Տպել
02.06.2010
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց Արարատի մարզ
1 / 6
Տեսանյութ
Հունիսի 2-ին  ՀՀ  Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց Արարատի մարզի  Այգեզարդ, Ավշար եւ Արմաշ համայնքներում գտնվող` «Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամ-Հայաստան» ծրագրի տեղամասեր:

Այգեզարդում կառուցված նոր ինքնահոս ջրահամակարգն ունի առավել քան 708 հեկտար հողատարածք ոռոգելու հնարավորություն: Այն ոռոգման ջրով կապահովի Բանավան, Վեդի, Այգեզարդ, Նոր Ուղի համայանքներում բնակվող 11 հազար 364 շահառուներին: «Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամ-Հայաստան» ծրագրի  կողմից նշված համայնքներում ներդրվել է նաեւ կաթիլային ոռոգման համակարգ: Հովիկ Աբրահամյանը ծանոթացավ այգեգործ Աշոտ Աբրահամյանի այգում տեղադրված նման համակարգի աշխատանքներին:

Ավշարում ՀՀ  Ազգային Ժողովի նախագահն այցելեց  ֆերմեր Հարություն Հովհաննիսյանի ջերմոցային տնտեսություն, որտեղ եւս «Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամ-Հայաստան» ծրագրի շրջանակներում ներդրվել է նոր կաթիլային ոռոգման համակարգ: Հովիկ Աբրահամյանը շրջեց տնտեսության տարածքում, ծանոթացավ իրականացված աշխատանքներին, ծրագրի արդյունքներին:

ՀՀ  Ազգային ժողովի նախագահը եղավ նաեւ Արմաշի պոմպակայանում, որը սպասարկում է Արարատի մարզի 23 համայնքների: «Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամ-Հայաստան» ծրագրի  աջակցությամբ իրականացված նորոգումից հետո այն ամբողջովին տեխնիկապես վերազինվել է, ինչը հնարավորություն է տալիս անխափան ջրամատակարարում իրականացնել:

Կատարված աշխատանքներին ծանոթանալուց հետո լրագրողների հետ  զրույցում Հովիկ Աբրահամյանը կարեւոր համարեց, որ Հայաստանում նման 17 պոմպակայաններ են վերանորոգվելու: Ինչ վերաբերում է  «Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամ-Հայաստան» ծրագրին, ՀՀ ԱԺ նախագահը նշեց. «Ես կանգնած եմ այս ծրագրի ակունքներում: ԱՄՆ-ի կառավարության հետ «Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամ-Հայաստան»-ի այս ծրագիրը քննարկվել է դեռեւս այն ժամանակ, երբ կառավարությունում էի աշխատում:  Եղել եմ համայնքների մեծ մասում, որտեղ կան ոռոգման, խմելու ջրի հետ կապված խնդիրներ: Ծրագիրը մի փոքր ձգձգվեց, մասամբ կրճատվեց, բայց իրականացվում է նրա  կարեւոր բաղադրիչը` ոռոգման ցանցի վերականգնումը, որը շատ կարեւոր է գյուղատնտեսության զարգացման համար»:

 Հովիկ Աբրահամյանը ողջունեց ԱՄՆ-ի կառավարության աշխատանքները եւ հորդորեց, որ  հնարավորության դեպքում «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը շարունակվի` հաշվի առնելով նրա կարեւորությունը. « ՀՀ կառավարության հետ միասին նույնպես ունենք ջրամատակարարման բարելավման նման ծրագրեր: Համոզված եմ, որ առաջիկա երկու տարվա ընթացքում մենք կլուծենք ոռոգման հետ կապված խնդիրները, որոնք գոյություն ունեն 10 մարզերում»: