Տպել
17.09.2013
Հանդիպում Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամների հետ
1 / 1

Սեպտեմբերի 17-ին Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Արտակ Դավթյանը, անդամներ Կարինե Պողոսյանը, Շիրակ Թորոսյանը, Միքայել Մելքումյանը եւ Թեւան Պողոսյանը հանդիպեցին Բեռլինի Հումբոլդտի համալսարանի գիտնականների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-գերմանական կրթական եւ մշակութային կապերի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր:

Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամները պատրաստակամություն հայտնեցին աջակցելու կրթական այն ծրագրերի իրականացմանը, որոնք միտված կլինեն հայ-գերմանական կապերի առավել զարգացմանը եւ խորացմանը: Կարեւորվեց հայաստանցի ուսանողներին եւ երիտասարդներին իրենց փորձառությունը Գերմանիայի Բունդեսթագում անցկացնելու հնարավորություն ընձեռող ծրագիրը: Նշվեց, որ առաջիկայում գերմանացի ուսանողները եւս հնարավորություն կունենան այդ ծրագրի շրջանակներում այցելել Հայաստանի խորհրդարան: Բարեկամական խմբի անդամներն անդրադարձան Հայաստանում Գերմանական համալսարանի բացման կարեւորությանը:

Գերմանացի գիտնականները տեղեկացրին, որ Հումբոլդտի համալսարանը Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի հետ քրեական իրավունքի ասպարեզում իրականացնում է գիտակրթական ծրագիր եւ նպատակ ունի այլ կրթական հաստատությունների հետ եւս ծրագրեր սկսելու: Նրանք կարեւորեցին երկու երկրների կրթական հաստատությունների միջեւ համագործակցության խորացումը, նոր ծրագրերի իրականացումը:

Հանդիպմանը քննարկվեցին այլ հարցեր եւս: