Տպել
16.01.2012
ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող Ջոն Պրեսկոտի հանդիպումները խորհրդարանում
1 / 6

Հունվարի 16-ին եռօրյա աշխատանքային այցով Հայաստան ժամանած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցող լորդ Ջոն Պրեսկոտը Ազգային ժողովում հանդիպեց ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության  եւ խորհրդարանական խմբակցությունների հետ:

ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության հետ հանդիպման սկզբում պարոն Պրեսկոտը նշեց, որ եռօրյա այցի ընթացքում նպատակ ունի ծանոթանալ արդարադատության եւ ոստիկանության ոլորտներում կատարված բարեփոխումների եւ մարտյան դեպքերի հետաքննության ընթացքին: Վեհաժողովը գտնում է, որ Հայաստանում զգալի դրական փոփոխություններ են իրականացվել, սակայն եղել են նաեւ թերություններ, որոշ խնդիրներ ոստիկանության եւ արդարադատության համակարգերում դեռ լուծված չեն: Անդրադառնալով առաջիկա ընտրություններին` համազեկուցողն ասաց, որ այսօր` հկ-ների հետ հանդիպման ժամանակ, պարզ է դարձել, որ հասարակության ակնկալիքները առաջիկա խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների որակից այս անգամ այլ են:

ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը անդրադարձավ պարոն Պրեսկոտին հետաքրքրող հարցերին` նշելով, որ  Հայաստանի իշխանությունները բոլոր ուղղություններով լուրջ քայլեր են իրականացրել, թեեւ դեռ շատ անելիքներ կան:  Պարոն Հարությունյանի գնահատմամբ` ոստիկանության եւ արդարադատության համակարգերի բարեփոխումների հարցում աճել է խորհրդարանի դերը, ինչը շատ կարեւոր է: Խոսելով առաջիկա ընտրություններից` պատվիրակության ղեկավարը նշեց, որ ընտրությունների որակը բարելավելու համար էական նշանակություն ունի նաեւ լրամշակված Ընտրական օրենսգիրքը, որը ստացել է Վենետիկի հանձնաժողովի դրական եզրակացությունը: Նշվեց, որ օրենսգիրքը պարունակում է բազմաթիվ կանխարգելիչ մեխանիզմներ: Պարոն Հարությունյանը օրենքի կիրառման հարցում կարեւորեց քաղաքական կամքը, ինչը, նրա կարծիքով, առկա է: Դավիթ Հարությունյանը կարեւորեց նաեւ ընտրական հանձնաժողովների անդամների համար իրականացվող ուսուցման գործընթացը, ինչը եւս դրական ազդեցություն կունենա ընտրությունների որակի վրա:

ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ գալիք ընտրությունները պետք է տարբերվեն նախորդ բոլոր ընտրություններից: Ըստ նրա` Ընտրական օրենսգիրքը լրամշակվել է եւ քաղաքական կամքից է կախված` օրենքների դրույթները կկատարվեն, թե` ոչ:

Հայկական պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանի կարծիքով եւս` կա հասարակական ակնկալիք, որ առաջիկա ընտրությունները պետք է տարբերվեն նախորդ ընտրություններից: ՀՅԴ խմբակցության անդամը կարեւորեց մեծամասնական ընտրակարգը վերացնելու վերաբերյալ նախաձեռնությունը` նշելով, որ այս հարցի շուրջ արտախորհրդարանական ազդեցիկ եւ խորհրդարանական ընդդիմադիր ուժերը համակարծիք են: 


 ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի վերաբերյալ  ԵԽԽՎ ընդունած 1837 բանաձեւի  դրույթները,  ՀՀ  Ընտրական օրենսգրքի վերաբերյալ «Ժառանգություն» խմբակցության առաջարկները, ինչպես նաեւ` առաջիկա խորհրդարանական ընտրություններին վերաբերող հարցեր:

Խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը տեղեկացրեց, որ   խմբակցությունը ծանոթացել է շուրջ 100 էջից բաղկացած զեկույցին եւ այդ կապակցությամբ ունի որոշակի մտահոգություններ: Մասնավորապես նա   մտահոգություն հայտնեց 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների ընթացքում 10 զոհերի մահվան հանգամանքների, ինչպես նաեւ փաստահավաք խմբի գործունեության   վերաբերյալ ԵԽԽՎ  1837 բանաձեւում ամրագրված տեսակետների կապակցությամբ:

Խմբակցության անդամներն անդրադարձան նաեւ Ընտրական օրենսգրքի ընդունման գործընթացին եւ ներկայացրեցին այդ ուղղությամբ իրենց խմբակցության առաջարկներն ու աշխատանքը, մասնավորապես նշեց 100 տոկոս համամասնական ընտրական համակարգի անցնելու իրենց առաջարկը ու հիմնավորումները:

Ջոն Պրեսկոտն անդրադառնալով  համամասնական եւ մեծամասնական ընտրահամակարգերին` նշեց, որ իր կարծիքով, բացառապես համամասնական ընտրակարգը չի կարող նպաստել ժողովրդավարության խորացմանը. թեեւ ըստ նրա` սա այն հարցն է, որը պետք է լուծեն տվյալ երկրի կուսակցությունները:

ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող  Ջոն Պրեսկոտի հետ հանդիպեցին նաեւ «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության ներկայացուցիչները: ՀՅԴ խմբակցության պատգամավորները տեղեկացրին, որ իրենց խմբակցությունը վերապահումով է միացել մարտյան դեպքերի հետ կապված ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությանը, այդ թվում 10 մահվան դեպքերի վերաբերյալ հետաքննություն անցկացնելու եւ հանրությանը իրազեկելու տեսանկյունից եւ հաշվի առնելով հանձնաժողովի եզրակացությունը` առաջարկել է մոնիտորինգ իրականացնելու համար ստեղծել նոր ժամանակավոր հանձնաժողով, ինչը քաղաքական մեծամասնությունը մերժել է եւ այդ իրավասությունը վերապահել պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին: Անդրադառնալով Ընտրական օրենսգրքի փոփոխություններին` պատգամավորները տեղեկացրին, որ խորհրդարանական ընդդիմությունը` ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը», նույնպես առաջարկներ են ներկայացրել, որոնք  քաղաքական մեծամասնությունը  մերժել է: Այս պահին էլ իրենք պնդում են ամբողջովին համամասնական ընտրակարգին անցնելու առաջարկը:

ՀՅԴ խմբակցության պատգամավորներն առաջարկեցին առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ հնարավորինս շատ դիտորդներ ուղարկել Հայաստան, որպեսզի ընտրության ողջ ընթացքում նրանք չբացակայեն ընտրատեղամասերից` ընտրության պատկերը այս կամ այն տեղամասում լիարժեք արձանագրելու համար: Նրանք անդրադարձան նաեւ հետընտրական շրջանում ընտրողների ցուցակները հրապարակելու անհրաժեշտությանը:

Պարոն Պրեսկոտի գնահատմամբ` համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ որոշումը քաղաքական ուժերը պետք է կայացնեն միասին` համաձայնության գալով քննարկումների արդյունքում, ինչ վերաբերում է իր տեսակետին, ինքը կողմ է մեծամասնականը պահպանելուն: Նա հավելեց նաեւ որ ընտրահամակարգի այդպիսի փոփոխությունը միաժամանակ ենթադրում է հանրաքվե, որը այս կարճ ժամանակահատվածում հնարավոր չէ իրականացնել:

Պարոն Պրեսկոտը նաեւ արձանագրեց, որ, ինչպես իրեն են տեղեկացրել, մշտական հանձնաժողովը մարտյան դեպքերի հետ կապված զեկույց է պատրաստել, որին ինքը այս այցի ընթացքում կծանոթանա, անհրաժեշտ եւ ամբողջական տեղեկություններ կհավաքի իր զեկույցում ներառելու համար:

ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության անդամների հետ հանդիպման ժամանակ ԵԽԽՎ մոնիտորնինգի հանձնաժողովի համազեկուցող լորդ Ջոն Պրեսկոտը, ի թիվս ընտրությունների թեմայի, բարձրացրեց նաեւ հարցեր, որոնք գտնվում են վեհաժողովի ուշադրության առանցքում: Համազեկուցողի բնորոշմամբ` 2008թ.-ից ի վեր  Հայաստանում բավականաչափ դրական փոփոխություններ են եղել, իսկ որոշ գործընթացներ դեռ զարգացումների փուլում են: Որպես այդպիսիք նշվեցին բարեփոխումները արդարադատության եւ ոստիկանության համակարգերում, հատկապես գանգատարկման նոր  մոդելի ներդրումը ոստիկանությունում:  ՕԵ պատգամավորների գնահատմամբ` վերջին երկու տարիներին առաջընթաց է նկատվում նշված բոլոր ուղղություններում: Զրուցակիցներն անդրադարձան նաեւ ընտրական օրենսգրքին եւ առաջիկա խորհրդարանական ընտրություւներին: Խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նկատեց, որ Ընտրական օրենսգիրքը լուրջ փոփոխությունների է ենթարկվել, իսկ համամասնական-մեծամասնական ընտրակարգերի շուրջ կուսակցությունների ծավալած բանավեճը ժամանակավրեպ համարեց` ասելով, որ ընտրություններին քիչ ժամանակ է մնացել:  Խմբակցության անդամներ Խաչիկ Հարությունյանը եւ Հովհաննես Մարգարյանն անդրադարձան 2008 թ-ի մարտի 1-2-ի դեպքերին` նշելով որ այն մտահոգել է թե ողջ ժողովրդին եւ թե իրենց, ու կարեւոր համարեցին, որ այսօր արդեն անցյալում է 2008-ի մթնոլորտը, որի հետեւանքը եղան 10 զոհերը: Նրանց գնահատմամբ, այսօր ստեղծված է հանդուրժողականության եւ համաձայնության մթնոլորտ:

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամները  ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող Ջոն Պրեսկոտի հետ քննարկեցին առաջիկա խորհրդարանական ընտրություններին վերաբերող հարցեր: Խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը խոսեց առաջիկա ընտրությունների կարեւոր նշանակության մասին, ասաց, որ դրանից է կախված մեր երկրի միջազգային հեղինակությունն ու հետագա ընթացքը: Տկն. Զոհրաբյանը կարեւոր նախապայման համարեց, որ ընտրություններին մասնակցող յուրաքանչուր կուսակցություն դրսեւորի քաղաքական կամք  արդար եւ ազատ ընտրություններ անցկացնելու համար:  Բանախոսն արդար ընտրություններ ապահովելու նպատակով  անհրաժեշտ համարեց ապահովել եվրոպական կառույցներից մեծաքանակ դիտորդների ոչ միայն կարճաժամկետ, այլ նաեւ երկարաժամկետ ներկայությունը Հայաստանում: Նաիրա Զոհրաբյանը Ջոն Պրեսկոտի հետ համաձայնություն ձեռքբերեցին ԵԽ դիտորդական առաքելությունը ձեւավորելուց հետո հանդիպել ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության հետ եւ քննարկել այն խնդիրները, որոնց պետք է ուշադրություն դարձնեն դիտորդներն այստեղ:

Հանդիպման ընթացքում անդրադարձան նաեւ ոստիկանության եւ արդարադատության համակարգերի բարեփոխումներին, ինչպես նաեւ խոսեցին 2008 թ. մարտյան դեպքերի 10 զոհերի մահվան հանգամանքները պարզելու, մասնավորապես հատուկ քննչական խմբի եզրակացության մասին:

«ՀՀԿ» խմբակցության անդամների հետ հանդիպման ժամանակ պարոն Պրեսկոտը տեղեկացրեց, որ մյուս խմբակցությունների հետ արդեն քննարկվել է համամասնական ընտրակարգի վերաբերյալ հարցը: Նա առաջարկեց չքննարկել այդ հարցը, քանի որ Եվրախորհուրդը իր առջեւ խնդիր չի դրել զեկույց ներկայացնել ընտրակարգի վերաբերյալ: Ողջունելի է հնչած կարծիքների բազմազանությունը, որը նաեւ ժողովրդավարության դրսեւորում է, բայց նկատի ունենալով, որ մինչեւ առաջիկա ընտրությունները հնարավոր չէ հանրաքվե անել եւ փոփոխություններ կատարել, այդ հարցի քննարկումը իրատեսական չէ: Նա հավաստիացրեց, որ նոր Ընտրական օրենսգրքի եւ առաջիկա ընտրությունների վերաբերյալ լավատեսությունը շատ ավելի մեծ է, որը ՀՀ Նախագահի ջանքերի եւ խորհրդարանի կատարած աշխատանքի արդյունքն է: Կան բազմաթիվ փոփոխություններ, որոնց վերաբերյալ Եվրախորհուրդը իր գոհունակությունն է հայտնել:

Պարոն Պրեսկոտը խնդրեց պատգամավորներին ներկայացնել իրենց դիրքորոշումը ոստիկանության,  դատաիրավական համակարգերի բարեփոխումների ընթացքի, կատարված աշխատանքների եւ մարտիմեկյան դեպքերի հետաքննության արդյունքների վերաբերյալ:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը գոհունակությամբ արձանագրեց, որ պարոն Պրեսկոտի եւ իրենց գնահատականները համընկնում են: Նա տեղեկացրեց, որ  Ընտրական օրենսգրքի վերջին փոփոխությունները ընդունվել են 2011 թ. հոկտեմբերին: Ներկայում իրենց ընդդիմախոսները փորձում են շահարկել այն`   նախընտրական որոշակի քարոզչության նպատակով: Այնինչ օրենսգիրքը փորձագիտական շրջան է անցել եւ արժանացել դրական եզրակացության:Անդրադառնալով մարտիմեկյան դեպքերի ուսումնասիրությանը,  պարոն Սահակյանը նշեց, որ դա իրավական դաշտի խնդիր է եւ գտնվում է ՀՀ Նախագահի ամենօրյա հսկողության տակ, իսկ քննչական գործողությունները շարունակվում են: Վերջին ամիսների ընթացքում հարյուրավոր նոր քննություններ են կատարվել:

ԱԺ պետական-իրավական հարցրեի մշտական հանձնաժողովի նախագահ եւ ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց ոստիկանության եւ դատաիրավական համակարգերում կատարված բարեփոխումների ընթացքը: Նա տեղեկացրեց, որ ՀՀ ոստիկանության բարեփոխումների մասին ԵԱՀԿ փորձագետների հետ մեծ ծրագիր է մշակվել, որը վերջին երկու տարվա ընթացքում ուսուցման ու փոփոխությունների ակտիվ փուլ է անցել եւ փորձը ցույց է տալիս, որ բարեփոխումները ճիշտ ուղու վրա են: Այս ոլորտին վերաբերող մի շարք օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն է առաջացել, որոնց մի մասն արդեն ընդունվել է: Շուտով համապատասխան մշտական հանձնաժողովը հերթական խորհրդարանական լսումները կկազմակերպի` քննարկելու բարեփոխումների ընթացքը ոստիկանության համակարգում: Ներկայում քննարկվում է կատարվելիք դատաիրավական համակարգի բարեփոխումների հաջորդականությունը 2012-2016 թթ: Այս տարվա քննարկման համար նախատեսված մի շարք օրենքներ արդեն մշակված են եւ վերջին շտկումներն են կատարվում: Պարոն Հարությունյանը բնական համարեց, որ որոշ քաղաքական ուժեր փորձում են նախընտրական շրջանում մարտիմեկյան ողբերգական դեպքերին անդրադառնալ, հատկապես, որ դրանք կապված են եղել ընտրությունների հետ: Նա միաժամանակ նշեց, որ ցավալիորեն դա իր ազդեցությունն է թողնում զոհվածների հարազատների գնահատականների վրա: Վերջին շրջանում ՀՀ Նախագահի նախաձեռնությամբ լուրջ ուժեր են ներգրավվել հարցի քննության բնագավառում: Վեր են հանվել բազմաթիվ բացթողումներ, բայց դեռեւս շատ հարցեր կան, որոնք բացահայտված չեն եւ հուզում են հանրությանը: Այդ մասին մշտական հանձնաժողովը զեկույց է ներկայացրել, որը տեղադրված է հանձնաժողովի  կայքում:

Ի պատասխան այն հարցին, թե ինչպես կանցնեն առաջիկա խորհրդարանական ընտրությունները, Գալուստ Սահակյանն ասաց, որ հնարավորինս ամեն ինչ արվում է` լավ անցկացնելու ընտրությունները եւ մեր ժողովրդի ու նրա ապագայի համար, եւ մեր երկրի միջազգային հեղինակության բարձրացման համար:
 


16.01.2012
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանն ընդունեց Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի ղեկավարին
Հունվարի 16-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանն ընդունեց Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Ջանան Աթիլգանին:   Ողջունելով հյուրին եւ կարեւորելով Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի գործունեությունը Հայաստանում` ԱԺ նախագահը պատրաստակամությ...