Տպել
09.10.2012
ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ասուլիսը
1 / 3

Հոկտեմբերի 9-ին տեղի ունեցավ ԵԽԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության մամուլի ասուլիսը, որին մասնակցում էին պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, պատվիրակության անդամներ Հերմինե Նաղդալյանը եւ Զարուհի Փոստանջյանը: Նրանք ներկայացրին  2012 թվականի հոկտեմբերի 1-5-ը Ստրասբուրգում գումարված ԵԽԽՎ նստաշրջանում իրենց կատարած աշխատանքի հաշվետվությունը: Պատվիրակության անդամներն անդրադարձան նստաշրջանի ընթացքում քննարկված եւ ընդունված բանաձեւերին ու դրանց  վերաբերյալ ԱԺ պատվիրակների դիրքորոշումներին:

Հայաստանյանի պատվիրակությունը մասնակցել է նաեւ ԵԽԽՎ բյուրոյի նիստերին, քանի որ նախարարների կոմիտեում հաջորդ տարի նախագահելու է Հայաստանը:

ԱԺ պատվիրակության անդամները երկու գրավոր հարց են ուղղել ԵԽԽՎ նախարարների կոմիտեի նախագահողին:  Զարուհի Փոստանջյանի հարցը վերաբերել է Թուրքիայում ազգային փոքրամասնությունների դպրոցների փոխտնօրենների նշանակման կարգին: Խնդիրն այն է, որ փոխտնօրեններին նշանակում է Թուրքիայի կառավարությունը, ինչը հայ համայնքն անընդունելի է համարում: Զարուհի Փոստանջյանն ասաց, որ  հարցի պատասխանը գոհացուցիչ չի եղել, եւ ինքը շարունակելու է դրա արծարծումը:

 Պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը, օրակարգային ազատ քննարկման ժամանակ ելույթ ունենալով, անդրադարձել է ԵԽԽՎ կողմից  չճանաչված միավորումներին որոշակի կարգավիճակ շնորհելու հարցին: Օրինակ է բերվել Պաղեստինը, որին շնորհվել է «ժողովրդավարության գործընկեր» կարգավիճակը, ինչը  հնարավորություն է ընձեռում Պաղեստինի ներկայացուցիչներին` մասնակցելու ԵԽ նիստերին` առանց քվեարկելու իրավունքի: Արմեն Ռուստամյանն ասել է, որ ԵԽ անդամ երկրների տարածքում եւս կան այդպիսի միավորներ, եւ ճիշտ չէ, որ դրանց եւս չեն շնորհվում նման կարգավիճակներ:

 Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ այդ հարցը ինքը եւս ժամանակին բարձրացրել է, երբ քննարկվել է Կոսովոյի խնդիրը: Նա ասաց, որ թեեւ առաջընթաց չի գրանցվել, այնուամենայնիվ այս ուղղությամբ աշխատանքները շարունակվելու են: Պարբերաբար պետք է պնդել, որ Եվրոպայի Խորհուրդը  նման մոտեցում ցուցաբերի նաեւ իր տարածքում գտնվող, չճանաչված միավորումների կամ պետությունների նկատմամբ:

«Մարդու իրավունքները եւ արտաքին քաղաքականությունը»  թեմայով քննարկմանը ելույթ է ունեցել Զարուհի Փոստանջյանը եւ  ԵԽԽՎ պատվիրակների ուշադրությունը հրավիրել  ԼՂՀ հակամարտության, Ստեփանակերտի  օդանավակայանը գործարկելու հարցերի վրա ու դրա հետ կապված ադրբեջանական կողմի հնչեցրած սպառնալիքներին: Այս թեմայով քննարկման շրջանակներում ելույթ է ունեցել  նաեւ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը եւ կարծիք հայտնել, որ  երկրների արտաքին քաղաքականության ոլորտում տնտեսական շահերը գերակա են մարդու իրավունքների համեմատությամբ, ինչի  վառ ապացույցն է ոճրագործ Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը:

ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ քննարկվել եւ ընդունվել է «քաղբանտարկյալի սահմանման» վերաբերյալ բանաձեւ. հայկական պատվիրակության անդամներ Արմեն Ռուստամյանը եւ Զարուհի Փոստանջյանը  ներկայացրել են  իրենց տեսակետները: Մասնավորապես  Արմեն Ռուստամյանն անդրադարձել է Ադրբեջանում քաղբանտարկյալների առկայությանը, ԵԽԽՎ իրավական հարցերի հանձնաժողովի եւ այդ հարցով զեկուցողի հետ  ադրբեջանաակն կողմի չհամագործակցելու հարցին:

Քննարկվել եւ ընդունվել է բանաձեւ, որը վերաբերել է ԵԽԽՎ անդամների վարքագծին:   «ԵԽԽՎ անդամների վարքագծի կանոններ. բարեխիղճ գործելաո՞ճ, թե՞ կարեւոր պարտականություն» անվանումով բանաձեւում ներառվել են Դավիթ Հարությունյանի  մի շարք առաջարկները: Ըստ նրա` ընդունված բանաձեւի գլխավոր արժեքն այն է, որ դրա  արդյունքում կառույցում   կսահմանափակվի լոբբիստական գործունեություն իրականացնողների  ակտիվությունը:

Քննարկվել եւ ընդունվել է պատվիրակության անդամ Հերմինե Նաղդալյանի «Սոցիալական արդարության վերականգնումը ֆինանսական գործարքների հարկման միջոցով» զեկույցը, որը  նախաձեռնել է ԵԽԽՎ տնտեսական հարցերի հանձնաժողովը եւ որը վերաբերել է  համաշխարհային  ֆինանսատնտեսական  ճգնաժամի պատճառների ուսումնասիրությանը: Զեկույցում փորձ է արվել վերլուծել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի  պատճառները եւ գտնել ուղիներ` հետագայում կանխելու համար  նման ճգնաժամերը:

ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն ասաց, որ նստաշրջանի ընթացքում  քննարկվել է  ՆԱՏՕ-ի կազմակերպած դասընթացների ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջանին արտահանձնման դեպքը, որի վերաբերյալ ելույթներ են ունեցել հայկական պատվիրակության բոլոր անդամները: Նրանք արտահայտել են  իրենց դիրքորոշումները` ընդգծելով, որ ոճրագործությունը կատարվել է այլատյացության հողի վրա:

 Ելույթներ են ունեցել նաեւ այլ երկրների բազմաթիվ պատվիրակներ, որոնց թվում նաեւ` հունգար պատվիրակները, ովքեր իրենց ելույթներում դատապարտել են  կատարված ոճրագործությունը, ոճրագործի արտահանձնումն ու հերոսացումը:

Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ այս քննարկման վերաբերյալ բանաձեւ չի ընդունվել, սակայն որպես քննարկման հետեւանք` Բյուրոն անդրադարձ է կատարելու ԵԽ միջազգային պայմանագրերով սահմանված իրավունքների չարաշահման խնդրին: 

Պատվիրակության անդամները պատասխանեցին  լրագրողների նաեւ հարցերին:


09.10.2012
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Բելառուսի դեսպանին
Հոկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեպան Սուխորենկոյին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների փոխգործակցությանը, միջխորհրդարանական կապերի զարգացմանը վերաբերող եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր...