Տպել
26.03.2004
Թատրոնի Միջազգային օրվա առիթով

Թատրոնի Միջազգային օրվա առիթով` մարտի 26-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպեց Հայաստանի մի քանի թատրոնների գլխավոր ռեժիսորների եւ ի դեմս նրանց իր շնորհավորանքները հղեց նրանց ղեկավարած թատրոնների աշխատակիցներին` մաղթելով ստեղծագործական նոր կրքեր ու նոր պոռթկումներ բեմում: Հանդիպմանը մասնակցում էին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի գլխավոր ռեժիսոր Գեղամ Գրիգորյանը, Գ.Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի գլխավոր ռեժիսոր Վահե Շահվերդյանը, Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր Արմեն Խանդիկյանը, Համազգային թատրոնի գլխավոր ռեժիսոր Սոս Սարգսյանը, Կամերային թատրոնի գլխավոր ռեժիսոր Արա Երնջակյանը, Տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսոր Ռուբեն Բաբայանը:

Հանդիպումը վերածվեց անկաշկանդ զրույցի, որի ընթացքում խորհրդարանի նախագահին ներկայացվեցին մշակութային ու թատերական կյանքի կենսական հարցեր: Նշվեց ոլորտի գործունեությունը կանոնակարգող օրենքի բացակայությունը, ընդգծվեցին ֆինանսական ու բարոյական խնդիրները (դերասանների ցածր վարձատրության, թատրոնների շահագործման ծախսերի ավելացման, որոշ հարկատեսակներից ազատման կամ փոխհատուցման անհրաժեշտության, կոչումները շնորհող կառույցի անորոշության եւ կոչումների շնորհման կարգի բացակայության), այլալեզու ֆիլմերի պարտադիր հայերեն կրկնօրինակման,թատերական արվեստը Երեւանից դուրս բերելու եւ մարզերում թատրոնների վերականգնման անհրաժեշտության, թատերական բուհերի շրջանավարտների բանակ զորակոչման ու աշխատանքային խնդիրներ:

Ապրիլին հանդիպման մասնակիցներին վերստին հրավիրելով խորհրդարան` ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն առաջարկեց համատեղ մշակել թատրոնի ու թատերական գործունեության մասին օրենքի նախագիծը, ֆինանսիստների հետ քննարկել թատրոնների կենսագործունեության ապահովման հարցերը: Խորհրդարանի նախագահը Տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսոր Ռուբեն Բաբայանին խոստացավ ֆինանսական աջակցություն ցույց տալ` ստեղծված ծանր կացությունից դուրս գալու եւ մանուկներին ներկայացումներից չզրկելու համար: