Տպել
03.03.2010
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց Արմավիրի մարզ
1 / 5
Տեսանյութ

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը` խորհրդարանի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանի եւ պատգամավորների ուղեկցությամբ, մարտի 3-ին այցելեց Արմավիրի մարզ` տեղում գնահատելու գարնանային գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը եւ լսելու գյուղացուն հուզող խնդիրների մասին:  Հանձնաժողովի նախաձեռնությամբ սա արդեն  չորրորդ այցն էր հանրապետության մարզեր:

 Խորհրդարանականների հետ մարզի համայնքներով շրջայց կատարեցին  Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը, ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը, համայնքապետեր, մասնագետներ ոլորտին առնչվող գերատեսչություններից:

Առաջին կանգառը Արագած համայնքում էր, որտեղ ԱԺ նախագահի հետ   դաշտում հանդիպման էին եկել նաեւ Աղավնատուն եւ Ծաղկալանջ գյուղերի բնակիչները:  Հովիկ Աբրահամյանը փոխանցեց գյուղացուն օգնելու` խորհրդարանի ցանկությունն ու պատրաստակամությունը` կառավարության հետ միասին: Արդյունքը, ԱԺ նախագահի համոզմամբ, գյուղացու համար զգալի կլինի աստիճանաբար` ժամանակի հետ: Հովիկ Աբրահամյանն ընդգծեց, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամը խանգարել է մի շարք ծրագրերի իրականացմանը: Այդուհանդերձ, խորհրդարանի ղեկավարի խոսքերով, ճգնաժամի եւ ֆինանսական միջոցների նվազման արդյունքում  չի կրճատվել սոցիալական եւ ոչ մի ծախս, երբ եվրոպական երկրներում անգամ աշխատավարձերն են կրճատվել:  ԱԺ նախագահը թերություններ էլ է տեսնում կատարված աշխատանքներում եւ հույս ունի, որ ընթացիկ տարում կհաջողվի արձանագրել տնտեսական աճ:

Անկաշկանդ զրույցի ընթացքում գյուղատնտեսությամբ զբաղվողները պրն. Աբրահամյանին փոխանցեցին իրենց մտահոգությունը պարարտանյութերի բարձր գների վերաբերյալ:  Գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը պարզաբանեց, որ մինչեւ վերջին ժամանակներս կառավարությունը պարարտանյութերի ձեռքբերման համար հատկացնում էր սուբսիդիա, իսկ այժմ գործում է նոր` ազատականացված  գների կարգ: Սրա հետեւանքով պարարտանյութերը թանկացել են եւ գյուղացու համար դարձել պակաս մատչելի, թեե օգտագործողները գոհ են համալիր պարարտանյութի որակից: Այս համայնքներում ոռոգման ջրի պակասից դժգոհողներ չեղան, թեեւ զրույցի ընթացքում  խոսեցին ջրի բարձր սակագնից` փաստելով, որ գյուղացու համար թիվ մեկ խնդիրը  ֆինանսական միջոցների անբավարարությունն է: Համայնքների որոշ բնակիչներ էլ խոսեցին կարճաժամկետ վարկերը երկարաժամկետներով փոխարինելու իրենց ցանկության մասին: Նշենք, որ տարվա այս փուլում Արագած գյուղն աչքի է ընկնում թարխունի առատ բերքով, որն արտահանվում է անգամ հարեւան Վրաստան: Ըստ գյուղի բնակիչների` մարզում իրենք միակն են, ում հաջողվում է տարեկան երեք անգամ բերք ստանալ:

 Հաջորդ` Սարդարապատ, Այգեվան եւ Լենուղի գյուղական համայնքներում խորհրդարանի ղեկավարը նշեց, որ իրենք պատկերացնում են եւ գիտեն գյուղացու խնդիրները, իսկ այսօրինակ այցերը  կարեւոր համարեց չնկատած  հարցերն անմիջականորեն գյուղացիների օգնությամբ տեսնելու տեսանկյունից: Կրկին լսելով պարարտանյութերի թանկության մասին` ԱԺ նախագահը տեղեկացրեց, որ այդ հարցը լուծում է պահանջում, որը կփորձեն գտնել խորհրդարանում ոլորտի պատասխանատուների հետ միասին:  Այս համայնքներում ջրի ներքին ցանցի մաշվածության պատճառով  ջուրը չի հասնում բոլոր սպառողներին: Հովիկ Աբրահամյանի կարծիքով` ներքին ցանցերը վերականգնելու համար առավել ճիշտ կլինի  դրանք հանել համայնքների ենթակայությունից եւ համապատասխան կառույցներին լիազորել զբաղվել դրանցով: Խոսվեց նաեւ հակակարկտային կայանների մասին: Արմավիրի մարզպետը ներկայացրեց, որ կա հակակարկտային 28 կայան, որոնց շուտով կմիանա եւս 22-ը: 8 կայան էլ կտեղադրվի «ՎիվաՍելի» աջակցությմաբ: Գյուղացիները բարձրացրին նաեւ գյուղմթերքների իրացման հարցը: ԱԺ նախագահը խոստացավ օգնել բերքը վերամշակող կազմակերպություններին հանձնելու գործում:

 Պատգամավորներն այցելեցին նաեւ «ՄԱՊ» Արմավիրի գինու եւ կոնյակի գործարան, որը հանդիսանում է գյուղմթերքների հիմնական վերամշակողը այս տարածքում: Գործարանն արտադրում է երկու տասնյակ տեսակի պահածո եւ նույնքան էլ գինի, ինչպես նաեւ 3-40 տարի հնեցված կոնյակ: «ՄԱՊ» ընկերության նախագահ Ալեքսան Պետրոսյանը տեղեկացրեց, որ այս տարվա համար արդեն կնքվել է 25 հազար տոննա բերքի մթերման պայմանագիր, իսկ այն գյուղացիները, ովքեր լիարժեքորեն են կատարել նախորդ տարի պայմանագրով նախատեսված պարտավորություններ, կանխավճար կստանան:

 Արմավիրի մարզ այցելությունն ամփոփվեց մարզպետարանում` համայնքապետերի եւ արտադրող-վերամշակող գործարանների տնօրենների մասնակցությամբ: Նշելով, որ պետք է ավելի ամրապնդել խորհրդարան-հասարակություն հարաբերությունները, ԱԺ նախագահը համայնքապետերին կոչ արեց իրենց տարածքում քվե ստացած պատգամավորների միջոցով առկա խնդիրները օրենսդիր մարմնում լսելի դարձնել: Խորհրդարանի ղեկավարը նշեց, որ  համայնքի ղեկավարները պարտավոր են տեղյակ լինել գյուղացու հոգսերին:

Համայնքապետերի բարձրացրած խնդիրների տարբեր էին`  որակով սերմերի բացակայությունից մինչեւ գյուղմթերքի իրացման սահմանափակ հնարավորությունները: Լուկաշին համայնքի ղեկավարը խորհրդարանականների ուշադրությունը հրավիրեց գյուղի վատորակ ավտոճանապարհների վրա` նկատելով, որ բերքը վնասվում է  տեղափոխելիս: ԱԺ նախագահը պարզաբանեց, որ  ճանապարհների նորոգումը նախատեսվում էր իրականացնել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի միջոցներով, ինչը առայժմ հետաձգվել է: Փոխարենը բանակցություններ են վարվում բանկերի հետ` այլ վարկային միջոցներով  ճանապարհները վերանորոգելու շուրջ: Արմավիրի մարզպետը տեղեկացրեց, որ կառավարության հետ պայմանավորվածություն կա  պետբյուջեի միջոցներով ավարտին հասցնել ճանապարհների կիսատ մնացած նորոգումը ` այդ թվում եւ Լուկաշինի:  Ակնալիճի գյուղապետը  խոսեց ոռոգման ջրի գերնորմատիվային ծախսի վերաբերյալ`  ասելով, որ այդ ծախսերի պատճառով գյուղացիները չեն կարողանում մշակել հողը. գյուղում 1080 հեկտարից ընդամենը 460 հեկտարն են կարողացել ոռոգել: Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը տեղեկացրեց, որ անցյալ տարի   գերնորմատիվային ծախսի համար 183 մլն. դրամ է հատկացվել 70 համայնքներին, սակայն փաստաթղթավորվել-հիմնավորվել  եւ ծախսվել է ընդամենը 39 մլն.-ը, մնացածը վերադարձվել է բյուջե: Դա այդօրինակ ծրագիր էր եւ այս տարի չի կրկնվել: Արգավանդի համայնքապետը բարձրացրեց  ջրի ներքին ցանցի վերականագնման հարցը: ԱԺ նախագահը մատնանշեց համայնքի 15 տոկոս համաֆինանսվարմամբ  ցանցը  ՀԲ-ի հետ վերանորոգելու հնարավորությունը:

 Լրագրողների հետ զրույցի ընթացքում խորհրդարանի ղեկավարն ընդգծեց մարզեր այցերի կարեւորությունը` հավելելով, որ առաջին  այցին Արմավիր հաջորդելու են մյուս մարզերը: Բարձրացված հարցերին գործնական լուծումներ տալուց բացի` ԱԺ նախագահը կարեւոր համարեց գումարներն արդյունավետ ծախսելու խնդիրը: Իսկ այն, որ հարցն արդիական է, պարզ է դարձել Վերահսկիչ պալատի ուսումնասիրություններից: «Այն խնդիրները, որոնք հնարավոր է լուծել առկա ռեսուրսներով, լուծելու ենք կառավարության հետ միասին»,-հավաստիացրեց ԱԺ նախագահը:

Ինչպես այս, այնպես էլ այլ մարզեր կատարած այցելությունների ընթացքում բարձրացված հարցերը ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը առաջիկայում կքննարկի խորհրդարանական լսումների ձեւաչափով` դրանք լուծելու համար միավորելով թե պատգամավորների,  թե համայնքների եւ թե ոլորտների պատասխանատուների ջանքերը:
 
 
 
 
 
 
 


03.03.2010
Գագիկ Ծառուկյանն ընդունել է Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահին
Փետրվարի 3-ին   ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար  Գագիկ Ծառուկյանն ընդունել է Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարթենսի գլխավորած պատվիրակությանը: Առանձնազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել միջկուսակցական կապերի եւ հարաբերությունների խորացման, հետագա համագործակց...

03.03.2010
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ARTOC group ընկերության նախագահին
Փետրվարի 3-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ARTOC group տրանսազգային ներդրումային ընկերության նախագահ Մոհամեդ Շաֆիկ Գաբրին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ընկերության կողմից Հայաստանում իրականացվող ներդրումային ու ենթակառուցվածքային ծրագրերը, ինչպես նաեւ հետագա համագործակցության հնարավոր...