Տպել
02.11.2011
ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը հանդիպեց ասորական համայնքների ներկայացուցիչների հետ
1 / 1

Նոյեմբերի 2-ին Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանը հանդիպեց  աշխարհի տարբեր երկրների ասորական համայնքների ներկայացուցիչների հետ:

Պարոն Նիկոյանը գոհունակություն հայտնեց համաշխարհային քաղաքակրթության մեջ լուրջ ներդրում  եւ երբեմնի հզոր պետություն ունեցած ազգի ներկայացուցիչների հետ հանդիպելու համար, բայց եւ միաժամանակ ափսոսանք հայտնեց պատմական անարդարությամբ   երբեմնի բնօրրանը կորցնելու եւ աշխարհով մեկ սփռվելու համար: Նա հավաստիացրեց, որ ցեղասպանություն տեսած ու պատմական հայրենիքի մեծ մասը կորցրած հայ ժողովուրդը ու նրա հայրենի պետությունը շատ լավ են հասկանում աշխարհասփյուռ ասորիների  խնդիրները եւ  հնարավորություն ստեղծում Հայաստանաբնակ ասորիների կենսագործունեության ու ազգային ինքնության պահպանության համար:

Աշխարհի տարբեր երկրներից ժամանած ասորական համայնքների ներկայացուցիչները, խոսելով անցյալ դարասկզբին հայ, հույն եւ ասորի ժողովուրդների նկատմամբ Օսմանյան կայսրության  կատարած հալածանքների  ու  ցեղասպանության մասին, համոզմունք հայտնեցին, որ եթե աշխարհը աչք  չփակեր այդ անօրինակ դաժանությունների հանդեպ ու կանխեր դրանք, ցեղասպանություններն ու մարդկության դեմ կատարված ոճրագործությունները շարունակական բնույթ չէին ստանա: Նրանք առաջարկեցին համատեղել ուժերը պատմական այդ անարդարությունը վեր հանելու եւ ցեղասպանությունը ճանաչելի դարձնելու գործում:

Պատվիրակության անդամները տեղեկացրին նաեւ ասորական կենտրոն ստեղծելու իրենց մտադրության մասին, ինչը  մշակութային-կրթական հնարավորությունները կոորդինացնելու հնարավորություն կտար: Նրանց գնահատմամբ` իրենք հաճելիորեն զարմացած են Հայաստանում  ասորական համայնքին տրված ազգապահպանության մեծ հնարավորությունների համար, եւ եթե Հայաստանի իշխանությունները դեմ չեն լինի, իրենք այդ կենտրոնը կհիմնեն Հայաստանում:

Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանը հաջողություն մաղթեց պատվիրակությանը ազգային ինքնության պահպանմանը միտված նպատակների իրագործման համար` հավաստիացնելով, որ դաժան փորձություններով անցած հայ ժողովուրդը գիտի արժեւորել անցյալն ու ներկան եւ օգնության ձեռք մեկնել: