Տպել
30.09.2010
Ժնեւում ՀՀ ԱԺ նախագահը հանդիպեց շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ
1 / 6

Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը Բեռնից մեկնեց Ժնեւ,որտեղ նախատեսված էր հանդիպում Շվեյցարիայի հայ համյանքի հետ:

Շվեյցարիայում ապրում է շուրջ 4.500 հայ, որոնց մի մասը 1915թ. Եղեռնից փրկված եւ Շվեյցարիայում ապաստան գտած հայերի սերունդներն են, մյուս մասը եկել է Թուրքիայից, Լիբանանից, Սիրիայից, Եգիպտոսից եւ վերահաստատվել այստեղ:

Ժնեւում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության անդամները այցելեցին  հայկական եկեղեցի եւ հայկական կենտրոն,  որտեղ տեղի ունեցավ հանդիպում  շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ: ԱԺ նախագահը գրառում կատարեց պատվավոր հյուրերի գրքում:

ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը  մասնակցեց Հայաստանի Հանրապետության  անկախության 19-րդ տարեդարձին նվիրված ընդունելությանը: Հովիկ Աբրահամյանը հանդես եկավ ելույթով:

«Հարգելի պարոն դեսպան,

Հոգեւոր հայր,

Շվեյցարահայ համայնքի հարգարժան ներկայացուցիչներ,

Սիրելի՛ հայրենակիցներ, 
  
Առաջին հերթին թույլ տվեք ջերմորեն ողջունել ձեզ եւ շնորհավորել բոլորիս մեր հայրենիքի` Հայաստանի Հանրապետության անկախության 19-րդ տարեդարձի առթիվ:

19 տարի առաջ հանրաքվեի միջոցով անկախություն հռչակելով` հայ ժողովուրդը հիմնադրեց երրորդ հանրապետությունը: Այդ քայլով մենք իրականացրեցինք մեր նախահայրերի ավետած պատգամը, հաստատեցինք ազատ ու անկախ պետականություն կերտելու մեր միասնական կամքը: Հայոց անկախ պետականության վերահաստատումը հայ ժողովրդի ազգային զարթոնքի վերելքի ու միասնականության արդյունք էր:

Ինձ համար իսկապես հաճելի է ու պատիվ այսօր հանդիպել Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ովքեր միշտ պատրաստակամ են անձամբ ծանոթանալու Հայաստանի զարգացման ու հայ ժողովրդի ազգային նպատակների իրականացման խնդիրներին:

Շվեյցարահայ համայնքը սփյուռքի ամենակուռ համայնքներից է, որն առանձնանում է ինքնակազմակերպվածության բարձր մակարդակով: Եվ ամենեւին էլ պատահական չէ, որ հարաբերականորեն փոքրաթիվ շվեյցարահայ համայնքը կարողանում է  իրապես մեծ գործեր անել: Ասվածի խոսուն ապացույցները հայ-շվեյցարական հարաբերությունների ներկա մակարդակն է, ինչպես նաեւ Շվեյցարիայում Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը: Սա գիտեն բոլորը, եւ սա իսկապես ոգեւորիչ է:

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրը Հայաստանի քաղաքական օրակարգում է եւ աշխարհասփյուռ հայության կարեւորագույն խնդիրներից մեկն է: Ճանաչում, որը պիտի դառնա  «ցեղասպանություն» ողբերգության կրկնությունը բացառելու հիմքն ու երաշխիքը: Այդ հիմքի վրա պիտի դրվեն ցեղասպանություն երեւույթի  դեմ կառուցվելիք քաղաքակրթական պատի քարերը: Ու առաջին քարը Հայոց Ցեղասպանության ժխտման դատապարտումն ու հետապնդում է:

Այդ քարը շվեյցարահայությունը, ի փառս ողջ եվրոպական ու համամարդկային քաղաքակրթության, դրել է:

Այդ քարի  ամրությունը շվեյցարահայության կամքն է:

Շվեյցարիայի հասարակությունը երբեք անտարբեր չի եղել հայերի խնդիրների նկատմամբ: Դեռ 1894-96 թվականներին Թուրքիայում հայերի կոտորածներից հետո Շվեյցարիայի հասարակական շրջանակները դիմել էին երկրի կառավարությանը` պահանջելով դատապարտել հայերի կոտորածը եւ բողոք հայտնել Օսմանյան կայսրությանը: 1897 թվականի մարտին Շվեյցարիայի կառավարությունը քննարկել է ստացված դիմումը եւ հանդես եկել հայտարարությամբ` հայերի կոտորածը Օսմանյան կայսրությունում որակելով որպես ոճրագործություն մարդկության դեմ: Ուստի պիտի տրամաբանական համարել, որ 2003 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունած որոշմամբ Շվեյցարիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Իսկ օրակարգում  այսօր հաջորդ քարն է. այլատյացության նողկալի երեւույթի` հայատյացության դեմ պայքարը: Հարեւան Ադրբեջանում   այլատյացությունն ու ռասիզմը օր օրի արմատավորվում են`  դրսեւորվելով հայատյացության տեսքով:  Այդ երկրում մի ամբողջ սերունդ է մեծանում նման ոգով: Հայատյացությունը դառնում է մտածելակերպ, դրա տարածումը` պետական քաղաքականություն: Սա վտանգ է, որ պիտի չեզոքացվի ողջ աշխարհում, որ պիտի ջարդվի, բախվելով հայության ամուր պատին: Այստեղ անելիք ունենք բոլորս, եւ, վստահ եմ, շվեյցարահայությունն այս գործում եւս ցույց է տալու իր ուժն ու համախմբվածությունը: Սա է Արցախի խնդրի արդարացի լուծման գործում մեր պայքարի այսօրվա ճակատը:

Արցախում զինադադար է, բայց սա չի նշանակում, որ  պատերազմն ավարտվել է: Զինադադարը դեռեւս խաղաղություն չէ:  Հայաստանն ու Ղարաբաղը  երբեք պատերազմ չեն սկսել ու չեն էլ սկսի: Բայց բոլորս էլ գիտակցում ենք, որ պետք է պատրաստ լինենք պատերազմի, եթե ուրիշները ցանկանան դա: Եվ Հայաստանը չի կարող աչք փակել հարեւան երկրից անընդհատ հնչող ռազմատենչ հայտարարությունների վրա:

Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կայացած պետություն է: Հակառակ բոլոր օբյեկտիվ եւ արհեստական դժվարությունների, ծանր փորձությունների, Արցախն առաջընթաց է ապրում, կայացնում պետական ժողովրդավարական ինստիտուտները, զարգացնում իր տնտեսությունն ու մշակույթը, պաշտպանում խաղաղությունը: Սա իրականություն է, որի հետ Ադրբեջանը հաշվի չնստել պարզապես չի կարող:

Իսկ խնդրի խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները շարունակվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Չնայած ադրբեջանական կողմի պարբերական ջղաձգումներին, գործընթացի բնականոն հունը խաթարող քայլերին, որոնք արտահայտվում են տարբեր միջազգային ատյաններում անիմաստ փաստաթղթեր նախաձեռնելով, հայկական կողմը, Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդությամբ որդեգրել է կառուցողական, սկզբունքային ու հետեւողական գործելաոճ:

Չկան այնպիսի երկու հարեւան ժողովուրդներ, որոնք չունենան պատմական հակասություններ, հակամարտություններ, տարաձայնություններ, որոնցից շատերն այսօր էլ լուծված չեն: Բայց նման մարտահրավերներն ունեն քաղաքակիրթ լուծման ճանապարհ, եւ  այդ ճանապարհը երկխոսությունն է: Հայաստանը միշտ գործել է հենց այս տրամաբանության շրջանակներում, եւ իրավունք ունի նույնն ակնկալել իր հարեւաններից:

Հենց այս նույն տրամաբանությամբ էր առաջնորդվում Հայաստանը, երբ Նախագահ Սարգսյանը նախաձեռնեց Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման գործընթացը, ինչին, ցավոք, Թուրքիան պատրաստ չեղավ: Ողջ աշխարհին մենք ցույց տվեցինք մեր սկզբունքայնությունը` հանդես գալով միայն կառուցողական դիրքերից, սակայն Թուրքիան շարունակեց գործել համաձայնեցված` «առանց նախապայմանների» սկզբունքին հակառակ: Հայկական կողմը կասեցրեց արձանագրությունների  վավերացման գործընթացը եւ հայտարարեց, որ հարցը կրկին կդիտարկի միայն այն դեպքում, երբ թուրքական կողմից տեսնի անհրաժեշտ պատրաստակամություն:
 
 

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր մենք հպարտությամբ ենք նայում մեր երկրի 19-ամյա պատմությանը: Այն հաղթանակած պատերազմի, հաղթահարած ճգնաժամի, նորատիպ տնտեսության կայացման, ժամանակակից պետությանը բնորոշ ինստիտուտների ստեղծման, զարգացող հասարակական-քաղաքական միջավայրի պատմություն է, որ վերելքի մեծ ճանապահ է նախանշում: Նաեւ բազմաթիվ դժվարությունների` շրջափակման, աղքատության, կոռուպցիայի, ոտնահարված իրավունքների ու անօթեւան ընտանիքների արձանագրումներ ունի այդ պատմությունը, որ աշխատանքի է մղում բոլորին: Բայց ամենից առաջ այն հավատի պատմություն է, որ բոլոր խնդիրները միասնական ուժերով լուծվելու են: Համախմբվածությունն ու միասնականությունը մեր ժողովրդին անհրաժեշտ են առաջին հերթին:

Շվեյցարահայության փորձը վկայում է, որ եվրոպական երկրներում հայության վաստակած հարգանքն ու վարկը վերջին հաշվով տարածվում են նաեւ Հայաստանի վրա, եւ Հայաստանի` իբրեւ պետության միջազգային հեղինակության բարձրացումը կարող է տարածվել նաեւ այդ երկրներում ապրող մեր հայրենակիցների վրա: Ե՛վ Հայաստանի, եւ՛ սփյուռքահայերի բարի համբավը մեծ կապիտալ է, որի պահպանումն ու ավելացումը պահանջում է ամենօրյա աշխատանք, եւ որի պտուղները պետք է ծախսվեն խնայողաբար:

Շատերն են նախանձում Հայաստանին, որ ունի Սփյուռք` պատմական հայրենիքին այսքան նվիրված, հայրենասիրական մեծ մղումով եւ մտավոր հսկա ներուժ ունեցող ազգակիցների հավաքականություն աշխարհով մեկ: Դուք նաեւ Հայաստանի հպարտությունն եք, եւ մենք պիտի աշխատենք այնպես, որ Հայաստանը դառնա  ձեր հպարտության առարկան, ոչ միայն որպես հայրենիք, այլեւ  որպես դինամիկ զարգացող պետություն:Այդ դեպքում նույնիսկ իր արմատներից հեռացած հայը Եվրոպայում եւ ամենուրեք հպարտորեն կասի, որ ինքը հայ է, ժառանգորդն է հին, մեծ ու հզոր մշակույթի եւ ունի ուժեղ ու ծաղկուն հայրենիք:

Հայաստանը բոլորիս հայրենիքն է, իսկ Սփյուռքն ու Հայրենիքը փոխադարձաբար ուժեղ են միմյանցով: Սա պետք է լինի մեր ժողովրդի կարգախոսը, սա է մեր հաջողությունների գրավականը:

Առաջարկում եմ բաժակ բարձրացնել Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ բարեկամության ամրապնդման, հայության հզորացման եւ հայոց ազգային իղձերի իրականացման համար: 

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:

Փա՛ռք հայ ժողովրդին»: