Տպել
28.04.2011
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Սերբիայի Սահմանադրական դատարանի պատվիրակությանը
1 / 2

Ապրիլի 28-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Սերբիայի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Դրագիշա Սլիեպչեւիչի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը: 
 
Ողջունելով հյուրերին` ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ  Հայաստանի եւ Սերբիայի միջեւ հարաբերությունները զգալիորեն ակտիվացել են: Դրան նպաստել են  վերջին երկու տարում կատարված բարձր մակարդակով  փոխայցելությունները երկու երկրների նախագահների մակարդակով, որոնք վերընթաց բնույթ հաղորդեցին երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Քայլեր են կատարվում նաեւ միջխորհրդարանական կապերի ակտիվացման ուղղությամբ: ՀՀ խորհրդարանում գործում է Հայաստան -Սերբիա պատգամավորական բարեկամության խումբ:  Նախատեսվում է, որ Սերբիայի խորհրդարանի նախագահ Սլավիցա Դուկիչ- Դեյանովիչի հրավերով ՀՀ ԱԺ նախագահը պաշտոնական այց կկատարի այդ երկիր:

Սերբիայի ՍԴ նախագահը շնորհակալություն հայտնեց ԱԺ-ում իրենց հյուրընկալելու համար եւ համոզմունք հայտնեց, որ Հայաստան իրենց այցը, որը վերահաստատում է երկու երկրների բարեկամական կապերը, կնպաստի համագործակցության խորացմանը:

Հյուրերի խնդրանքով ԱԺ նախագահն անդրադարձավ  Ազգային ժողովի եւ Սահմանադրական դատարանի համագործակցությանը` նշելով, որ  իր կողմից խորհրդարանում ստեղծված է աշխատանքային խումբ, որն օպերատիվ կերպով արձագանքում է Սահմանադրական դատարանում որոշումներին: Արդեն երրորդ տարին է` խումբն արդյունավետ աշխատում է ՍԴ-ի հետ :

ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը եւս դրական գնահատելով ԱԺ աշխատանքային խմբի գործունեությունը եւ երկու կառույցների համագործակցությունը` տեղեկացրեց, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ համատեղ նախաձեռնել էին եվրոպական երկրների  սահմանադրական դատարանների եւ խորհրդարանների ներկայացուցիչների կոնֆերանս, որը հաջողությամբ անցկացվեց Երեւանում:

Սերբիայի Սահմանադրական դատարանի նախագահ Դրագիշա Սլիեպչեւիչը օգտակար համարեց Հայաստանի Ազգային ժողովի եւ Սահմանադրական դատարանի համագործակցության փորձը` նշելով, որ այն օրինակելի կարող է լինել իրենց համար:

Հանդիպումից հետո սերբ հյուրերը շրջեցին ՀՀ Ազգային ժողովի նիստերի վերակառուցված դահլիճում: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նրանց ծանոթացրեց խորհրդարանի աշխատակարգին եւ գործունեությանը` նշելով, որ ԱԺ-ն աշխատում է թափանցիկ եւ ձգտում  սերտացնել կապը հասարակության հետ: