Տպել
06.11.2013
Աշխատանքային հանդիպում հանձնաժողովում
1 / 1

Նոյեմբերի 6-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում կազմակերպվել էր աշխատանքային հանդիպում՝ կառավարության կողմից ներկայացված «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի նախագիծը քննարկելու նպատակով: Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Քննարկումները ծավալվեցին օրենքում օգտագործվող «գենդեր, գենդերային» հասկացությունների շուրջ: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը նշեց, որ «գենդեր» սահմանումը տրվել է՝ հիմքում ունենալով ԱՊՀ մասնակից պետությունների մոդելային օրենքը, որն ընդունվել է 2005 թ. միջպառլամենտական 26-րդ նիստում: Ըստ այդմ՝ գենդերը կանանց եւ տղամարդկանց միջեւ հարաբերությունների սոցիալական հայեցակարգ է, որն արտահայտվում է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, ներառյալ՝ քաղաքականությունը, տնտեսությունը, իրավունքը, մշակույթը, կրթությունը, գիտությունը, առողջապահությունը եւ այլն: Պարոն Բերիկյանը նշեց, որ Ազգային ժողովի կողմից 2013 թ. մայիսի 20-ին ընդունված օրենքը չի հակասում ՀՀ Սահմանադրությանը եւ դրանից բխող այլ իրավական ակտերին, մասնավորապես ՀՀ Ընտանեկան օրենսգքրին եւ «ՀՀ կրթության մասին» օրենքին:

Քննարկումների ընթացքում ԱԺ պատգամավորները, կառավարության ներկայացուցիչները եւ ոլորտի պատասխանատուները անդրադարձան օրինագծի վիճահարույց կետերին:

Հանդիպման ավարտին հանձնաժողովի անդամ Ալեքսանդր Արզումանյանը նշեց, որ հանձնաժողովը պատրաստ է օրենքի «գենդեր, գենդերային» սահմանումներում որոշակի փոփոխություններ առաջարկել: Օրենքին դեմ արտահայտվողները խոստացան գրավոր առաջարկներ եւ դիտողություններ ներկայացնել հանձնաժողովին եւ կառավարությանը: