Տպել
05.08.2010
Անհրաժեշտ պարզաբանում` թյուրիմացությունից խուսափելու համար

Յուրաքանչյուր լրատվամիջոցի ցանկությունն է իր ընթերցողին հետաքրքիր տեղեկատվություն տրամադրել , իսկ ընթերցողին անհրաժեշտ է ճշգրիտ տեղեկատվություն ստանալ, ինչն էլ պետք է անի լրագրողը` թյուրիմացությունից խուսափելու համար:

«Հայկական ժամանակի» օգոստոսի 5-ի համարում տպագրված «Հարվածել է աշխատակազմի ղեկավարի՞ն» հրապարակման վերնագիրը թերեւս արձանագրում է, որ լրագրողն ինքն էլ այնքան էլ վստահ չէ, թե տեղի է ունեցել այն, ինչին նա անդրադարձել է իր հոդվածում: Եւ նյութը հետաքրքիր դարձնելու բնական ձգտման արդյունքում, կարծում ենք, տուժել է իրականությունը:

Նախ, ի գիտություն տեղեկացնենք, որ ըստ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետի, պատգամավորին իր լիազորությունների ժամկետով տրվում է դիվանագիտական անձնագիր: Որեւէ պատգամավորի դիվանագիտական անձնագիր չի երկարացվում, ինչպես թյուրիմացաբար նշված է հոդվածում: Ուստիեւ այն առասպելաբանությունը, որով սկսվում է վերոհիշյալ հրապարակումը` դառնալով ամբողջ հոդվածի առանցքը, ի սկզբանե հիմնված է ոչ ճիշտ տեղեկատվության վրա:

Պատգամավորն ԱԺ աշխատակազմի ղեկավարին կարող է դիմել մուտքի արտոնագիր ստանալու, այլ ոչ թե դիվանագիտական անձնագրի ժամկետը երկարացնելու համար: Իսկ հոդվածում նշված պատգամավորի անձնագիրը, ինչպես  թերթի թղթակցին տեղեկացրել են ՀՀ ԱԳՆ-ից, տրվել է 2007 թվականին եւ վավեր է մինչեւ 2012 թվականը: Երբ պատգամավորը դիմում է արտերկիր գործուղման մեկնելու նպատակով մուտքի արտոնագիր ստանալու համար, ԱԺ աշխատակազմի ղեկավարը համապատասխան նամակ է ուղարկում ԱԳՆ, որն էլ զբաղվում է մուտքի արտոնագրի հարցով, ինչի մասին էլ «ՀԺ»-ի լրագրողին հստակորեն ասել է  ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը: Ռուբեն Հայրապետյանի անձնագրի եւ ընդհանրապես նրա հետ կապված որեւէ միջադեպ   ԱԺ- ում տեղի չի ունեցել այն պարզ պատճառով, որ անձնագրի երկարացման խնդիր չի կարող լինել եւ չի եղել:

«ՀԺ»-ի ոչ ճիշտ ձեւակերպված այն հարցին, թե վերջին 1 ամսում քանի՞ պատգամավոր է դիմել դիվանագիտական անձնագրի ժամկետը երկարացնելու խնդրանքով եւ ո՞վ, ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների վարչությունից տրվել է հստակ պատասխան. նախ, վկայակոչվել է ԱԺ կանոնակարգ օրենքի համապատասխան հոդվածը, ապա նշվել, որ հիշյալ ժամանակահատվածում որեւէ պատգամավորի դիվանագիտական անձնագրի ժամկետ չի երկարացվել:

Անդրադառնալով հոդվածի հետգրությանը, թե ԱԺ արարողակարգի վարչության աշխատակիցները արձակուրդում են, եւ նրանց հետ խոսել չհաջողվեց, նշենք, որ թղթակիցը խոսել է նաեւ այդ վարչության աշխատակցի հետ, եւ ստացել միգուցե իրեն չբավարարող, բայցեւայնպես, պատասխան: