Տպել
09.06.2010
Քննարկվեցին վարկային համաձայնագրեր եւ «Լեզվի մասին» օրենքը փոփոխելու առաջարկը
1 / 4
Ազգային ժողովը հունիսի 9-ի նիստն սկսեց համաձայնագրերի քննարկմամբ:         Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը խորհրդարանի վավերացմանը ներկայացրեց  Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի հետ վարկային չորս միջազգային պայմանագիր:

Դրանցից առաջինով` «Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ փոխառության համաձայնագրով (Լրացուցիչ ֆինանսավորում Սոցիալական պաշտպանության վարչարարության ծրագրի համար)» նախատեսվում է Հայաստանին տրամադրել 5 մլն դոլարի վարկ: Կառավարությունը վարկային այս միջոցներով ծրագրում է բարելավել հանրային զբաղվածության, կենսաթոշակային եւ սոցիալական աջակցության գործակալությունների գործունեությունը` ապահովելով բնակչությանը մատուցվող ծառայությունների նոր որակ:

«Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ վարկային համաձայնագրի (Երեւանի մետրոպոլիտենի վերակառուցման ծրագիր)» շրջանակներում  վարկառուն կփոխի մետրոպոլիտենի շարժակազմը, կբարեկարգի գծերը,  ինչպես նաեւ կտեղադրի պոմպեր` թունելներից ջուրը հեռացնելու համար:  Վարդան Արամյանը նշեց, որ մայրաքաղաքի մետրոպոլիտենում 30-40 տարի է` կապիտալ ներդրումներ չեն կատարվել, եւ այն բարեկարգելը կարեւոր սոցիալական նշանակություն ունի: Վարկային այս ծրագրով նախատեսվում է նշված նպատակին ուղղել 5 մլն եվրո: Մետրոպոլիտենի բարեկարգումը կիրականցվի երկու փուլով: Առաջին փուլում կներդրվի 15 մլն դոլար:

«Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային  բանկի  միջեւ վարկային համաձայնագիրը (Հանրային հատվածի արդիականացման երկրորդ ծրագիր)» նախատեսում է տրամադրել 9 մլն դոլար: Վարկային այս միջոցները, ֆինանսների փոխնախարարի տեղեկացմամբ, կուղղվեն հանրային կառավարման բարելավմանը` քաղաքականության մշակման եւ ռեսուրսների արդյունավետ կիրառման ոլորտներում:  Միջոցներ կհատկացվեն նաեւ տեկեկատվական համակարգերի ստեղծման համար:

«Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ վարկային համաձայնագիրը (Երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում Սոցիալական ներդրումների 3-րդ ծրագրի համար) » գնահատվում է 7 մլն դոլար: Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկն այսքան գումար կտրամադրի համայնքային ենթակառուցվածքների եւ ծառայությունների մատչելիությունն ու որակը բարձրացնելու նպատակով ` դրանով իսկ նպաստելով սոցիալական խոցելի խմբերի կենսամակարդակի բարձրացմանը:

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Լյովա Խաչատրյանը հանաձայնագրերի վերաբերյալ ներկայացրեց գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Երկրորդ ընթերցման ընթացակարգով խորհրդարանը  քննարկեց պատգամավորների հեղինակած` «Հողի հարկի արտոնություններ տրամադրելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»  նախագիծը, ինչպես նաեւ «Կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին եւ հարակից երկու օրենսդրական  նախագծերի փաթեթը` առանց փոփոխությունների:

Առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 105.1 հոդվածով`  ՀՅԴ խմբակցության պատագամավոր Արծվիկ Մինասյանը երկրորդ նիստում հանդես եկավ   հարցապնդմամբ, որին արձագանքեց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Խմբակցության պատգամավորը կառավարությանն առաջարկեց    հանրապետությունում գազամատակարարման համակարգի գործունեության, ոլորտի պետական կառավարման  արդի վիճակի մասին տեսակետներ ներկայացնել: Նա նաեւ անհրաժեշտ համարեց, որ գործադիրը հանդես գա գազամատակարարման համակարգի  բարեփոխման վերաբերյալ առաջարկներով:

Խորհրդարանն սկսեց «Լեզվի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ  կատարելու մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթի քննարկումը: Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը,մինչ առաջարկի  բովանդակությունը ներկայացնելը, խոսեց փաթեթի մեծ հնչեղության մասին` նկատելով, որ հասարակությունն այս հարցում երկփեղկվել  է: Այդուհանդերձ, երկամսյա քննարկումների արդյունքում փաթեթն արդեն մեկ անգամ լրամշակվել է, իսկ վերջնական ձեւակերպումներն այն կստանա հիմնական զեկուցողի` Արմեն Աշոտյանի եզրակափակիչ ելույթում:  «Հայաստանի Հանրապետությունում գործող ուսումնական հաստատություններում եւ կրթական ծրագրեր իրականացնող այլ կազմակերպություններում կրթության եւ ուսուցման լեզուն գրական հայերենն է` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի»,-սա նախագծի սկզբունքային եւ բուռն քննարկումների առիթ դարձած   դրույթն է: Օտար լեզվով կրթական ծրագրեր իրականացնելու հնարավորությունը տրվում է բացառապես ոչ պետական ուսումնական հաստատություններին, ինչպես նաեւ միջպետական եւ միջգերատեսչական համաձայնագրերով  ստեղծված ուսումնական հաստատություններին: Նշենք, որ ամրագրված է այդ դպրոցներում հայոց լեզվի եւ հայագիտական առարկաների  հայերեն ուսուցման մասին պարտադիր նորմ ` ՀՀ քաղաքացիների համար: Պատգամավորների կողմից առաջարկ եղավ` օտար լեզվով կրթական ծրագրեր միայն ավագ դպրոցում իրականացնելու վերաբերյալ: Այս եւ այլ հարցերի հիմնական զեկուցողը կարձագանքի քննարկումների վերջին փուլում` եզրափակիչ ելույթի ժամանակ ներկայացնելով կառավարության դիրքորոշումը:  Գլխադասային` խորհրդարանի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ,մշտական հանձնաժողովը թեեւ փաթեթին տվել է դրական եզրակացություն, բայց կարծիքներն այնտեղ էլ են կիսվել: Հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը պատգամավորների ուշադրությունը հրավիրեց  նախագծի այն դրույթի վրա, որի համաձայն  այլընտրանքային, հեղինակային, փորձարարական եւ միջազգային ծրագրեր իրականացնող օտարալեզու ուսումնական հաստատությունները  գործելու են բացառապես ՀՀ կառավարության որոշմամբ: Նա նշեց, որ հանձնաժողովում պատրաստ են լսել եւ քննարկել պատգամավորների բոլոր առաջարկները:

Հարցի քննարկումը կշարունակվի հունիսի 10-ի նիստում:

ԱԺ կանոնակարգի համաձայն` չորեքշաբթի օրվա վերջին նիստում պատգամավորները հարցեր ուղղեցին կառավարության անդամներին: