Տպել
26.04.2011
ՀՀ ԱԺ նախագահ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց բուհի խորհրդի նիստին
1 / 5

Ապրիլի 26-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ, ՀՊՏՀ խորհրդի  նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի  նիստին, որին ներկա էին խորհրդի 32 անդամներից  30 -ը, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

ՀՊՏՀ խորհրդի  նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ նիստի  օրակարգային միակ հարցը  ՀՊՏՀ ռեկտորի  ընտրությունն է: «Հայաստանի  պետական  տնտեսագիտական  համալսարան» պետական ոչ առեւտրային կազմակերպության ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմի կառավարման վարչություն դիմում էր ներկայացրել մեկ թեկնածու` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր  Կորյուն  Աթոյանը։

Իր խոսքում ռեկտորի պաշտոնակատարը ներկայացրեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի զարգացման հայեցակարգային դրույթները, այնուհետեւ տեղի ունեցավ մտքերի փոխանակություն:

ԱԺ նախագահ, ՀՊՏՀ խորհրդի  նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջարկով որոշվեց ռեկտորի ընտրությունն իրականացնել փակ գաղտնի քվեարկությամբ: Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցած` ՀՊՏՀ խորհրդի  30 անդամները ձայների 28 կողմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ (1 քվեաթերթիկ ճանաչվեց անվավեր) Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր ընտրեցին Կորյուն  Աթոյանին:

ՀՊՏՀ խորհրդի  նախագահ Հովիկ Աբրահամյանը բոլորի անունից շնորհավորեց նորընտիր ռեկտորին եւ մաղթեց հաջողություններ, նորանոր ձեռքբերումներ եւ արգասաբեր աշխատանք: Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց ՀՊՏՀ նախկին ռեկտոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանին` այդ պաշտոնում կատարած արդյունավետ աշխատանքի համար` պատրաստակամություն հայտնելով հետագայում եւս օգտագործել նրա խորհուրդները բուհի կառավարման գործընթացում: Յուրի Սուվարյանը շնորհավորելով նորընտիր ռեկտորին եւ շնորհակալություն հայտնելով իր աշխատանքը գնահատելու համար` նշեց, որ այդ ողջ ընթացքում միշտ զգացել է Հովիկ Աբրահամյանի աջակցությունը բուհում զարգացում եւ առաջընթաց ապահովելու գործում:

Ելույթ ունենալով` ՀՊՏՀ նորընտիր ռեկտոր Կորյուն Աթոյանը շնորհակալություն հայտնեց ցուցաբերված վստահության համար ու խոստացավ անել հնարավորը բուհում ձեւավորված լավ ավանդույթները շարունակելու եւ սկսված բարեփոխումները շարունակելու համար: Սպառելով օրակարգը` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի  նիստն ավարտեց աշխատանքները:


26.04.2011
Ստացվել է ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ եզրակացության նախագծի նախնական տարբերակը
Ստացվել է ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի եւ ԵԽ Վենետիկի հանձնաժողովի համատեղ եզրակացության նախագծի նախնական տարբերակը, որը տեղադրված է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի էջում: Առաջիկայում նախատեսվում են խորհրդարանական լսումներ, որի մանրամասնե...