Տպել
02.12.2010
ՀՀ ԱԺ նախագահը ԱԺ Պատվո մեդալով պարգեւատրեց Պլասիդո Դոմինգոյին
1 / 6
Տեսանյութ

Դեկտեմբերի 2-ին ՀՀ Ազգային ժողով էր այցելել «Երեւանյան հեռանկարներ» 11-րդ երաժշտական միջազգային փառատոնի շրջանակներում Հայաստանում գտնվող համաշխարհային համբավ ունեցող իսպանացի տենոր Պլասիդո Դոմինգոն: Դեկտեմբերի 3-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա իսպանացի տենոր Պլասիդո Դոմինգոյի համերգը: «Երեւանյան հեռանկարներ» 11-րդ երաժշտական միջազգային փառատոնը անց է կացվում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Համերգը կայանալու է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի աջակցությամբ «ԱԺ բաց դռներ» ծրագրի շրջանակներում:

 ԱԺ ոսկեզօծ դահլիճում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ համերգային ծրագրով Հայաստանի Հանրապետությունում գտնվելու կապակցությամբ հանրահռչակ իսպանացի տենոր Պլասիդո Դոմինգոն պարգեւատրվեց ԱԺ Պատվո մեդալով: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասաց.

«Մեծարգո պարոն Դոմինգո, մեզ համար մեծ պատիվ է   Հայաստանի Ազգային ժողովում հյուրընկալել Ձեզ նման համաշխարհային մեծության աստղի:

Հարգելի մաեստրո, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ավանդաբար Պատվո մեդալի է արժանացնում գործունեության տարբեր ոլորտներում մեծ վաստակ ունեցող անհատների: Երգարվեստի բնագառավում Դուք առաջինն եք արժանանում Հայաստանի խորհրդարանի բարձրագույն այս պարգեւին այդ ոլորտում  մարդկությանը մատուցած մեծ ծառայությունների համար: Ուզում եմ հուսալ, որ Ձեր բարձր տիտղոսների ու պարգեւների կողքին Հայաստանի Ազգային ժողովի  Պատվո մեդալը կունենա իր ուրույն տեղը` նկատի ունենալով, որ այն իր մեջ կրում է մեր ջերմ զգացումն ու երախտիքը Ձեր արվեստի նկատմամբ:

Սիրելի բարեկամ, Ձեր արվեստը  ավելի քան 40 տարի հմայում է աշխարհի բազմաթիվ երկրների ունկնդիրների:

 Թեեւ Դուք առաջին անգամ եք այցելում Հայաստան, սակայն մեր երկրում եւս  Ձեր  բարձր արվեստի ու հզոր ձայնի բազում երկրպագուներ ունեք: Մեր  հիշողությունից անջնջելի են Ձեր օպերային 128 դերերգերն ու,  իհարկե, հանրահայտ «Երեք տենոր» նախագծի շրջանակներում Լուչիանո  Պավարոտտիի եւ Խոսե Կարերասի հետ ելութները: Դրանց հետեւել ենք առավելապես հեռուստատեսությամբ, սակայն այսօր, մեզ բախտ է վիճակվել անմիջականորեն հաղորդակից լինելու Ձեր բարձր արվեստին: Շնորհակալ եմ, որ համերգային շրջագայությունների  հագեցած Ձեր ծրագրում ներառել եք նաեւ Հայաստանը եւ ելույթ եք ունենալու հայաստանյան բեմում: Ուզում եմ Ձեզ հավաստիացնել, որ հայ ունկնդիրը գիտի գնահատել բարձր արվեստը եւ հավատացած եմ, որ Դուք էլ բավականություն կստանաք այդ հաճելի արձագանքից: Եվ Ձեր երեւանյան համերգը, վստահ կարող եմ ասել, որ մեր մշակութային կյանքի շրջադարձային իրադարձություններից է»:

Շնորհակալություն հայտնելով նման բարձր  պարգեւի արժանանալու համար` պարոն Դոմինգոն նշեց, որ Հայաստան իր այցելությունը ուշացած է, քանի որ երկար ժամանակ ցանկություն է ունեցել այցելել Հայաստան: Նա հույս հայտնեց, որ առաջին համերգը հիմք կդնի  ապագա շարունակական ու գեղեցիկ նոր նախագծերի համար: Հանրահռչակ տենորը նշեց, որ իր կապը հայերի եւ Հայաստանի հետ եղել է մանկությունից, որովհետեւ իր ծնողները եղել են երգիչներ, մայրը Փարիզում երգեցողության դասեր է անցել տիկին Բաբայանի մոտ: «Այնպես, որ իմ առաջին ծանոթությունը, ընդհանրապես արտաքին աշխարհի հետ, եղել է Հայաստանը: Իսպանիայից հետո առաջինը ես իմացել եմ Հայաստանի մասին»,- ընդգծեց նա: Պարոն Դոմինգոն ուրախությամբ նշեց, որ իր ընկերների թվում են մեծն Շարլ Ազնավուրը, Լեւոն Սայանը, Ալան Պրոստը, Լիլի Չուքասզյանը, Բարսեղ Թումանյանը եւ այլ հայտնի հայորդիներ, նա Արամ Խաչատրյանի մեծ երկրպագուն է: Լինելով Եվրոպայի մշակութային ժառանգության պահպանման նպատակով ստեղծված «Եվրոպան միասին» ասոցիացիայի նախագահ` նա հորդորեց մշակութային հնագույն ժառանգություն ունեցող հայ ժողովրդին հետեւողականորեն պահպանել այդ հարստությունը: «Իմ եւ ասոցիացիայի անունից ես ուզում եմ հույս հայտնել, որ Կովկասի տարածաշրջանը, որը գտնվում է Արեւելյան Եվրոպայի եւ Արեւմտյան Ասիայի խաչմերուկում, կլինի խաղաղության եւ բարգավաճման կենտրոն, կկարողանա իր հազարամյա ժառանգությունը պահպանել եւ փոխանցել հաջորդ սերունդներին: Շատ շնորհակալություն եւ հուսով եմ, որ օրերից մի օր դուք կլինեք իմ հին ընկերները»- ավարտեց իր խոսքը աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոն:
 


02.12.2010
Պլասիդո Դոմինգոյի մամուլի ասուլիսը Ազգային ժողովում
Դեկտեմբերի 2-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ  իսպանացի աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոյի  մամլո ասուլիսը: «Երեւանյան հեռանկարներ» երաժշտական միջազգային փառատոնի նախագահ Ստեփան Ռոստոմյանը նշեց, որ  11-րդ փառատոնի  շրջանակներում  Երեւանում համերգներ են տվել Ջո Կոկերը, Գորա...

02.12.2010
ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
Դեկտեմբերի  2-ին Հակոբ Հակոբյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ, որտեղ երկրորդ ընթերցման ընթացակարգով քննարկվեց եւ դրական եզրակացություն ստացավ ՀՀ կառավարության հեղինակած «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի նախագիծը` հարակից հինգ տասնյա...

02.12.2010
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց աշխարհահռչակ երգիչ Պլասիդո Դոմինգոյին
Դեկտեմբերի 2-ին  Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց աշխարհահռչակ երգիչ Պլասիդո Դոմինգոյին: Մինչ հանդիպումը ի պատիվ հանրահայտ տենորի այցի` աշխարհում հաշմանդամների միակ կամերային երգչախումբը` «Փարոս»-ը, ԱԺ բակում կատարեց Կոմիտասի հայտնի ստեղծագործություններից: Իսպանացի տենորը շնորհ...

02.12.2010
Խորհրդարանում ստորագրվեց համագործակցության հուշագիր
Դեկտեմբերի 2-ին խորհրդարանում ՀՀ չորրորդ գումարման  Ազգային ժողովի եւ քաղաքացիական հասարակության ինստիտուտների միավորում հանդիսացող «Հանրային ցանցի» միջեւ ստորագրվեց համագործակցության հուշագիր: Փաստաթուղթը ստորագրությամբ վավերացրին օրենսդիր մարմնի անունից ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյա...