Տպել
30.10.2012
ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է Միջխորհրդարանական միության վեհաժողովին
1 / 2

Հոկտեմբերի 21-26-ը Կանադայի Քվեբեկ քաղաքում կայացած Միջխորհրդարանական միության 127-րդ վեհաժողովի աշխատանքներին մասնակցել է նաեւ ՀՀ ԱԺ պատվիրակությունը: Հոկտեմբերի 30-ին ՀՀ Ազգային ժողովում հրավիրված մամուլի ասուլիսում պատվիրակության ղեկավար Կարեն Ճշմարիտյանը եւ անդամ Հեղինե Բիշարյանը ներկայացրեցին վեհաժողովի աշխատանքների արդյունքները:

Վեհաժողովում, որին մասնակցել է շուրջ 2000 պատվիրակ 130 երկրների խորհրդարաններից, քննարկվել են «Քաղաքացիությունը, ինքնությունը, լեզվական ու մշակութային բազմազանությունը գլոբալացված աշխարհում» եւ «Գենդերային գործոնը հաշվի առնող խորհրդարանները» հարցերը: Առաջին հարցի քննարկման ժամանակ ելույթ է ունեցել Հեղինե Բիշարյանը եւ անդրադարձել Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Ի. Ալիեւի ելույթին, որում վերջինս գովաբանել է Ադրբեջանի վարած քաղաքականությունը ազգային փոքրամասնությունների նկատմամբ եւ հայտարարել, թե Ադրբեջանում ապրում է 30 հազար հայ, իսկ երկրի 20 տոկոսն էլ գրավել են հայկական ուժերը: Տիկին Բիշարյանը վեհաժողովի մասնակիցներին տեղեկացրել է այդ երկրի վարած քաղաքականության,Հունգարիայի իշխանությունների կողմից մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնման, վերջինիս կողմից ոճրագործին հերոսացման, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության, սփյուռքի մեր հայրենակիցների մասին:

Հեղինե Բիշարյանը նշեց, որ իր ելույթից հետո իրեն է մոտեցել Հունգարիայի պատվիրակության անդամ ընդդիմադիր պատգամավորը եւ ներողություն խնդրելով հունգար ժողովրդի անունից՝ տեղեկացրել, որ իրենց պատվիրակության ղեկավարը ցանկություն ունի հանդիպելու հայկական պատվիրակության հետ: Կայացած հանդիպման ժամանակ հունգարական պատվիրակության ղեկավար Լասլո Հորվաթը, ով երկու տարի առաջ հյուրընկալվել էր Հայաստանում, նույնպես ներողություն է խնդրել մարդասպանի արտահանձնման համար եւ առաջարկել, որ պատգամավորների փոխայցելությունների մակարդակով փորձեն վերականգնել Հունգարիայի եւ Հայաստանի դիվանագիտական հարաբերությունները: Այս հարցի առնչությամբ պատվիրակության ղեկավար Կարեն Ճշմարիտյանը նկատեց, որ սառեցված դիվանագիտական հարաբերությունների վերականգնում դեռեւս չի նախատեսվում, քանի որ այն իր ընթացակարգերն ունի:

Պատվիրակության անդամները տեղեկացրեցին, որ Կարեն Ճշմարիտյանը Միջխորհրդարանական միության կազմում գործող վեց աշխարհաքաղաքական խմբերից մեկի՝ Եվրասիայի ներկայացմամբ ընտրվել է Գործադիր կոմիտեի անդամ եւ Միության փոխնախագահ:

Գործադիր կոմիտեի նիստում մերժվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի գրավոր խնդրանքը՝ 2014 թվականին Միջխորհրդարանական միության հերթական վեհաժողովն իրենց երկրում անցկացնելու մասին: Մերժմանը, ըստ հայկական պատվիրակության անդամների, նպաստել է նաեւ մեր պատգամավորի ելույթը, որում ներկայացվել են տարածաշրջանային խնդիրներն ու Ադրբեջանի վարած իրական քաղաքականությունը:  
 


30.10.2012
Հանդիպումներ Պրահայում
Հոկտեմբերի 30-ին պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Չեխիայի Հանրապետության Սենատի նախագահ Միլան Շտեխի հետ: Շնորհակալություն հայտնելով հրավերի եւ ջերմ ընդունելության համար` Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց Չեխիայի Հանրապետության ժողովրդին եւ Սենատ...

30.10.2012
Խորհրդարանի մշտական հանձնաժողովներում սկսվեցին ՀՀ 2013 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները
Հոկտեմբերի 30-ին խորհրդարանը մշտական հանձնաժողովների համատեղ նիստում սկսեց «Հայաստանի Հանրապետության 2013 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները: Նիստը վարող՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը մինչ քննարկումներն սկսելը տեղեկացրե...