Տպել
28.09.2010
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Շվեյցարիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի անդամների հետ
1 / 3

Սեպտեմբերի 28-ի երեկոյան ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Շվեյցարիա բարեկամական խմբի նախագահ Արա Բաբլոյանը, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանը, ժամանեց Բեռն: Շվեյցարիայի Համադաշնության մայրաքաղաքում պատվիրակությանը միացավ  Շվեյցարիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Շարլ Ազնավուրը:

ԱԺ պատվիրակության առաջին հանդիպումը  Շվեյցարիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի անդամների հետ էր: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ խորհրդանշական է, որ բարեկամական երկրում իր առաջին հանդիպումը կայանում է հենց Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խմբի հետ, որի ծավալած եռանդուն եւ անաչառ գործունեության շնորհիվ է նաեւ, որ  երկու երկրների միջեւ զարգանում եւ խորանում են բարեկամական հարաբերությունները: ԱԺ նախագահը նշեց, որ երկու ժողովուրդները նույն հոգեւոր եւ մշակութային արժեքների կրողներն են, երկու երկրները գրեթե նույն բնապատկերն ունեն, չունեն ելք դեպի ծով, սակայն ունեն համոզմունքներ, հմտություններ եւ գիտելիքներ:

Հովիկ Աբրահամյանը իր  երախտագիտությունը հայտնեց 2003 թ. դեկտեմբերի 16-ին Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Շվեյցարիայի Ազգային Խորհրդի կողմից բանաձեւի ընդունման համար եւ այդ գործում ընդգծեց Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խմբի ծավալած ակտիվ գործունեությունը: Նա նշեց, որ հայ-շվեյցարական երկկողմ հարաբերությունների առավել սերտացման համար կարեւոր է միջխորհրդարանական համագործակցության զարգացումը:  Այդ համատեքստում նա  գոհունակություն հայտնեց Շվեյցարիայի խորհրդարանում հայ-շվեյցարական բարեկամության խմբի ծավալած ակտիվ եւ արդյունավետ գործունեության համար` նշելով, որ 2008 թ. բարեկամական խմբի այցը  Հայաստան բավականին արդյունավետ էր եւ խթան հանդիսացավ ոչ միայն խորհրդարանական համագործակցության խորացման, այլեւ տնտեսական կապերի ամրապնդման եւ զարգացման համար:

Շվեյցարիա-Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբի համանախագահներ Ուելի Լոյենբերգերը եւ Դոմինիկ Դը Բյումանը բարձր գնահատեցին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի այցը երկու երկրների բարեկամությունը եւ փոխգործակցությունը ամրապնդելու եւ խորացնելու առումով: Շվեյցարացի պատգամավորները կարեւորեցին միջխորհրդարանական հարաբերությունների խորացումը, փոխայցերը եւ համագործակցությունը միջազգային կառույցներում: Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` պարոնայք Լոյենբերգերը եւ Դը Բյումանը կարեւորեցին Հարավային Կովկասում կայունության եւ խաղաղության հաստատումը եւ նշեցին, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով` ինքնորոշման սկզբունքի հիման վրա:

Սեպտեմբերի 29-ին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ կունենա Շվեյցարիայի Համադաշնության նորընտիր փոխնախագահ, Արտաքին գործերի նախարար տիկին Միշլին Կալմի-Ռեյի, Համադաշնության Պետությունների խորհրդի նախագահ տիկին Էրիկա- Ֆորստեր Վանինիի եւ Ազգային խորհրդի նախագահ տիկին Պասկալ Բրուդերեր Ուիսի հետ: