Տպել
14.06.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Քուվեյթի դեսպանին
1 / 2

Հունիսի 14-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Քուվեյթի Պետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ ալ-Քաբանդիին:

Դեսպանը խորհրդարանի նախագահին փոխանցեց Քուվեյթի Ազգային ժողովի նախագահ Ալի Ֆահադ ալ-Ռաշիդի պաշտոնական այցով Քուվեյթ այցելելու հրավերը:

Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց հրավերի համար եւ հավաստեց, որ 2013 թ. ընթացքում կծրագրի պաշտոնական այցով լինելու Քուվեյթում: Նա վստահություն հայտնեց, որ այցը արդյունավետ կլինի եւ կնպաստի երկու երկրների միջեւ հարաբերությունների հետագա զարգացմանը: Պարոն Աբրահամյանը դեսպանի միջոցով իր շնորհակալությունը ու բարեմաղթանքները փոխանցեց Քուվեյթի խորհրդարանի նախագահին: Նրա համոզմամբ` Ալի Ֆահադ ալ-Ռաշիդի պաշտոնական այցը Հայաստան մեծապես նպաստեց երկկողմ համագործակցության խորացմանը եւ գործակցության նոր եզրեր նախանշելու հնարավորություն ընձեռեց: Նշելով, որ Քուվեյթը հանդիսանում է կապիտալի արտահանման ու ներդրումային լուրջ քաղաքականություն ծավալող երկիր` Հովիկ Աբրահամյանն ասաց, որ Քուվեյթի խորհրդարանի նախագահի այցի ընթացքում քննարկվել են նաեւ այս բնագավառում համագործակցություն ծավալելու հեռանկարները:

Դեսպան Բասսամ Մուհամմադ ալ-Քաբանդին նշեց, որ Քուվեյթի խորհրդարանի նախագահի պաշտոնական այցը Հայաստան նպաստել է երկու երկրների հարաբերությունների խորացմանը եւ դրական մեծ արձագանք է ստացել իր երկրում: Նա համոզմունք հայտնեց, որ Հովիկ Աբրահամյանի այցը եւս մեկ կարեւոր քայլ կլինի հայ-քուվեյթյան քաղաքական եւ տնտեսական հարաբերությունները զարգացնելու գործում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարեւորեցին տարբեր ոլորտներում հայ-քուվեյթյան հարաբերությունների հետագա զարգացումը, միջխորհրդարանական կապերի խորացումը, քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: