Տպել
28.06.2010
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ռումինիայի Սենատի անդամ, Ռումինիայի հայերի միության նախագահ Վարուժան Ոսկանյանին
1 / 1

Հունիսի 28-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ռումինիայի Սենատի անդամ, Սենատի ֆինանսների եւ էկոնոմիկայի մշտական հանձնաժողովի նախագահ, Ռումինիայի հայերի միության նախագահ Վարուժան Ոսկանյանին:

Ողջունելով հյուրին` ՀՀ Ազգային ժողովի նախագահը բարձր գնահատեց նրա դերն ու ներուժը հայ- ռումինական հարաբերությունների զարգացման գործում: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ երկու երկրների խորհրդարաններում գործում են պատգամավորական բարեկամության խմբեր, եւ  անհրաժեշտ համարեց միջխորհրդարանական կապերի ակտիվացումն ու փոխայցելությունները:  Նա կարեւորեց համագործակցությունը  միջազգային կառույցներում :

Ռումինիայի Սենատի անդամ Վարուժան Ոսկանյանը ներկայացրեց Ռումինիայի Սենատի ու խորհրդարանի կառուցվածքը, նրանց գործունեությունը: Ինչ վերաբերում է Ռումինիայի հայ համայնքին, Վարուժան Ոսկանյանը  ՀՀ Ազգային ժողովի նախագահին տեղեկացրեց, որ մեր ռումինահայ հայրենակիցները շատ հարգված են, իսկ համայնքը բավականին ազդեցիկ է:

Զրուցակիցներն անդրադարձան նաեւ տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հիմնահարցին, հայ-թուրքական հարաբերություններին, Հայաստանի տնտեսության վրա ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությանը:

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Ռումինիայի Սենատի հայազգի  անդամի միջոցով Սենատի նախագահին փոխանցեց Հայաստան այցելելու հրավերը: