Տպել
28.07.2011
Լեհաստանի Նախագահը Ազգային ժողովում
1 / 4

Հուլիսի 28-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Լեհաստանի Հանրապետության  Նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա  էին  խորհրդարանի մշտական հանձնաժողովների նախագահներ, խմբակցությունների ղեկավարներ:

Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը նշեց, որ հայ եւ լեհ ժողովուրդների բարեկամությունն ու համագործակցությունը դարերի պատմություն ունեն, ինչը լավ հիմք է ստեղծում այսօրվա միջպետական հարաբերությունների համապարփակ զարգացման համար: Հովիկ Աբրահամյանը գոհունակությամբ փաստեց,  որ հայ-լեհական միջպետական հարաբերությունները կանոնավոր բնույթ են կրում, հատկապես վերջին մեկուկես տարիներին եւ բարձր գնահատեց  երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության դինամիկան: Խորհրդարանի ղեկավարը անհրաժեշտ համարեց միջխորհրդարանական կապերի զարգացումը, նշելով, որ  ԱԺ-ում գործում է Հայաստան-Լեհաստան բարեկամության պատգամավորական խումբը: Նրա խոսքով`  այս ոլորտում համագործակցությունը չի սահմանափակվում միայն երկկողմ ձեւաչափով, այլ տարածվում է  ԵՄ հետ Հայաստանի համագործակցության շրջանակներ,  միջազգային խորհրդարանական կառույցներում երկու երկրների պատվիրակությունների միջեւ փոխգործակցություն, այդ թվում` նորաստեղծ ԵՎՐԱՆԵՍԹ խորհրդարանական ձեւաչափ: Ազգային ժողովի նախագահը նշեց, որ Արեւելյան գործընկերությունը նոր հեռանկար է բացում Հայաստանի համար եւ մեր երկիրը Նախագահի գլխավորությամբ  հետեւողական է ԵՄ հետ քաղաքական երկխոսությունն ու աստիճանական տնտեսական ինտեգրումը խորացնելու իր հանձնառության մեջ: Նրա խոսքով` հաջող են ընթանում Ասոցացման համաձայնագրի բանակցությունները, աշխատանքներ են տարվում խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման ուղղությամբ: Այս ամենը կոչված է ոչ միայն սերտացնելու Հայաստանի ու ԵՄ միջեւ համագործակցությունը, այլեւ խթանելու մեր երկրում բարեփոխումների արդյունավետ շարունակումը


: Այս համատեքստում ԱԺ նախագահը կարեւորեց. սեպտեմբերի 30-ին Լեհաստանում կայանալիք Արեւելյան գործընկերության անդամ երկրների ղեկավարների գագաթաժողովի անցկացումը, որի ընթացքում նախատեսվում է ընդունել համատեղ հռչակագիր: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանի համար կարեւոր է, որպեսզի այդ փաստաթուղթը լինի հավասարակշռված. մասնավորապես, խոսքը վերաբերում է հակամարտությունների կարգավորմանն առնչվող ձեւակերպումներին: Նրա համոզմամբ, առաջիկա գագաթաժողովը խթան կհանդիսանա Արեւելյան գործընկերությամբ սահմանված նպատակների իրականացման համար եւ լավ հնարավորություն է նաեւ բարձր մակարդակով վերահաստատելու մասնակից երկրների քաղաքական հանձնառությունը  Արեւելյան գործընկերությանը եւ ժողովրդավարական բարեփոխումներին: Հովիկ Աբրահամայնը մտահոգություն հայտնեց  Ադրբեջանի ոչ կառուցողական պահվածքի  կապակցությամբ, քանի որ այդ  երկիրը հրաժարվում է մասնակցել Արեւելյան գործընկերության այն բազմակողմ ծրագրերին, որտեղ ներգրավված է Հայաստանը: Այդպիսով, վարկաբեկվում է Արեւելյան գործընկեության հիմնական գաղափարներից մեկը` տարածաշրջանային համագործակցությունը: ԱԺ նախագահը համոզմունք հայտնեց, որ  որ Լեհաստանի նախագահության ընթացքում առաջընթաց կգրանցվի Արեւելյան հարեւանների հետ հարաբերություններում:   Հովիկ Աբրահամյանը շեշտեց, որ ՀՀ իշխանությունները երկրի Նախագահի գլխավորությամբ շարունակելու են   երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումները :

Լեհաստանի Նախագահը նշեց, որ ուրախ է գտնվել ՀՀ Ազգային ժողովում նաեւ այն պատճառով, որ 20 տարի եղել է պատգամավոր, իսկ մինչեւ Նախագահ ընտրվելը զբաղեցրել է Լեհաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնը: Նրա խոսքով` խորհրդարանները ժողովրդավարության սիրտն են, որտեղ տեղի են ունենում քաղաքական բանավեճեր եւ ընդունվում են երկրի համար կարեւոր որոշումներ: Նշելով, որ հայ եւ լեհ ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի` Բրոնիսլավ Կոմորովսկին բարձր գնահատեց երկու երկրների փոխգործակցության մակարդակը` այս համատեքստում կարեւորելով միջխորդարանական համագործակցությունը: Լեհաստանի Նախագահը ընդգծեց, որպես ԵՄ նախագահող երկիր Լեհաստանը պատրաստ է աջակցելու Հայաստանին եւ կիսվելու իր փորձով եվրաինտեգրման  գործընթացում` նշելով, որ իր երկիրը  շահագրգիռ է, որպեսզի Հայաստանն այս ուղղությամբ ունենա հաջողություններ: «Մենք միեւնույն նավի  վրա ենք»,- ասաց Բրոնիսլավ Կոմորովսկին:

Հանդիպմանը քննարկվեցին այլ հարցեր եւս: