Տպել
19.03.2010
Հանդիպում ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում
1 / 1

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը մարտի 19-ին ընդունեց «Արեւելյան գործընկերության» ծրագրի քաղաքացիական ֆորումի հայ ներկայացուցիչներին: Քննարկվեցին Արեւելյան գործընկերության չորս հիմնարար պլատֆորմներին առնչվող հարցերը քաղաքացիական հասարակության, ինչպես նաեւ խորհրդարանական ռեսուրսներով առաջ մղելու մեխանիզմները, հատուկ անդրադարձ կատարվեց Արեւելյան գործընկերության խորհրդարանական ձեւաչափի` «Եվրանեսթի» աշխատանքներին:

Տիկին Զոհրաբյանը տեղեկացրեց, որ «Եվրանեսթի» մեկնարկային նիստը, որը նախատեսված էր Բրյուսելում` մարտի 23-ին, հետաձգվել է տեխնիկական պատճառներով: Հանձնաժողովի նախագահը նշեց նաեւ, որ օրերս ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ստորագրությամբ Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկին է ուղարկվել Արեւելյան գործընկերության խորհրդարանական ձեւաչափի` «Եվրանեսթի» կանոնադրության վերաբերյալ հայկական կողմի առաջարկները:

Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ Արեւելյան գործընկերության խորհրդարանական ձեւաչափի կանոնադրությունը պետք է հիմնված լինի Արեւելյան գործընկերության չորս թեմատիկ պլատֆորմների եւ գործընկերության օրակարգի վրա, որտեղ հակամարտությունների խնդիր չկա, ուստի, ըստ տիկին Զոհրաբյանի, առնվազն տարակուսելի է, որ «Եվրանեսթի» կանոնադրության նախագծում, որը ուղարկվել է գործընկեր պետություններին առաջարկներ ներկայացնելու համար, ներառված է հակամարտությունների քննարկման հարցը: Չնայած «Եվրանեսթի» բանաձեւերը եւ որոշումները իրավական եւ պարտադիր ուժ չեն ունենալու, այդուհանդերձ, հանձնաժողովի նախագահը շեշտեց, որ հայկական կողմի համար անընդունելի է շեղվելը Արեւելյան գործընկերության թեմատիկ պլատֆորմներից եւ օրակարգից ու «Եվրանեսթում» այնպիսի խնդիր ներառելը, որը Արեւելյան գործընկերության ծրագրով նախատեսված չէ:

Կողմերը քննարկեցին նաեւ Արեւելյան գործընկերության եւ Եվրոպական հարեւանության քաղաքականությանն առնչվող կոնկրետ խնդիրներ:


19.03.2010
Խորհրդարանական ճեպազրույցները
Մարտի 19-ին լրագրողների համար մարտի քառօրյա նիստերի աշխատանքներն ամփոփեցին ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները: Ճեպազրույցների հիմնական թեմաներն էին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը եւ տնտեսական իրավիճակը Հայաստանում: «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը, ...