Տպել
18.04.2011
ԱԺ պատվիրակությունը վերադարձել է Ստրասբուրգից
1 / 2

ԵԽԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը ապրիլի 11-15-ը Ստրասբուրգում մասնակցել է 2011 թ. նստաշրջանի երկրորդ մասի աշխատանքներին: Արդյունքները պատգամավորներն ամփոփեցին ապրիլի 18-ին հրավիրված մամուլի ասուլիսում:

 Պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը որպես կարեւոր հարց առանձնացրեց 1416 բանաձեւի կատարման` ԼՂ հարցող ժամանակավոր ենթահանձնաժողովը վերակազմավորելու ընթացքը եւ տեղեկացրեց, որ այս նստաշրջանի ընթացքում ենթահանձնաժողովը նիստ չի գումարել: Հայկական պատվիրակության դիրքրորոշումը այս հարցում չի փոխվել. պատվիրակությունը չի պատրաստվում մասնակցել մի գործընթացի, որն անպատասխանատու է եւ  հղի անկանխատեսելի արդյունքներով` այդ թվում եւ լարվածությամբ, նշեց բանախոսը:  Դավիթ Հարությունյանը ենթահանձնաժողովի նախագահ, իսպանացի պատգամավոր  Ջորդի Խուգլա ի Կոստայի հետ առանձին հանդիպման ժամանակ մեկ անգամ եւս վերահաստատել է հայկական պատվիրակության այս դիրքորոշումը: Խոսելով մոնիտորինգի հանձնաժողովում Հայաստանի  հարցի քննարկման մասին` Դավիթ Հարությունյանը մանրամասներ չհաղորդեց եւ միայն ասաց, որ հարցը դեռ գաղտնիության փուլում է գտնվում եւ հավանաբար կլսվի աշնանային նստաշրջանի ընթացքում: Ընդհանուր գնահատմամբ` քննարկման ընթացքը նա համարեց համազեկուցողների վերջին հայտարարությանը համահունչ:   Մոնիտորինգի հանձնաժողովում մեր երկրին առնչվող հաջորդ հարցը մարդու իրավունքների հանձնակատարի զեկույցն է. այն սեւագիր տարբերակով ներկայացվել է Հայաստանի գործադիր իշխանություններին` մեկնաբանություններ ստանալու համար  եւ նախատեսվում է հրապարակել մայիսին:

Պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը  լրագրողներին ասաց, որ իր ելույթներում անդրադարձել է ադրբեջանական պատվիրակության ելույթներում հնչած մեղադրանքներին ու ապատեղեկատվությանը դիպուկահարի կողմից 9-ամյա երեխայի սպանության, ռազմագերիների խոշտանգման եւ Ստեփանակերտի օդանավակայանի մասին: Նա  խեղաթյուրված ադրբեջանական տեղեկատվությունը հերքել է հիմնավորումներով ու փաստերով, Թոմաս Համմարբերգին հարցապնդում  ներկայացրել Ադրբեջանի բարձրաստիւճան պաշտոնյաների` Ստեփանակերտի օդանավակայան թռչող քաղաքացիական ինքնաթիռները ռմբակոծելու սպառնալիքների մասին: ԵԽ նախարարների կոմիտեն շարունակում է նախագահել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: Օգտագործելով այս առիթը եւ հղում կատարելով արտգործնախարարի` մշակութային եւ կրոնական հանդուրժողականությունը առաջնահերթություն ամրագրող հայտարարության վրա` Նաիրա Զոհրաբյանը նրան առաջարկել է դիտորդական առաքելություն ուղարկել Ջուղա եւ դրանով իսկ կատարել ԵԽԽՎ 2007 թ. որոշումը` ձախողված  ադրբեջանական շանտաժի արդյունքում:  Պատգամավորը Թուրքիայի արտգործնախարարին է փոխանցել «21-րդ դարի վանդալները»` Ջուղայի մասին փաստավավերագրական ֆիլմը եւ գրքեր:  Նստաշրջանին հավիրված ` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հարց ուղղելու հնարավորություն Նաիրա Զոհրաբյանն ու Զարուհի Փոստանջյանը չեն ստացել. չնայած նրանք հերթագրվել են երրորդն ու չորրորդը` ուշացումով ներկայացված հերթագրվածների ցուցակում հայտնվել են վերջին տեղերում: ԵԽԽՎ քարտուղարությունից, ի պատասախան հայ պատգամավորների կողմից պարզաբանում հայցող պաշտոնական նամակի, պատասխանել են` կանոնակարգով ԵԽԽՎ նախագահն ունի հյուրին հարցերով դիմելու-չդիմելու հարցն անձամբ որոշելու իրավասություն: «Եթե ֆորմալ առումով Չավուշօղլուն պահպանել է կանոնակարգը, հղում կատարել կանոնակարգի դրույթին, ապա քաղաքական առումով ես սա գնատահում եմ ուղղակի  խայտառակություն»,- ասաց պատգամավորը եւ հավելեց, որ  ԵԽԽՎ նախագահն առաջնորդվում է ոչ թե Եվրոպայի խորհրդի հիմնարար արժեքներով, այլ այդ պաշտոնում նա զբաղված է թուրք-ադրբեջանական լոբբիով: Նաիրա Զոհրաբյանը պատրաստվում  է դիմել կանոնակարգային հանձնաժողով` պարզելու շահերի բախման հարցը: Չնայած ստեղծված խոչընդոտներին` պատգամավորին հաջողվել է մոտենալ Թուրքիայի վարչապետին եւ իր ասելիքը տեղ հասցնել, միաժամանակ վերջինիս եւ Դավութօղլուին տալ Ցեղասպանությանը զոհ դարձած մանուկներին պատկերող  ալբոմ:

Այս նստաշրջանին առաջին անգամ մասնակցել է նաեւ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Բաղդասարյանը: Նա տեղեկացրեց, որ ընդգրկվել է  «Եվրոպայի լիբերալների եւ դեմոկրատների ալյանս» խմբակցության մեջ եւ երկու հանձնաժողովներում:

Պատվիրակության անդամները պատասխանեցին նաեւ հարցերի:
 
 
 


18.04.2011
ՀՀ ԱԺ նախագահը ընդունեց բրիտանացի խորհրդարանականներին
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի նախագահ բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը նշեց, որ բարձր է  գն...

18.04.2011
Սենսացիայի համար ճշմարտությունը չպետք է տուժի
Ի պատասխան   «168 ժամ» թերթի հերթական  չճշտված եւ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվության, թե իբր  «ԱԺ-ում խոսակցություն կա, որ առաջին եռամսյակում ծախսվել է գործուղումներին հատկացվող գումարների մեծ մասը, եւ այն չի բավարարի մինչեւ տարեվերջ»,  տեղեկացնենք, որ լրագրողական ...