Տպել
03.12.2013
ԱԺ բաց դասին մասնակցեցին Հյուսիսային համալսարանի ուսանողները
1 / 4

Դեկտեմբերի 3-ին տեղի ունեցավ հերթական բաց դասը: Հյուսիսային համալսարանի դասախոսներին եւ ուսանողներին ողջունեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նա կարեւորեց նման հանդիպումները, հասարակության շփումները պատգամավորների հետ: Պարոն Աբրահամյանի խոսքով` խորհրդարանը բազմակարծության ամբիոն է, եւ ուսանողների մասնակցությունը ԱԺ աշխատանքին յուրօրինակ փորձառություն կհաղորդի յուրաքանչյուրին իր ընտրած մասնագիտության մեջ: Հովիկ Աբրահամյանը հորդորեց ուսանողներին արդյունավետ օգտագործել ուսումնառության տարիները, զինվել գիտելիքներով՝ արագ փոփոխվող աշխարհում իրենց ուրույն տեղն ունենալու համար: ԱԺ նախագահը խոստացավ առաջիկայում այցելել Հյուսիսային համալսարան՝ տեղում ծանոթանալու բուհի խնդիրներին:

Այնուհետեւ բաց դասը շարունակեց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը: Նա ներկայացրեց ԱԺ կառուցվածքը, երկրի մայր օրենքով օրենսդիր բարձրագույն մարմնին վերապահված լիազորությունները, ԱԺ մշտական հանձնաժողովների ձեւավորման կարգը՝ շեշտը դնելով իր ղեկավարած հանձնաժողովի գործունեության ոլորտների վրա:

Այս բաց դասի ընթացքում եւս հնչեցին բազմաթիվ հարցեր, որոնց Արտակ Դավթյանը տվեց սպառիչ պատասխաններ: Ջերմ ու անկեղծ ընդունելության համար դասախոսներն ու ուսանողները շնորհակալական խոսքեր ասացին: