Տպել
17.06.2013
Աժ հանձնաժողովների նիստերում
1 / 2

Հունիսի 17-ին նիստեր գումարեցին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի եւ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովները:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց երկու համաձայնագրի, որոնք կընդգրկվեն ԱԺ հունիսի 17-ին հրավիրված արտահերթ նստաշրջանի օրակարգում:

2013 թվականի մայիսի 17-ին ստորագրված «ՀՀ եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ «Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման ծրագիր» համաձայնագիրը պատգամավորների գնահատմանը ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը: Համաձայնագրով նախատեսվում է, որ Միջազգային զարգացման ընկերակցությունը Հայաստանին կտրամադրի 45 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ, որի մարման ժամկետը 25 տարի է, արտոնյալ ժամկետը՝ 5 տարի: Վարկի տարեկան տոկոսադրույքը 1.25 տոկոս է, կվճարվի նաեւ պարտավճար, որի առավելագույն չափը կազմում է տարեկան 0.5 տոկոս: Ծրագրի շրջանակներում որոշ տարիքային խմբերում կիրականացվեն ոչ վարակիչ հիմանդությունների՝ սիրտանոթային, շաքարային դիաբետ, ուռուցքաբանական որոշ հիվանդությունների վաղ հայտնաբերմանն ու կանխարգելմանն ուղղված աշխատանքներ, կիրականացվեն նաեւ բուժանձնակազմերի վերապատրաստումներ:

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանի ներկայացմամբ հանձնաժողովը քննարկեց «ՀՀ եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Ոռոգման համակարգի բարելավման ծրագիր» փոխառության համաձայնագիրը, որը ստորագրվել է 2013 թվականի մայիսի 29-ին:Ըստ համաձայնագրի՝ Վերակառուցման եւ զարգացման բանկը Հայաստանին կտրամադրի 30 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով փոխառություն, 25 տարի մարման ժամկետով, որից արտոնյալ է 10 տարին:

Նույն օրը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը Արտակ Զաքարյանի նախագահությամբ քննարկեց Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ 2013 թվականի մայիսի 17-ին ստորագրված «Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման ծրագիր» ֆինանսավորման համաձայնագիրը, որը ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը: Ըստ հիմնական զեկուցողի՝ համաձայնագրով իրականացվող ծրագրի նպատակն է բարելավել մոր եւ մանկան առողջության ծառայությունները, նպաստել առանձին ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը եւ վաղ հայտնաբերմանը:

Պատգամավորները քննարկեցին նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ 2013 թվականի մայիսի 29-ին ստորագրված «Ոռոգման համակարգի բարելավման ծրագիր» փոխառության համաձայնագիրը, որը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը: Նա նշեց, որ համաձայնագրի նպատակն է կրճատել էլեկտրաէներգիայի սպառումը եւ բարելավել ոռոգման ջրի տեղափոխման արդյունավետությունն ընտրված ոռոգման համակարգերում:

Քննարկված համաձայնագրերը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվեն ԱԺ առաջիկա արտահերթ նստաշրջանի օրակարգում: