Տպել
08.10.2010
ՀՀ ԱԺ խմբակցությունները նամակ են հղել միջազգային կառույցների ղեկավարներին

ՄԱԿ-ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ԲԱՆ ԿԻ ՄՈՒՆԻՆ

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԵԺԻ ԲՈՒԶԵԿԻՆ

ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ՄԵՎԼՈՒԹ ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒԻՆ

ԵԱՀԿ - Ի ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ՊԵՏՐՈՍ ԷՖԹԻՄԻՈՒԻՆ
 

Հոկտեմբերի 5-ին` գիշերվա ժամը 3-ին, Ադրբեջանում մահացել է Հայաստանի սահմանամերձ գոտուց առեւանգված քաղաքացիական անձ, հովիվ Մանվել Մամիկոնի Սարիբեկյանը: Հղում անելով Ադրբեջանի Պաշտպանության նախարարության եւ ռազմական դատախազության համատեղ հայտարարությանը` այդ երկրի լրատվամիջոցները նշում են, թե տեղի ունեցածը «ինքնասպանություն» է: Մինչ այդ ադրբեջանական ԶԼՄ-ներով տարածվել էր մի տեսահոլովակ, որում պարզ երեւում են Մ.Սարիբեկյանի վրա առկա խոշտանգումների հետքերը:

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորական խմբակցությունները խստորեն դատապարտում են Ադրբեջանի Հանրապետության իշխանությանը Մանվել Սարիբեկյանի մահվան կապակցությամբ եւ պահանջում են Ադրբեջանից` իր կողմից վավերացված Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ եւ 3-րդ հոդվածի դրույթներին, Ժնեւյան կոնվենցիաների եւ ՄԱԿ-ի 1984թ. դեկտեմբերի 10-ին ընդունված` «Խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ» Կոնվենցիային համապատասխան պատասխանատվության ենթարկել Մանվել Սարիբեկյանի մահվանը մեղսակից բոլոր պաշտոնատար անձանց:

Միեւնույն ժամանակ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Միջազգային Կարմիր Խաչի Կոմիտեն հանդիսանում է Ժնեւյան կոնվենցիայի եւ կից արձանագրությունների դրույթների պահպանության երաշխավորը, Ազգային Ժողովի պատգամավորական խմբակցությունները դատապարտում են Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի Երեւանի եւ Բաքվի գրասենյակների անգործությունն ու պասիվությունը:

Ադրբեջանի կողմից բարձրաձայնվող ինքնասպանության պաշտոնական վարկածը, մեր կողմից գնահատվում է որպես պատասխանատվությունից խուսափելու եւ անպատժելիության կիրառման փորձ, քանի որ քաղաքացու մոտ նախքան մահն առկա են եղել բռնության հետքեր: Ինքնասպանության վարկածի դեպքում անգամ ծագում է քաղաքացուն ինքնասպանության հակելու կամ հասցնելու վարկածը, ինչը պետք է մանրամասն քննության առնվի Ադրբեջանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից` անպայմանորեն գործընթացին մասնակից դարձնելով Հայաստանի Հանրապետության եւ միջազգային փորձագետներին: 

Մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք միջազգային փաստաթղթեր վավերացրած Ադրբեջանի Հանրապետությունը պատասխանատու է իր երկրի վարչական սահմաններում գտնվող յուրաքանչյուր անձի անվտանգության համար: Օտարերկրյա քաղաքացու կյանքի դեմ ուղղված յուրաքանչյուր ոտնձգության բացահայտմանը պետք է մասնակից դարձվեն այն երկրի ներկայացուցիչները, որի հովանավորության ներքո գտնվում է տվայլ անձը:
 
Ուստի պահանջում ենք Հայասատանի Հանրապետության հովանավորությունը կրող Մանվել Սարիբեկյանի մահվան գործի քննությանը ներգրավել ՀՀ Իրավապահ մարմինների ներկայացուցիչներին եւ պատասխանատվության ենթարկել մեղավորներին: 

Նաեւ կոչ ենք անում ԵԽԽՎ-ին, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովին, ՄԱԿ-ի եւ Եվրոպական Միության համապատասխան մարմիններին նպաստել այս դեպքի կապակցությամբ հետաքննությանը ներգրավելու Հայաստանի եւ միջազգային անկախ փորձագետներին:

ՀՀ Ազգային ժողովի խորհրդարանական խմբակցություններ`

Հայաստանի Հանրապետական կուսակցություն` Գալուստ Սահակյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն`  Գագիկ Ծառուկյան

«Հայ Յեղափոխական դաշնակցություն»   կուսակցություն` Վահան Հովհաննիսյան

«Օրինած Երկիր» կուսակցություն ` Հեղինե Բիշարյան

«Ժառանգություն» կուսակցություն ` Ստեփան Սաֆարյան