Տպել
04.02.2013
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
1 / 1
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, փոխնախագահ Ալեքսանդր Արզումանյանը, հանձաժողովի անդամներ Թեւան Պողոսյանը եւ Էդմոն Մարուքյանը փետրվարի 4-ին հանդիպեցին Բահրեյնի Թագավորության խորհդարանի Բահրեյն-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակության հետ:

Ողջունելով հյուրերին՝ հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը կարեւորեց խորհրդարանականների դերակատարությունը երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ կապերի զարգացման ու ամրապնդման գործում:

Հանդիման ժամանակ անդրադառնալով Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող գործընթացներին եւ հայ-թուրքական հարաբերություններին՝ կողմերը կարեւորեցին տարածաշրջանային խաղաղության իրենց ձգտումը: Արտակ Զաքարյանը նշեց, որ հայերը եւս բահրեյնցիների նման խաղաղասեր ժողովուրդ են եւ ցանկանում են հարեւան երկրների հետ ունենալ լավ հարաբերություններ:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Բահրեյնի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Հասան Իյադ Բու Խամասը նշեց, որ Բահրեյնը ցանկանում է ամրապնդել Հայաստանի հետ հաստատված բարեկամական հարաբերությունները: Պատվիրակության ղեկավարը տեղեկացրեց, որ Բահրեյնը փոքր կղզի է, սակայն մի քանի ոլորտներում լուրջ զարգացում է գրանցել: Հասան Իյադ Բու Խամասը կարեւորեց երկու երկրների միջեւ տնտեսական ու առեւտրական հարաբերությունների զարգացումը եւ խորացումը:

Երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում կողմերը կարեւորեցին փոխադարձ այցելություններն ու շփումները:

Հանդիպման ժամանակ զրուցակիցներն անդրադարձան նաեւ ՀՀ նախագահական ընտրություններին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին եւ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին: Ըստ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսանդր Արզումանյանի՝ Ադրբեջանի կողմից Արաբական պետությունների լիգայի եւ Իսլամական կոնֆերանսի շրջանակներում ԼՂ հարցի հաճախակի արծարծումը կարող է ոչ միայն խոչընդոտել խնդրի խաղաղ կարգավորումը, այլեւ վտանգավոր երանգ հաղորդել հակամարտությանը: Ալեքսանդր Արզումանյանը հյուրերին վստահեցրեց, որ հարցը որեւէ կրոնական նրբերանգ չի պարունակում:

Հանդիպման ժամանակ անդրադարձ եղավ նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: