Տպել
20.12.2010
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցերով հիմնական զեկուցող Տոմաշ Պորեբայի հանդիպումները խորհրդարանում
1 / 2

Դեկտեմբերի 20-ին Ազգային ժողովի  ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հայկական պատվիրակության անդամներ Արտակ Զաքարյանը, Արմեն Ռուստամյանը, Լարիսա Ալավերդյանը, Հովհաննես Մարգարյանը եւ Արմեն Մելիքյանը հանդիպեցին Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցերով հիմնական զեկուցող Տոմաշ Պորեբային:

Տոմաշ Պորեբան կարծիք հայտնեց, որ Հայաստանի Հանրապետություն, ինչպես նաեւ  Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն իր կատարած աշխատանքային այցը արդյունավետ կլինի իր կողմից Հայաստանի վերաբերյալ  պատրաստվելիք զեկույցի անաչառ եւ օբյեկտիվ գնահատման առումով:  Կարեւորելով  ԵՄ-Հայաստան հարաբերությունների հետագա սերտացումը եւ համագործակցության ամրապնդումը` պարոն Տոմաշ Պորեբան    բարձր գնահատեց ՀՀ իշխանությունների ջանքերը մարդու իրավունքների, հասարակական կազմակերպությունների ոլորտներում, ինչպես նաեւ ՀՀ  Ընտրական օրենսգրքում կատարված բարեփոխումները եւ կարեւորեց դրանց շարունակականությունը:

ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հայկական պատվիրակության անդամները մանրամասնեցին ՀՀ Ընտրական օրենսգրքի բարեփոխման ուղղությամբ կատարվող աշխատանքները, նշեցին այն հիմնական գործոնները եւ սկզբունքները, որոնք կարող են նպաստել արդար եւ թափանցիկ ընտրությունների անցկացմանը :

 Կարեւորելով  պարոն Տոմաշ Պորեբայի աշխատանքային այցը  Հայաստան եւ Լեռնային Ղարաբա ` հայ պատգամավորները համոզմունք հայտնեցին,  որ նման այցերը տարածաշրջան կօգնեն ճշմարիտ  պատկերացում կազմել իրավիճակի, իրական գործընթացների վերաբերյալ, ինչն էլ կնպաստի անկողմնակալ եւ օբյեկտիվ եզրակացությունների ներկայացմանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրին: 
  
Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով հիմնական զեկուցող Տոմաշ Պորեբան Ազգային ժողովում հանդիպեց նաեւ  խորհրդարանի քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: ԱԺ խմբակցություններից հանդիպմանը ներկա էին Արտակ Զաքարյանը, Արմեն Մելիքյանը, Հովհաննես Մարգարյանը, Վահան Հովհաննիսյանը, Ստյոպա Սաֆարյանը եւ Լարիսա Ալավերդյանը:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը ողջունեց զեկուցողի այցը ԼՂՀ` վստահություն հայտնելով, որ այնտեղ ունեցած հանդիպումները լուսաբանել են իրավիճակը եւ բյուրեղացրել պատկերացումները ոչ միայն  արտաքին, այլ նաեւ ներքին գործընթացների վերաբերյալ: Առանց Արցախի ժողովրդի տրամադրությունները շոշափելու, նրա կամքն ու անվտանգությունը հաշվի առնելու, փախստականների հարցը քննելու անհնար է ղարաբաղյան հակամարտությունը ներկայացնել  համաշխարհային ասպարեզում, ասաց Վահան Հովհաննիսյանը:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը Հայաստանի հարցով նորանշանակ զեկուցողի հետ զրույցում անդրադարձավ  Ընտրական օրենսգրքին եւ խոսքի ազատությանը վերաբերող խնդիրներին:

«Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը եւս իր քաղաքական ուժի անունից դրական բնութագրեց զեկուցողի երկօրյա այցը ԼՂՀ: Այցելությունը համակարտության գոտի եւ իրավիճակին անձնամբ ծանոթանալը լավ նախադրյալ են օբյեկտիվ զեկույց նախապատրաստելու համար, ասաց «ՕԵ» ներկայացուցիչը:  Պատգամավորը հույս հայտնեց, որ համագործակցությունը եվրոպական կառույցների հետ կօգնի Հայաստանին` քաղաքական առաջնահերթություն ճանաչած` եվրոպական ընտանիքին ինտեգրվելու համար:

ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը խոսեց  ընտրական գործընթացների բարելավմանն ուղղված միջոցառումների մասին`  զրուցակիցներին  տեղեկացնելով, որ ընտրական օրնեսգիրքը բարեփոխման է ենթարկվում յուրաքանչյուր ընտրություններից հետո` կիրառման ընթացքում բացահայտված թերացումները շտկելու նպատակով: Այսօր էլ օրենսգիրքը վերանայման փուլում է, ինչպես նաեւ  իշխանությունների եւ ընդդիմության  երկխոսության օրակարգում: Պատգամավորը նշեց, որ խոսքի ազատության դաշտում եւս փորձում են լուծել առկա խնդիրները: Այդ նպատակով մասնավորապես բարեփոխումներ են կատարվում իրավական ոլորտում, օրինակ` զրպարտության համար պատասխանատվությունը ապաքրեականացնելով: Այսօրինակ առանցքային օրենքները, պատգամավորի հավաստմամբ, անցնում են  Վենետիկի հանձնաժողովի փորձաքննությունը:

Տոմաշ Պորեբան քաղաքական ուժերին ներկայացրեց այն հիմնական սկզբունքները, որոնք առաջնորդելու են իրեն Հայաստանի մասին զեկույցը պատրաստելիս: Նախ` Եվրոպական խորհրդարանի պատգամավորը հանդիպելու է բոլոր կողմերի հետ` այդ թվում եւ ԼՂ հակամարտության մեջ ներգրավված, իրավիճակին առավելագույնս տիրապետելու եւ տեղեկացված լինելու նպատակով: Նա իր ուշադրության կենտրոնում է պահելու թե Հայաստանի բոլոր ձեռքբերումները, թե դեռ լուծման կարիք ունեցող հարցերը:  Պրն. Պորեբան վստահեցրեց, որ զեկույցը լինելու է խիստ օբյեկտիվ եւ հավասարակշռված: Պատգամավորը նախատեսում է հանդիպել նաեւ տարածաշրջանի մյուս երկու պետությունների հարցերով զեկուցողների հետ` ընդհանուր սկզբունքները պահպանելու նպատակով: Նա նշեց, որ հնարավոր է`  զեկույցը պատրաստ լինի եւ ներկայացվի 2011 թ. տարեվերջին:

Նույն օրը Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցերով հիմնական զեկուցող Տոմաշ Պորեբայի գլխավորած պատվիրակության անդամները այցելեցին  Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ծաղիկներ դրեցին անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, եղան Ցեղասպանության թանգարանում:

 Նշենք, որ դեկտեմբերի 18-ին Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցերով հիմնական զեկուցող Տոմաշ Պորեբան այցելել է ԼՂՀ,  Ստեփանակերտում հանդիպումներ է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի,  ԼՂՀ փախստականների միության նախագահ Սարասար Սարյանի հետ:


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...