամները ներկայացրին Հայաստանի Ազգային ժողովի գործունեությունը, կառուցվածքը: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումներ է իրականացրել բազմազան ոլորտներում եւ ժողովրդավարության զարգացման առումով առաջատար դիրքեր է զբաղեցնում տարածաշրջանում:

Տեղեկացնենք, որ այսօր Նելսոն Մանդելայի մահվան կապակցությամբ Հնդկաստանում սուգ էր հայտարարված, եւ Հնդկաստանի խորհրդարանի երկու պալատների լիագումար նիստերը չկայացան:

Օրվա վերջում ԱԺ նախագահը հարցազրույց տվեց Լոկ Սաբհայի հեռուստատեսությանը: