Տպել
28.06.2011
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային
1 / 1

Հունիսի 28-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային:

Ողջունելով հյուրին` ԱԺ նախագահը շնորհավորեց նրան բարձր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ վստահություն հայտնեց, որ նրա անդրանիկ այցը մեր երկիր նոր խթան կհանդիսանա Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցությունն զարգացնելու  գործում:

Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը նշեց, որ ՆԱՏՕ-Հայաստան համագործակցությունը բարձր հիմքերի վրա է դրված եւ համոզմունք հայտնեց, որ այն կշարունակվի:

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի խոսքով` եվրաինտեգրման քաղաքականությունը Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայություններից է, եւ  ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերություններն այդ քաղաքականության տարրերից են: ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը մտադիր է զարգացնել համագործակցությունը ներկա տեմպերը՝ «Գործընկերություն հանուն խաղաղության», Անհատական գործընկերության գործողությունների ծրագրերի շրջանակում, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի մասնակցությամբ միջազգային խաղաղապահ գործողություններում :

Զրուցակիցներն անդրադարձան նաեւ տարածաշրջանային խնդիրների: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանի ցանկությունն է բոլոր հակամարտությունները լուծել խաղաղ բանակցությունների ճանապարհով: Բարձր գնահատելով ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի դերը եւ նրա աշխատանքներին ՀՀ ԱԺ  մասնակցությունը` խորհրդարանի նախագահը նշեց, որ ըստ առկա տեղեկությունների, այս տարվա հոկտեմբերին Բուխարեստում կայանալիք ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի օրակարգում ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ փորձ է արվելու ներառել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ բանաձեւ:  Նա նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներից դուրս նման բանաձեւերի քննարկումները չեն նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին եւ նպատակահարմար չհամարեց այդ փաստաթղթի քննարկումը ՆԱՏՕ-ի ԽՎ-ում: Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը  խոստացավ ՆԱՏՕ-ի ԽՎ նախագահին ներկայացնել հայկական կողմի տեսակետը:

Անդրադարձ կատարվեց նաեւ Հայաստանում իրականացվող բարեփոխումներին: Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը նշեց, որ ՆԱՏՕ-ն հավանություն է տալիս ընտրական օրենսդրության մեջ կատարված փոփոխությանը, հայտարարված համաներմանը, իշխանության եւ ընդդիմության միջեւ երկխոսությանը: ԱԺ նախագահը վստահեցրեց, որ իշխանություններն ունեն անհրաժեշտ քաղաքական կամք` ամրապնդելու ժողովրդավարության եւ մարդու իրավուքների պաշտպանությանն ուղղված բարեփոխումները: