Տպել
07.09.2010
Կանադա-Հայաստան բարեկամության խմբի անդամներն այցելեցին խորհրդարան
1 / 3

Սեպտեմբերի 6-ին   եռօրյա այցով Հայաստան է ժամանել Կանադայի Համայնքների պալատի Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի անդամներին` Հարոլդ Ալբրեխթի ղեկավարությամբ:

Սեպտեմբերի 7-ին Կանադայի խորհրդարանական պատվիրակությունը Ազգային ժողովում հանդիպեց Հայաստան-Կանադա  բարեկամության խմբի անդամների հետ:

 Մինչեւ հանդիպումը բարեկամության խմբերի անդամները ծաղիկներ դրեցին 1999թ. հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Հանդիպման սկզբում հայկական կողմի խմբի ղեկավար Հովհաննես Սահակյանի խոսքերով` հայ-կանադական հարաբերությունները երկար տարիների պատմություն ունեն եւ բնորոշվում են որպես ջերմ-բարեկամական ու գործընկերային:  Այս համատեքստում պատգամավորը պատահական չհամարեց, որ Հայաստանն առաջինը դեսպանատուն է բացել հենց Կանադայում, եւ որ Կանադան էլ առաջիններից էր, որ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Նա հույս հայտնեց, որ առաջիկայում կգործի նաեւ Կանադայի դեսպանությունը Հայաստանում: Պրն. Սահակյանը հյուրերի  համար պարզաբանեց Հայաստանի դիրքորոշումը թե հայ-թուրքական հարաբերությունների, եւ թե ԼՂ հակամարտության վերաբերյալ: Առաջինի մասին ասաց, որ սպասում են  Թուրքիայի քայլին, որ նա իր  մեջ ուժ գտնի  եւ առանց նախապայմաններ առաջ քաշելու շարունակի գործըթացը: Նա վերահաստատեց  ԼՂ հակամարտության լուծման ձեւաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբը դիտարկելու` հայկական կողմի տեսակետը եւ նշեց, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից  իրականացվող ապակառուցողական գործողությունները կարող են վտանգել բանակցությունների ընթացքը: Որպես այդպիսին խմբի ղեկավարը նշեց օրերս ՄԱԿ-ում Ադրբեջանի նախաձեռնությամբ քննարկվելիք բանաձեւը` կանադացի գործընկերներից ակնկալելով  հավասարակշռված վերաբերմունք:

Բարեկամության խմբի անդամ Արծվիկ Մինասյանը, կարեւորելով նման ձեւաչափով հանդիպումները,  մարդու իրավուքների պաշտպանության եւ ժողովրդավարության ոլորտներում Կանադայի ձեռքբերումները օգտակար համարեց ժողովրդավարեցման ուղին նոր բռնած երկրների համար: Շնորհակալություն հայտնելով ԼՂ խնդրի վերաբերյալ Կանադայի ունեցած հավասարակշիռ մոտեցման համար` ՀՅԴ պատգամավորը հյուրերին առաջարկեց այցելել Արցախ եւ համոզվել, որ այն այլեւս կայացած ժողովրդավարական պետություն է: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գոհար Ենոքյանը իր խմբակցության անունից շնորհակալություն հայտնեց կանադացի գործընկերներին` Հայաստանի համար նպաստավոր բոլոր քայլերի համար` վստահություն հայտնելով, որ Կանադայի նման ժողովրդավար երկիրը չի կարող որեւէ հարցում անարդար լինել: Նա խոսեց երկու երկրների միջեւ տնտեսական հարաբերությունները զարգացնելու եւ շփումներն էլ ավելի ակտիվացնելու անհրաժեշտության մասին:  «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանն անդրադարձավ պառլամենտարիզմի դրսեւորումներին` ասելով, որ միջխորհրդարանական   հարաբերությունները դեռեւս  թույլ են զարգացած: Կանադայի որդեգրած միգրացիոն, սոցիալական եւ ազգային փոքրամասնությունների նկատմամբ քաղաքականությունը, ինչպես նաեւ համայնքների զարգացման ծրագրերը եւ կոռուպցիայի ցածր մակարդակը, պատգամավորի գնահատմամբ, փորձի փոխանակման հետաքրքրիր դաշտ են ստեղծել:

Հարոլդ Ալբրեխթը եւս երկու երկրների միջեւ ջերմ հարաբերությունների ջատագովն է եւ, ստնանձնելով բարեկամության խմբի ղեկավարի պաշտոնը,  հույս ունի նպաստել երկկողմ շփումների ակտիվացմանը: Նա հայ գործընկերներին փոխադարձ այցով հրավիրեց Կանադա: Խմբի ղեկավարը վստահեցրեց վերադառնալուն պես տեղի գործարարների հետ քննարկել Հայաստանում ներդրումների հնարավորությունները, բացի դա արտաքին գերատեսչությանը ներկայացնել հայ խորհրդարանականների բարձրացրած բոլոր հարցերը:   Կանադացի խորհրդարանականները նշեցին, որ հայերը Կանադայում հարգված են իրենց կրթվածության,աշխատասիրության, վճռականության շնորհիվ եւ որ կանադացիների համար էլ ուսանելի է հայկական հինավուրց  մշակույթը:

Նույն օրը Կանադայի Համայնքների պալատի Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի անդամները այցելեցին Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: