Տպել
10.11.2011
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը Տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ

Այս տարի մեր երկրում առաջին անգամ պաշտոնապես նշվում է Տեղական ինքնակառավարման օրը: 15 տարի առաջ այս օրը Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, եւ ունեցանք  մի համակարգ, որն ստանձնեց  նորանկախ  պետականության կայացման իր բաժին պատասխանատվությունը: Պատասխանատվությունը բավականին մեծ էր այն առումով , որ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները միջնորդի դեր էին կատարում նորաստեղծ  պետության ու կայացող համայնքների միջեւ, եւ չափազանց կարեւոր էր հնարավորինս անթերի իրականացնել այդ առաքելությունը:

Այսօր, երբ մեր երկիրը կայացման որոշակի բարդ ժամանակահատված է հաղթահարել եւ ընթանում է զարգացման ուղով, ՏԻՄ-երի դերակատարությունն ավելի է կարեւորվում: Նրանք քաղաքացիների հետ շփվող առաջնային օղակն են, տեղերում պետական քաղաքականություն իրականացնողը, ինչը ՏԻՄ-երից պահանջում է ավելի մեծ նվիրում եւ պատասխանատվություն: Եւ որքան վստահելի ու պատասխանատու է տեղական ինքնակառավարման  մարմինը, այնքան երաշխավորված է տվյալ համայնքի  զարգացումը, հետեւաբար եւ` երկրի առաջընթացը:

Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ շնորհավորում եմ ՏԻՄ բոլոր ղեկավարներին եւ աշխատակիցներին ու մաղթում նրանց ուժ ու եռանդ, հաջողություն եւ հաստատակամություն, բարեկեցություն եւ լավատեսություն: