Տպել
07.07.2011
Աշխատանքային այցով Գյումրիում էր ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը
1 / 14

Հուլիսի 7-ին աշխատանքային այցով Գյումրիում էր  ՀՀ Ազգային ժողովի  նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը: ԱԺ նախագահին ուղեկցում էին ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը, պատգամավորներ,  գործադիր իշխանության  ներկայացուցիչներ:

ԱԺ նաժագահն այցելեց Շիրակի մարզպետարան, ապա Գյումրիի քաղաքապետարան: Հովիկ Աբրահամյանը շրջայց կատարեց քաղաքապետարանի շենքում, ծանոթացավ կատարված եւ դեռեւս ընթացող շինարարական աշխատանքներին:

Այնուհետեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը այցելեց «Թռչունյանց տուն» մանկատուն: Մանկատան սաներն աղուհացով դիմավորեցին ԱԺ նախագահին: «Ուրախ ենք, որ մեր երեխաներին հիշում են: Այստեղ ապրում են լքված, սոցիալապես անապահով եւ միակողմանի ծնողազուրկ երեխաներ,- լրագրողների հետ զրույցում ասաց կենտրոնի տնօրեն Սոնա Սիմոնյանը: -Լինելով ուշադրության կենտրոնում` նրանք լցվում են իրենց երազանքներն իրականություն դարձնելու հույսով»: «Թռչունյանց տուն» մանկատան երեխաները, ըստ իրենց ունակությունների, ներգրավված են տարբեր խմբակներում: Նրանք իրենց աշխատանքները ներկայացրել էին մանկատանը բացված ցուցահանդեսում: Ներկայացված գործերին ծանոթացավ նաեւ ԱԺ նախագահը, որից հետո մանկատան սաները հանդես եկան երգ ու պարով: ԱԺ նախագահը դատարկաձեռն չէր եկել. բացի նվերներից եւ քաղցրավենիքից Հովիկ Աբրահամյանը խոստացավ մանկատանն աջակցելու նպատակով հատկացնել 3 մլն դրամ: «Երբ ինչ-որ բան ենք խոստանում, 100 տոկոսով կատարում ենք: Դրա համար էլ մեր խոստումները չափի մեջ ենք տալիս: ԱԺ նախագահի ֆոնդից 3 մլն դրամ կփոխանցվի մանկատանը»,- լրագրողների հետ զրույցում հավաստիացրեց խորհրդարանի ղեկավարը:

Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը ներկա գտնվեց ԱԺ նախագահի հովանու ներքո անցկացվող ասմունքի հանրապետական մանկապատանեկան երրորդ մրցույթ-փառատոնի գալա համերգին: Փառատոնն այս տարի նվիրված է Հովհաննես Շիրազի ծննդյան 95-ամյակին: Մինչ միջոցառումը ԱԺ նախագահն այցելեց բանաստեղծի տուն- թանգարան, ծանոթացավ ներկայացված ցուցանմուշներին, իսկ թանգարանի տնօրենը հետաքրքիր դրվագներ պատմեց  մեծանուն բանաստեղծի եւ իսկական գյումրեցու կյանքից:

Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում անցկացված միջոցառմանը, ողջունելով մասնակիցներին, ԱԺ նախագահը մասնավորապես ասաց. «Ուրախ եմ գտնվել արհեստների ու արվեստների մայրաքաղաք Գյումրիում: Արդեն երրորդ տարին է, որ մենք անցկացնում ենք ասմունքի հանրապետական մրցույթ-փառատոնը: Ես կարծում եմ, որ դա մեզ հաջողվել է, որովհետեւ արդեն երրորդ տարում մենք կարողացել ենք ներգրավել շուրջ 26-27000 աշակերտների, որոնց մեջ վերականգնվել է սերը դեպի հայ գրականություն եւ հայ պոեզիա: Ուրախ եմ, որ երրորդ փառատոնը սկսվել եւ ավարտվում է Գյումրիում: Այս փառատոնն ավելի արժեւորվեց` նվիրվելով Հովհաննես Շիրազի ծննդյան 95-ամյակին»:

Ասմունքող աշակերտներին ողջունեց նաեւ ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը. «Այսօր մեզ համար, գյումրեցիների համար խնդության օր է: Նայելով նրանց դեմքերին` զգում եմ, որ ինչ-որ լավ բան է կատարվում: Ուրախ ենք, որ մրցույթն այստեղ է անցկացվում: Գյումրին մեծերի քաղաք է, Մհեր Մկրտչյանի, Շիրազի քաղաքն է: Հովիկ Աբրահամյանն էլ նոր տաղանդներ է բացահայտում»:

«Արհեստների ու արվեստների քաղաքում պոեզիան է թեւածում: Կարծես թե Շիրազը Գյումրի է վերադարձել: Ինձ համար մեծ պատիվ է այսօր այստեղ գտնվել»,-ասաց ժյուրիի անդամ, ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը` շնորհակալություն հայտնելով ԱԺ նախագահին` նման միջոցառումն իր հովանու տակ անցկացնելու համար:

Մրցույթ-փառատոնի արդյունքների ամփոփումից հետո երկու տարիքային խմբերում առաջին, երկրորդ եւ երրորդ մրցանակների արժանացան երկուական մասնակից: Հանձնվեցին նաեւ խրախուսական մրցանակներ: Իսկ ահա գրան պրիին, ինչպես անցյալ տարի, կրկին արժանացավ Կոտայքի մարզի ներկայացուցիչը, ով   մրցանակն ստացավ անձամբ ԱԺ նախագահից: «Հպարտ եմ, որ ունենք այսպիսի աշակերտներ, ապագա Շիրազներ, Իսահակյաններ»,- գալահամերգի ժամանակ մրցույթ-փառատոնի գլխավոր մրցանակները հանձնելիս ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նա շնորհակալություն հայտնեց գյումրեցիներին, փառատոնի բոլոր մասնակիցներին, նրանց մանկավարժներին, ծնողներին, փառատոնի կազմակերպիչներին, մարզպետներին, անաչառ եւ բարեխիղճ ժյուրիին: Ըստ օրենսդիր մարմնի ղեկավարի` փառատոնը պետք է շարունակական լինի, որովհետեւ այն կարեւոր է մեր ժողովրդի համար:

Գյումրի աշխատանքային այցի ավարտին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց ՀՀԿ Շիրակի մարզի տարածքային կազմակերպության գրասենյակ, որտեղ հանդիպում ունեցավ կուսակցական գործընկերների հետ` քննարկելով տարբեր հարցեր: