Տպել
29.10.2009
Միջխորհրդարանական միության 121-րդ վեհաժողովը

Հոկտեմբերի 19-21-ը Ժնեւում տեղի ունեցավ Միջխորհրդարանական միության 121-րդ վեհաժողովը, որին մասնակցեց ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը `ԱԺ փոխնախագահ, պատվիրակության ղեկավար  Սամվել Նիկոյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին պատգամավորներ Հեղինե Բիշարյանը եւ Միքայել Վարդանյանը:

 Միջխորհրդարանական միությունն ամենահին խորհրդարանական կազմակերպությունն է: Այն ստեղծվել է 1889 թվականին. կազմակերպությանն անդամակցում է 152 երկրի խորհրդարան,  ունի 8 ասոցիացված անդամ:
 Հոկտեմբերի 19-ին գումարվեց Միջխորհրդարանական միության ղեկավար խորհրդի առաջին նիստը, որտեղ քննարկվեցին կազմակերպության անդամակցության, որոշ անդամ երկրներում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր,  ՄՄ-ի նախագահի եւ գլխավոր քարտուղարի հաշվետվություններն անցած վեց ամսվա ընթացքում կատարած աշխատանքի մասին եւ այլն:

Նույն օրը «Եվրասիա» աշխարհաքաղաքական խումբը, որին անդամակցում է նաեւ Հայաստանը, հրավիրեց նիստ, որտեղ, ի թիվս այլ հարցերի, բարձրացվեց նաեւ կազմակերպության ղեկավար մարմնում` Գործադիր կոմիտեում թափուր տեղը լրացնելու հարցը:  ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Սամվել  Նիկոյանն առաջարկեց, որպեսզի «Եվրասիա» խմբի կողմից ներկայացվի  Միքայել Վարդանյանի թեկնածությունը:

 Օրվա երկրորդ կեսին տեղի ունեցավ  Միջխորհրդարանական միության 121-րդ վեհաժողովի բացումը, որի  օրակարգում ընդգրկված էին եւ քննարկվեցին գլոբալ նշանակություն ունեցող այնպիսի հարցեր, ինչպիսիք են` «Կազմակերպված հանցավորության, մասնավորապես թմրադեղերի, զենքի ապօրինի վաճառքի, մարդկանց թրաֆիքինգի եւ միջազգային ահաբեկչության դեմ համաշխարհային պայքարում համագործակցությունն ու համատեղ պատասխանատվությունը», «Խորհրդարանների դերակատարությունը «Հարավ-հարավ եւ եռակողմ համագործակցությունը» զարգացնելու գործում` նպատակ ունենալով արագացնել Հազարամյակի զարգացման նպատակների իրականացումը», «Երիտասարդության մասնակցությունը ժողովրդավարական գործընթացներին» հարցերը: Ինչպես միշտ վեհաժողովի օրակարգում ներառվեց արտակարգ հարց: Ազգային խորհրդարաններն ու խմբերը ներկայացրել էին մի շարք հարցեր, սակայն քվեարկության արդյունքում օրակարգ մտավ Ուգանդայի եւ Ավստրալիայի առաջարկությունը` «Խորհրդարանների դերը պարենի անվտանգության ապահովման գործում»:

Հոկտեմբերի 20-ին եւ 21-ին շարունակվեցին վեհաժողովի եւ ղեկավար խորհրդի նիստերը: Ղեկավար խորհուրդն ընտրեց Գործադիր կոմիտեի հինգ նոր անդամների, որոնց թվում էր ՀՀ ԱԺ պատգամավոր Միքայել Վարդանյանը: Նա դարձավ նաեւ Միջխորհրդարանական միության փոխնախագահ: