Տպել
20.10.2010
ԱԺ խորհրդարանականները հանդիպեցին ԵԽԽՎ քաղաքական, տնտեսական եւ զարգացման հարցերի հանձնաժողովների զեկուցողի հետ
1 / 2

Հոկտեմբերի 20-ին ՀՀ կառավարության ընդունելությունների տանը ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպեց ԵԽԽՎ քաղաքական, տնտեսական եւ զարգացման հարցերի հանձնաժողովների զեկուցող Անդրեա Ռիգոնիի հետ:

Ողջունելով հյուրին` Նաիրա Զոհրաբյանը ներկայացրեց Հայաստանի եվրոպական ներգրավվածությունը` ներկայացնելով Հայաստան-ԵՄ, Հայաստան-ԵԽ հարաբերությունները, անդրադառնալով Եվրոպական հարեւանության քաղաքականության ծրագրին եւ հատկապես շեշտելով Արեւելյան գործընկերության կարեւորությունը: Կողմերը մտքեր փոխանակեցին Արեւելյան գործընկերության պլատֆորմների, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի վերաբերյալ: Կողմերն անդրադարձան նաեւ ազատ եւ համապարփակ առեւտրի ու ասոցացման համաձայնագրերի, վիզաների դյուրացման խնդիրներին:

Անդրեա Ռիգոնիին հետաքրքրում էին տարածաշրջանային խնդիրները: Տիկին Զոհրաբյանը ներկայացրեց հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունները` նշելով, որ Հայաստանը, հավատարիմ մնալով եվրաինտեգրման կարեւոր բաղադրիչներից մեկին` տարածաշրջանային համագործակցությանը, պատրաստ է նույնիսկ այն հարեւանների հետ համագործակցել, որոնց հետ ունի կոնֆլիկտներ, մասնավորապես Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, սակայն վերջիններս համառորեն տորպեդահարում են տարածաշրջանային որեւէ համագործակցություն Հայաստանի հետ` առաջ քաշելով նախապայմաններ Լեռնային Ղարաբաղի հարցի հետ կապված: Տիկին Զոհրաբյանը կարեւորեց նաեւ տարածաշրջանում վստահության մթնոլորտի ձեւավորումը, սակայն նրա համար անհասկանալի է, թե ինչպես է հնարավոր ձեւավորել վստահության մթնոլորտ, երբ Ադրբեջանի ղեկավարն ու այդ երկրի քաղաքական էլիտան իրենց բոլոր հրապարակային ելույթներում սպառնում են պատերազմով, երբ ընդամենը մեկ ամիս առաջ Ադրբեջանում ղարաբաղյան պատերազմ չտեսած 16-17 տարեկանների շրջանում անցկացված սոցիոլոգիական հարցման արդյունքները վկայում են, որ երիտասարդները կոչ են անում Ղարաբաղի խնդիրը լուծել պատերազմով: Ըստ նրա` սա հարեւան Ադրբեջանում տոտալ հայատյացության քարոզի հետեւանք է:

Հանդիպմանը քննարկվեցին այլ հարցեր եւս: 

  
Նույն օրը ԵԽԽՎ քաղաքական, տնտեսական եւ զարգացման հարցերի հանձնաժողովների զեկուցող Անդրեա Ռիգոնիի հետ հանդիպեց նաեւ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

Պարոն Ռիգոնին 2011 թ. հունվարի վերջին ԵԽԽՎ-ում պետք է ներկայացնի զեկույց առ այն, թե ինչպես է զարգանում Արեւելյան գործընկերությունը եւ գործընկեր երկրներում այդ հարցով ի՞նչ տրամադրություններ կան, ուստի հետաքրքրված էր սույն խնդրով: Այս համատեքստում պարոն Հովհաննիսյանն ասաց, որ Հայաստանը առաջինն էր Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի գործընկեր պետություններից, որը փորձեց պատվիրակություն ուղարկել «Եվրանեսթ» եւ ընդունեց բոլոր կանոնները` առաջարկելով իր փոփոխությունները, որոնք ընդունվեցին: Ողջունելով Արեւելյան գործընկերության ծրագրերը, չորս պլատֆորմները, հատկապես այցելությունների դյուրացումը, ազատ տնտեսական հարաբերությունները` պարոն Հովհաննիսյանը, այնուամենայնիվ, որոշ մտավախություններ ներկայացրեց «Եվրանեսթ»-ի մասով: Ըստ նրա` եթե «Եվրանեսթ»-ը դառնա տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման քննարկման վայր, ապա չի իրականացնի իր հիմնական առաքելությունը: Վահան Հովհաննիսյանը գտնում է, որ Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի գործընկեր պետությունները Եվրոպական խորհրդարանում պետք է ունենան մշտական դիտորդական առաքելություն, հանձնաժողովի նիստերում տեսակետ հայտնելու իրավասություն ունենան` դեռեւս չունենալով քվեարկելու իրավունք: «Եվրանեսթ» ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարը նշեց, որ իր այդ առաջարկը քննարկել է Հայաստանում Ռումինիայի եւ Լեհաստանի դեսպանների հետ, որոնց կարծիքով դա ամենաճիշտ լուծումը կարող է լինի: Պարոն Ռիգոնին այդ առաջարկը հետաքրքրությամբ ընդունեց եւ խոստացավ քննարկել իր երկրում:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:


16.05.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հյուրընկալել է Լեհաստանի Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահին
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, հանձնաժողովի փոխնախագահ Մերի Գալստյանը, անդամներ Սոնա Ղազարյանն ու Տաթեւիկ Գասպարյանը մայիսի 16-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին: Հանդիպմանը ներկ...

16.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում է
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին Շվեյցարիայի Համադաշնության Ժնեւ քաղաքում մասնակցել է Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստին: Հայաստանն այս տարի առաջին անգամ Միջխորհրդարանական միության «Եվրասիա...