Տպել
09.07.2012
Հանդիպում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
1 / 1

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը եւ հանձնաժողովի անդամներ Շիրակ Թորոսյանը, Սամվել Ֆարմանյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Նիկոլ Փաշինյանն ու Վահան Բաբայանը հուլիսի 9-ին հանդիպեցին Նիդեռլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ Յաապ Վերների հետ: Հանդիպմանը ներկա էր նաեւ  Նիդեռլանդների Թագավորությունում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը:

Արտակ Զաքարյանն անդրադարձավ Հայաստանի արտաքին քաղաքականությանը եւ տարածաշրջանային հիմնախնդիրներին: Հանձնաժողովի նախագահը տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունները գնահատեց կառուցողական եւ փոխշահավետ: Նրա խոսքով` տարածաշրջանում հավասարակշռված քաղաքականության պարագայում հնարավոր կլինի պահպանել կայուն, համաչափ եւ խաղաղ զարգացումներ:

Խոսելով Ադրբեջանի հետ չկարգավորված խնդիրներից, պարոն Զաքարյանն անդրադարձավ վերջինիս պատերազմական հռետորաբանությանը, սահմանային միջադեպերին, որոնց արդյունքում զոհվում են ոչ միայն ՀՀ եւ Լեռնային Ղարաբաղի սահմանապահներ, այլեւ տուժում է խաղաղ բնակչությունը: Նշվեց, որ վերջին 20 տարվա ընթացքում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի դիրքրոշումը համահունչ է եղել միջազգային սկզբունքներին ու մոտեցումներին:

Արտակ Զաքարյանը շնորհակալություն հայտնեց Նիդեռլանդների խորհրդարանին`  2004 թ.-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար:

Հանդիպմանն անդրադարձ եղավ նաեւ հայ-թուրքական հարաբերություններին, Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին:

Յաապ Վերները կարեւորեց, որ Հայաստանում ԱԺ ընտրություններն անցել են ժողովրդավարական չափանիշներին համապատասխան: Նա ընդգծեց այն հանգամանքը, որ դիտորդական առաքելությունները դրական գնահատական են տվել ՀՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովի ընտրություններին, հույս հայտնելով, որ Հայաստանն ապագայում եւս հավատարիմ կմնա ժողովրդավարական բարեփոխումներին:

Հանձնաժողովի անդամներն իրենց տեսակետները ներկայացրեցին հանդիպման ընթացքում քննարկված հարցերի վերաբերյալ: