Տպել
06.06.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ -ում ՉԺՀ դեսպան Թիան Չանչունին
1 / 3
Տեսանյութ

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հունիսի 6-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում  Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Չանչունին:

Չինաստանի դեսպանը  Հովիկ Աբրահամյանին փոխանցեց ՉԺՀ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Ու Բանգոյի շնորհավորական ուղերձը` ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Դեսպանի համոզմամբ` Հովիկ Աբրահամյանի  պաշտոնավարման տարիներին ավելի կամրապնդվեն եւ կզարգանան հայ-չինական հարաբերությունները, կակտիվանա միջխորհրդարանական գործակցությունը: Դեսպանը նշեց, որ այս տարի լրանում է Հայաստանի եւ Չինաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը եւ ԱԺ նախագահին  հայ-չինական 20-ամյա հարաբերությունների մասին պատմող գիրք նվիրեց:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը կարեւորում է տարբեր ոլորտներում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ հարաբերությունների զարգացումն ու խորացումը: «Հասարակական, քաղաքական, տնտեսական եւ մշակութային ոլորտներում փոխշահավետ համագործակցության ընդլայնումն ու խորացումը  նպաստում են Հայաստանի եւ Չինաստանի միջեւ փոխգործակցության ամրապնդմանն ու երկու հասարակությունների միջեւ շփումների ակտիվացմանը»,-ասաց ԱԺ նախագահը: Պարոն Աբրահամյանը պատրաստակամություն հայտնեց` առավելագույնս նպաստելու հայ-չինական հարաբերությունների, մասնավորապես միջխորհրդարանական կապերի ամրապնդմանն ու զարգացմանը:

Կողմերն անդրադարձան նաեւ տարածաշրջանային խնդիրներին: Դեսպան Թիան Չանչուն մասնավորապես նշեց, որ ՉԺՀ-ն բարձր է գնահատում   ղարաբաղյան հակամարտությունը միայն   խաղաղ ճանապարհով կարգավորելու Հայաստանի որդեգրած դիրքորոշումը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: