Տպել
06.08.2010
ԱԺ նախագահը մասնակցեց Հարություն Կալենցի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը
1 / 4

Օգոստոսի 6-ին Հայաստանի ազգային պատկերասրահում մեկնարկեցին  հայ մեծանուն գեղանկարիչ Հարություն Կալենցի 100-ամյակին նվիրված միջոցառումները, որոնց ներկա էին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Նախ   կայացավ Կալենցի կտավները եւ կենսագրությունը ներկայացնող գրքի շնորհանդեսը, ապա բացվեց նկարչի ցուցահանդեսը:

Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանի խոսքերով` այս հրաշալի վարպետը նոր շունչ է հաղորդել 1950-60-ական թվականների հայ գեղանկարչությանը: Գեղանկարչի որդին` «Կալենց» մշակութային հիմնադրամի նախագահ Սարո Կալենցը նկատեց, որ այս գրքին սպասել են 70 տարի, եւ վերջապես, մշակույթի նախարարության օժանդակութամբ, այն հրատարակվեց:

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը շրջեց   ցուցասրահում, ծանոթացավ ներկայացված աշխատանքներին: Լրագրողների հետ զրույցում Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Կալենցն իրոք մեծ նկարիչ է, եւ այս ցուցահանդեսի մարդաշատությունը արտահայտում է ժողովրդի, հասարակության վերաբերմունքը նրա նկատմամբ: Լրագրողի հարցին ի պատասխան` հայտնելով իր տպավորությունները, ԱԺ նախագահը նշեց.« Չկա մի մասնագետ, նկարիչ, մի հայազգի, որ չհարգի, չհավանի Հարություն Կալենցի նկարները, որովհետեւ նա մեծություն է մեզ համար, մեր ժողովրդի համար»: Հովիկ Աբրահամյանն ասաց, որ պարտավոր են անել   ամեն ինչ` Կալենցի ընտանիքին օգնելու համար, որ գեղանկարչի արվեստն ամբողջությամբ ներկայացվի հասարակությանը:

Այս տարի Հարություն Կալենցի ցուցահանդես նախատեսվում է կազմակերպել նաեւ Բեյրութում՝ նկարչի լիբանանյան շրջանը (որտեղ նա ապրել եւ ստեղծագործել է 19 տարի, մինչեւ Հայաստանը ներգաղթը)` ներկայացնող գործերով: