Տպել
25.11.2011
ԱԺ հանձնաժողովների նիստերում
1 / 2

Նոյեմբերի 25-ին  ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ` Արամ Սաֆարյանի նախագահությամբ, առաջին ընթեցումով քննարկվեց կառավարության հեղինակած «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը: Նա նշեց, որ օրինագիծն ուղղված է քաղաքացիների, անկախ նրանց սեռային պատկանելիությունից, իրավունքների եւ ազատությունների ապահովման պետական երաշխիքների հաստատմանը, հասարակական կյանքի բոլոր ոլորտներում կանանց եւ տղամարդկանց հավասար հնարավորությունների ընձեռմանը, գենդերային հավասարության սկզբունքի լիակատար իրականացման առաջընթացին, սեռի հատկանիշով խտրականության կանխարգելմանը եւ խտրականության յուրաքանչյուր դրսեւորման համար պատասխանատվության ենթարկելու համապատասխան արդյունավետ միջոցների սահմանմանը: Նշվեց, որ օրինագիծը հիմնված է ՀՀ Սահմանադրության 14.1 հոդվածի դրույթների վրա եւ նպատակուղղված է «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի, Պեկինի 4-րդ Համաշխարհային համաժողովի հանձնարարականների, Եվրախորհրդի Կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության հանձնաժողովի փաստաթղթերի, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Հազարամյակի հռչակագրի պահանջների եւ ՀՀ միջազգային այլ փաստաթղթերով սահմանված պարտավորությունների կատարմանը:

Հարակից զեկույցով հանդես եկավ հանձնաժողովի նախագահ Արամ Սաֆարյանը. նա առաջարկեց օրինագծի վերաբերյալ կազմակերպել խորհրդարանական լսումներ եւ լսել շահագրգիռ կողմերի կարծիքները:

Քննարկված օրինագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ չորրորդ գումարման տասներորդ նստաշրջանի եւ դեկտեմբերի 5-8-ի նիստերի օրակարգերի նախագծերում:

Հանձնաժողովը որոշեց դեկտեմբերի 13-ին կազմակերպել Ազգային անվտանգության խորհրդի միջգերատեսչական հանձախմբի կողմից մշակված «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության» նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներ:

Հանձնաժողովի մեկ այլ որոշմամբ կկազմակերպվեն  խորհրդարանական լսումներ ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրինագծի վերաբերյալ` այն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո: 
  
Արտակ Դավթյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ , որի օրակարգում ընդգրկված չորս օրենսդրական նախաձեռնությունների քննարկումը հեղինակների` ՀՅԴ խմբակցության պատգամավորների  առաջարկով հետաձգվեց: 
  
Նույն օրը ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում , որը վարում էր հանձնաժողովի փոխնախագահ Արտյուշ Շահբազյանը, առաջին ընթերցումով քննարկվեց «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի ներկայացմամբ: Ըստ նրա` քրեական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները կբարձրացնեն կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը` նպաստելով հակակոռուպցիոն պետական քաղաքականության իրականացմանը: Քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին պարբերությունում առաջարկվող փոփոխությունների արդյունքում կվերանա առեւտրային կաշառքի հանցակազմի սուբյեկտի հետ կապված օրենսգրքի եւ «Կոռուպցիայի մասին քրեական իրավունքի» կոնվենցիայի միջեւ հակասությունը, քրեական օրենսգիրքը կհամապատասխանեցվի կոնվենցիային: Քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 5-րդ մասի երկրորդ պարբերությունում առաջարկվող փոփոխությունների արդյունքում կբարելավվի քրեական պատասխանատվությունից ազատելու մեխանիզմը:

«Կուսակցությունների մասին» օրենքը լրացվում է «28.1» հոդվածով, որի համաձայն այն կուսակցությունները, որոնց ակտիվների արժեքը գերազանցել է 10 մլն դրամը, պարտավորվելու են հաշվետվություններ հրապարակել միայն աուդիտի ենթարկվելուց հետո: Առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն ապահովվել կուսակցությունների ֆինանսավորման հստակ եւ թափանցիկ ընթացակարգի իրականացում, ինչպես նաեւ բացառել կուսակցություններին` օրենքի խախտմամբ նվիրատվություններ կատարելը:

ՀՀ արդարադատության նախարարը նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կքննարկվեն բոլոր առաջարկները, կարվեն համապատասխան փոփոխություններ:

Հանձնաժողովը որոշեց օրենսդրական փաթեթի վերաբերյալ ներկայացնել դրական եզրակացություն:
 


16.05.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հյուրընկալել է Լեհաստանի Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահին
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, հանձնաժողովի փոխնախագահ Մերի Գալստյանը, անդամներ Սոնա Ղազարյանն ու Տաթեւիկ Գասպարյանը մայիսի 16-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին: Հանդիպմանը ներկ...

16.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում է
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին Շվեյցարիայի Համադաշնության Ժնեւ քաղաքում մասնակցել է Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստին: Հայաստանն այս տարի առաջին անգամ Միջխորհրդարանական միության «Եվրասիա...