Տպել
19.10.2009
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում

Հոկտեմբերի 19-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Դավիթ Հարությունյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկեց ԱԺ պատգամավորներ Սամվել Նիկոյանի եւ Արտյուշ Շահբազյանի հեղինակած «ՀՀ վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Պարոն Շահբազյանը նշեց, որ օրինագծի նպատակն է պարտավորեցնել վերահսկիչ պալատին  վերահսկողության ընթացքում քրեաիրավական բնույթի կասկածներ լինելու դեպքում կազմած  արձանագրությունները եւ ընթացիկ հաշվետվությունները վերահսկիչ պալատի խորհրդի որոշմամբ պարտադիր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն:

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Գալուստ Սահակյանի, Ռաֆիկ Պետրոսյանի, Վարդան Բոստանջյանի, Արամ Սաֆարյանի եւ Լարիսա Ալավերդյանի օրենսդրական նախաձեռնությունը քննարկվեց առաջին ընթերցմամբ: Ռաֆիկ Պետրոսյանը նշեց, որ օրինագիծը մշակվել է ՀՀ սահմանադրական դատարանի 2009թ. հուլիսի 28-ի ՍԴՈ-818 որոշմանը համապատասխան: Օրենսդրական փոփոխությունը նպատակ ունի վերացնել քաղաքացիական դատավարության եւ քրեական դատավարության օրենսգրքերի նորմերի միջեւ եղած հակասությունը` ապահովելով մարդու իրավունքների ու ազատությունների դատական արդյունավետ պաշտպանություն, դատարանի հայեցողական լիազորության իրավաչափ եւ օրինական իրականացում, խախտված իրավունքների վերականգնում:

«ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Արա Նռանյանի, Լիլիթ Գալստյանի եւ Արտյուշ Շահբազյանի հեղինակած օրինագիծն առաջին ընթերցման ընթացակարգով քննարկվեց: Արա Նռանյանը տեղեկացրեց, որ քրեական օրենսգիրքը դատարանի, դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի, մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը ցանկացած ձեւով միջամտելու եւ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար նախատեսել է պատիժներ, մինչդեռ փաստաբանի գործունեությանը միջամտելու համար որեւէ պատիժ նախատեսված չէ: Չկա սահմանված պատասխանատվություն, որով փաստաբանը պաշտպանված զգա իրեն: «Փաստաբանության մասին» օրենքի 19-րդ հոդվածում սահմանվում է, որ փաստաբանը պարտավորվում է չհրապարակել փաստաբանական գաղտնիքը` բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: Այս համատեքստում փաստաբանը իրավունք ունի տեղեկություններ տարածելուց հրաժարվել, իսկ համապատասխան իրավասու մարմինները իրավունք չունեն այն հարկադրել փաստաբանին: Օրենսդրական փոփոխությունները միտված են վերոնշյալ խնդիրների կարգավորմանը:

Քննարկված օրինագծերի վերաբերյալ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց` աշնանային նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերում ընդգրկելու համար:
 
«ՀՀ քաղաքացիական հատուկ ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրինագծի քննարկումը հետաձգվեց մինչեւ 30 օրով:

«Մշտադիտարկում (մոնիթորինգ) իրականացնող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» Վահան Հովհաննիսյանի, Արծվիկ Մինասյանի, Արտյուշ Շահբազյանի եւ Արմեն Ռուստամյանի ներկայացրած որոշման նախագիծը շրջանառության մեջ դնելը, ըստ Արծվիկ Մինասյանի, նպատակ է հետապնդում իրականացնել 2008 թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած  իրադարձությունների եւ դրանց պատճառների վերաբերյալ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության առաջարկները: Ստեղծվող ժամանակավոր հանձնաժողովը հնարավորություն կունենա իրականացնելու եզրակացությամբ ներկայացված առաջարկների կատարման ընթացիկ մոնիթորինգը եւ ՀՀ ԱԺ-ին, նաեւ հանրությանը ներկայացնելու  լիարժեք տեղեկատվություն:

Հանձնաժողովում քննարկվեց ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանի հեղինակած «2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» որոշման նախագիծը:

Քննարկված երկու որոշումների նախագծերի վերաբերյալ հանձնաժողովը որոշեց չտալ դրական եզրակացություն:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվեցին եւ հանձնաժողովի դրական եզրակացությանն արժանացան ՀՀ կառավարության ներկայացրած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» Դավիթ Հարությունյանի հեղինակած օրինագծերը: