Տպել
19.01.2010
ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 3

Հունվարի 19-ին Հակոբ Հակոբյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ` օրակարգում ունենալով կառավարության հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նիստին մասնակցում էին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչներ, Հայաստանի գործատուների հանրապետական միության եւ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի անդամներ:

Գործադիրը նպատակ ունի հստակեցնել աշխատանքային հարաբերությունների ծագման, կարգավորման մեխանիզմները եւ դրանք համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրությամբ ու ԱՄԿ-ի կոնվեցիաներով եւ Վերանայված Եվրոպական սոցիալական խարտիայով ամրագրված դրույթների պահանջներին: Կառավարությունն առաջարկում է գործատուի եւ աշխատողի միջեւ կնքել բանավոր եւ գրավոր աշխատանքային պայմանագրեր. բանավոր պայմանագիրը նպատակ ունի նվազեցնել աշխատանքի ընդունվելու ժամանակ տարվող փաստաթղթային ձեւակերպումները` սահմանելով, որ աշխատանքային պայմանագիրը կնքվում է բանավոր, եթե այն բովանդակում է միայն աշխատանքային օրենսգրքով սահմանված նվազագույն պայմանները, բացառությամբ աշխատավարձի չափի, հակառակ դեպքում` պայմանագիրը կնքվում է գրավոր: Նվազեցվել է արտաժամյա եւ գիշերային աշխատանքի վարձատրության չափը` գործող օրենսգրքով սահմանված ժամային դրույքաչափի մեկ ու կես անգամից ոչ պակասի փոխարեն սահմանելով առաջին դեպքում 50%, երկրորդ դեպքում 30% հավելում: Հստակ սահմանվում են աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում վճարվող արձակման նպաստի չափերը` կախված տվյալ գործատուի մոտ աշխատողի անընդմեջ աշխատանքային ստաժից. որքան շատ է աշխատանքային ստաժը, այնքան մեծ է վճարվող գումարը:

Քննարկումների արդյունքում Հայաստանի գործատուների հանրապետական միության եւ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի անդամները ընդունելի համարեցին կառավարության որոշ առաջարկներ, իսկ վիճահարույց հարցերը որոշվեց քննարկել եւ ներկայացնել փոխհամաձայնեցված տարբերակ:

 Նիստի ավարտին ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, կարեւորելով շահագրգիռ քննարկումները, առաջարկեց օրինագծի վերաբերյալ առաջարկները գրավոր ներկայացնել հանձնաժողովին: