Տպել
20.10.2009
Հանդիպումները շարունակվում են ԱԺ մշտական հանձնաժողովներում

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը հոկտեմբերի 20-ին հանդիպեց Նիդեռլանդների  խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ  պրն. Հենկ Յան Օրմելի գլխավորած պատվիրակության հետ:

Ողջունելով հյուրերին` Արմեն Ռուստամյանը նշեց այս ձեւաչափով հանդիպումների օգտակարությունը համագործակցության հետագա ռազմավարությունը ուրվագծելու համար` լինի դա քաղաքական, թե արտաքին տնտեսական ոլորտներում: ործընկերները զրուցեցին իրենց   ղեկավարած հանձնաժողովների գործառույթների, գործունեության դաշտի, խնդիրների մասին: Մասնավորապես տեղեկություններ փոխանակեցին  պայմանագրերի վավերացման գործընթացի, գործադիր իշխանության հետ  հարաբերությունների եւ վերահսկողության վերաբերյալ:
  
Հյուրերը հետաքրքրված էին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, մասնավորապես Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների հետագա ընթացքով: Պրն Ռուստամյանը` որպես ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ, մտահոգություն հայտնեց ստորագրված փաստաթղթում տեղ գտած ձեւակերպումների վերաբերյալ, թեեւ նշեց, որ ընդհանուր առմամբ կողմ է սահմանների բացմանը առանց նախապայմանների:

Հանդիպման ավարտին նիդեռլանդցի խորհրդարանականը նկատեց, որ սահմանների բացումը երկու կողմերի խնդիրն է, թեեւ  այն օգտակար կլինի ինչպես երկու երկրների, այնպես էլ Եվրամիության համար:

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Մնացականյանը, հանձնաժողովի անդամներ Վոլոդյա Բադալյանը եւ Արամ Սաֆարյանը նույնպես հանդիպեցին Նիդեռլանդների պատվիրակության ներկայացուցիչների հետ:

Հյուրերը հետաքրքրված էին Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության, թրաֆիքինգի դեմ պայքարի խնդիրներով:

Հանձնաժողովի անդամները մանրամասն ներկայացրին թրաֆիքինգի դեմ պայքարի ուղղությամբ կատարված աշխատանքը` նշելով, որ  մարդկանց շահագործման կանխումը պետության ուշադրության կենտրոնում է: Արձանագրվեց, որ Հայաստանը նախկին ՍՍՀՄ պետություններից պարտադրված թրաֆիքինգի հարցում ամենացածր ցուցանիշն ունի, նաեւ ազգային ծրագիր է մշակվել` այդ երեւույթի դեմ վճռականորեն պայքարելու համար:  Պետությունը այս հարցում համագործակցում է ինչպես պետական մարմինների, այնպես էլ ՀԿ-ների եւ միջազգային կազմակերպությունների հետ:

Մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում խոսվեց 2008 թ. մարտիմեկյան իրադարձություններից: Հանձնաժողովի անդամները տեղեկացրին, որ մարտիմեկյան ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ներկայացրած եզրակացությունը մեղմել է 2008 թ-ին ստեղծված լարվածությունը եւ մարտի մեկը` որպես քաղաքական ողբերգություն, հասարակության շրջանում գրեթե հաղթահարված է: Նշվեց, որ թեեւ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կատարվել են առաջընթաց քայլեր, սակայն հանձնաժողովն ակտիվ աշխատում է մարդու իրավունքները եւ հիմնարար ազատությունները առավել պաշտպանված դարձնելու ուղղությամբ:

Հանդիպմանը քննարկվեցին այլ հարցեր եւս:


15.05.2024
ՀՀ ԱԺ պատվիրակությունը Տիրանայում մասնակցել է ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի լիագումար նիստին
Մայիսի 13-15-ն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր վեհաժողովի 63-րդ լիագումար նիստը: Աշխատանքներին մասնակցել են ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ...

15.05.2024
ԱԺ պատգամավորներն այցելել են Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղ
Խմելու ջրի բացակայությանը, գազաֆիկացմանը, գյուղական ճանապարհների վիճակին վերաբերող եւ այլ խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Մարինա Ղազարյանն ու Տիգրան Պարսիլյան...