Տպել
17.07.2012
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունեց Կանադայի Համայնքների պալատի ներկայացուցիչներին
1 / 1

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 17-ին ընդունեց Կանադայի Համայնքների պալատի անդամներ, Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահներ Ջիմ Կարիջիանիսին եւ Ալեքսանդր Բուլրիսին:

Ողջունելով կանադացի պատգամավորների այցը  Հայաստանի խորհրդարան` Էդուարդ Շարմազանովը նշեց, որ Կանադան բարեկամ երկիր է, եւ չնայած Հայաստանից բաժանված է օվկիանոսով, բայց տարածությունը լավ հարաբերությունների վրա ազդեցություն ունենալ չի կարող: Ի դեմս Համայնքների պալատի ներկայացուցիչների, նա երախտագիտություն հայտնեց Կանադային` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու, տարիների հայանպաստ գործունեության համար: ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահը կարեւորեց նախագահական ընտրություններին դիտորդական առաքելությամբ մասնակցելու նպատակով  Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն մեկնող կանադացի պատգամավորների այցն  Արցախի ժողովրդի համար, ինչը, նրա խոսքով, ցույց է տալիս, որ այնպիսի ժողովրդավարական երկիր, ինչպիսին Կանադան է,  հետաքրքրված է  ԼՂՀ-ում ժողովրդավարության ընդլայնմամբ:

Շնորհակալություն հայտնելով ցուցաբերված ջերմության համար` կանադացի հյուրերը շեշտեցին, որ չնայած իրենց այցին շատերը, մասնավորապես` ադրբեջանցիներ, դեմ են եղել, բայց իրենք մեծ ցանկություն ունեն ականատես լինելու ժողովրդավարության կայացմանը  Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Նրանց խոսքով` Կանադան մեծ շահագրգռվածություն է ցուցաբերում բոլոր այն երկրներում, որտեղ ժողովրդավարությունը կայացման ճանապարհ է անցնում: Ինչպես նկատեցին կանադացի խորհրդարանականները, Կանադայում ապրող շուրջ հարյուր հազար հայերը շատ ակտիվ են. հայկական համայնքը երկրորդ-երրորդ տեղում է իր ազդեցիկությամբ, «հայկական կրակը միշտ վառ է»:

  Կանադայի համայնքների պալատի անդամները խոսեցին Հայաստանում դեսպանատուն ունենալու անհրաժեշտությունից, ինչին ի պատասխան` պարոն Շարմազանովը նշեց, որ հայկական կողմը միայն շահագրգռված է էլ ավելի բարձր մակարդակով հարաբերություններով: Կարծիք հայտնվեց, որ պետք է ավելի ակտիվացնել պատգամավորական փոխայցելությունները, ինչն էլ իր հերթին կխթանի լավ հարաբերությունների ամրապնդումն ու զարգացումը: Էդուարդ Շարմազանովը նկատեց, որ Հարավային Կովկասում Հայաստանն առաջինն է եղել, որ Օտտավայում բացել է դեսպանատուն, ինչը եւս վկայում է Հայաստանի համար հայ-կանադական հարաբերությունների կարեւորության մասին:

Կանադացի խորհրդարանականները հույս հայտնեցին, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում նախագահական ընտրությունները կանցնեն բարձր մակարդակով, եւ ներկայացրեցին իրենց գաղափարը` Կանադա վերադառնալուն պես նախաձեռնելու «Լեռնային Ղարաբաղի ընկերներ» կոչվող խումբ, ինչը մեծ ոգեւորությամբ ընդունվեց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահի կողմից: Վերջինս նշեց, որ փայլուն գաղափար է՝ համոզմունք հայտնելով, որ  Հայաստանն ու ամբողջ հայությունը կողջունեն այն, քանի որ դա առարկայական օրինակ է, թե ինչպես կարելի է աջակցել երիտասարդ ժողովրդավարական երկրին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:


17.07.2012
ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդունեց ՌԴ Պետդումայի պատվիրակությանը
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 17-ին ընդունեց Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի պատվիրակությանը, որը հուլիսի 18-ին Երեւանից մեկնելու է ԼՂՀ` դիտորդական առաքելությամբ մասնակցելու այստեղ կայանալիք նախագահական ընտրություններին: Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում` ԱԺ փոխն...

17.07.2012
Էդուարդ Շարմազանովն ընդունեց «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության պատվիրակությանը
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 17-ին ընդունեց «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (Բելգիա) կազմակերպության պատվիրակությանը: Վերջինս, Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հրավերով, հուլիսի 18-21-ը դիտորդական առաքելություն կիրականացնի ԼՂՀ նախագահի ընտրություններում: Պատվիրակության ...

17.07.2012
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն ընդունեց ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ եւ լիազոր դեսպանին
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հուլիսի 17-ին հանդիպեց ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Չանչունին: Հայ-չինական հարաբերությունները, դեսպանի գնահատմամբ, անկախացումից ի վեր եւ դիվանագիտական հարաբերություննե...

17.07.2012
ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը դիտորդական առաքելությամբ կմեկնի ԼՂՀ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի ընտրություններին դիտորդական առաքելությամբ մասնակցելու համար հուլիսի 18-ին եռօրյա այցով Ստեփանակերտ կմեկնի ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը` ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ: ՀՀ խորհրդարանական պատվիրակության կազմում են պատգամավորներ Արտակ Դա...