Տպել
23.06.2011
Արտահերթ նստաշրջանն ավարտվեց
1 / 5

Արտահերթ նստաշրջանի երրորդ օրվա աշխատանքները` հունիսի 23-ին, խորհրդարանն սկսեց քվեարկություններով. Ազգային ժողովն ընդունեց նախորդ օրը քննարկված բոլոր օրինագծերը եւ վավերացրեց միջազգային երեք համաձայնագիր:

Նիստում պատգամավորների հաստատմանը ներկայացվեց եւս երկու համաձայնագիր: Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը  պատգամավորներին տեղեկություններ հաղորդեց Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջեւ ստորագրված` «Գյուղական կարողությունների ստեղծման ծրագրի» վերաբերյալ: Համաձայնագրի ֆինանսական արժեքը 20 մլն դոլար է: Այն կուղղվի փոքրածավալ արտադրություն ունեցողների եկամուտների եւ ունեցվածքի ավելացմանը, նրանց համար արտադրական եւ բարձրարտադրողական տեխնոլոգիաների մատչելիությանը: Ընդհանուր նպատակը գյուղական համայնքներում աղքատության նվազումն է:

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ ստորագրված` «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցակցության ծրագիրը»: Այս համաձայնագրով մեր երկրին կտրամադրվի  10 մլն 300 հազար փոխառության հատուկ միջոցին համարժեք արտոնյալ վարկ` համայնքներում արտոտավայրերի եւ անասնապահության համակարգերի արտադրողականությունը բարձրացնելու եւ շարունակականությունն ապահովելու համար:  Նախարարի տեղեկացմամբ` համաձայնագրով նախատեսվում է իրականացնել մրցակցային դրամաշնորհների ծրագիր` ագրոգործարարներին եւ ֆերմերական խմբերին նորարարական տեխնոլոգիաներ ներդնելու հնարավորություն տալով:

Համաձայնագրերը վավերացնելուց հետո` խորհրդարանականներն անցան «Տեղական ինքնակառավարման մասին», «Ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» եւ «ՀՀ ջրային օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ առաջարկող օրենսդրական փաթեթի քննարկմանը: Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը ներկայացրեց ոռոգման համակարգում այն  կարգավորումները, որոնք նախատեսվում են կատարել քննարկվող նախագծերով: Նշենք, որ փոփոխությունները բխում են նաեւ  Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամի` ոռոգման ծրագրերից եւ իրավական ակտերը արդի զարգացումներին համահունչ դարձնելու անհարաժեշտությունից: Մի շարք հստակեցունմներից բացի, փաթեթում օրենսդրորեն ամրագրվել է, որ համայնքի սեփականությունը համարվող ոռոգման համակարգերը օտարման ենթակա չեն: Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հիմնական զեկուցողին տեղեկացրեց` թե ինքը եւ թե այլ պատգամավորներ փաթեթի վերաբերյալ հարցեր եւ մտահոգություններ ունեն, որոնց   ակնկալում են անդրադառնալ առաջինից երկրորդ ընթերցման միջեւ ընկած ժամանակահատվածում: Նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ:

Պատգամավորները երրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեցին նաեւ «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» օրենքի  նախագիծը, ինչպես նաեւ «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» կառավարության նախաձեռնությունը:

«Հարկերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը, ինչպես նաեւ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ  օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» փաթեթն ընդունվեցին երկրորդ ընթերցմամբ:

Սպառելով օրակարգը` խորհրդարանն ավարտեց արտահերթ նստաշրջանի աշխատանքը: