Տպել
11.08.2010
«Պոետիկ լռության» փառատոնը՝ Ծաղկաձորում
1 / 4

Օգոստոսի 10-ին Ծաղկաձորում բացվեց մնջախաղի թատրոնների միջազգային փառատոնը, որը կրում է մնջախաղի մեծագույն վարպետ Լեոնիդ Ենգիբարյանի անունը։ Փառատոնն անցկացվում է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի բարձր հովանու ներքո, որը նույնպես ներկա էր փառատոնի բացման արարողությանը։ Փառատոնի մասնակիցներին ուղղված ՀՀ ԱԺ նախագահի խոսքում ասված է. «Գեղեցիկ այս նախաձեռնությունը՝ մնջախաղի փառատոնը, որը Ծաղկաձորում է համախմբում «պոետիկ լռության» հեղինակավոր կրողներին, սիրված ու սպասված է ժանրի սիրահարների համար։ Երկու տարի առաջ հիմնադրվեց մնջախաղի միջազգային փառատոնը։ Արտերկրի հանրաճանաչ փորձը ներկայացնելուց բացի, փառատոնը միտված է խթանելու ազնվագույն այդ ժանրի հնագույն ավանդույթների զարգացումը արդեն համաշխարհային թատերական գործընթացների համատեքստում։

Փառատոնին մաղթում եմ երկարակեցություն եւ աշխարհագրության ընդլայնում»։

Փառատոնի բացմանը ներկա էր նաեւ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։

Այս տարի փառատոնին, որը կտեւի մինչեւ օգոստոսի 15–ը, մասնակցության հայտ են ներկայացրել մնջախաղի ժանրին պատկանող թատրոններ Հայաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Վրաստանից, Ֆրանսիայից, Լեոնիդ Ենգիբարյանի թոռ Պետեր Պոպպերը՝ Չեխիայից։ Վերջինս փառատոնի առաջին օրը ներկայացրեց իր հանճարեղ պապի երկու ստեղծագործությունները՝ «Ջութակը» եւ »Հովանոցը»։

Հիշեցնենք, որ մարտի 15—ին լրացավ Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան 75—ամյակը։ ՀՀ մշակույթի նախարարությունը, Երեւանի պետական մնջախաղի թատրոնը եւ Ազգային ժողովը մշակել են հոբելյանական միջոցառումների շարք։ Ենգիբարյանի հոբելյանին նվիրված միջոցառումները մեկնարկել են մարտի 27–ին Ազգային ժողովի այգում։